Հոկտեմբերի 31-ին Մարտունիի դիրքերում թշնամու դիպուկահարի կրակոցից զոհվել է 18-ամյա Հայկ Թունյանը: Նրա հուղարկավորության օրը ընտանեկան ողբերգությունը կրկնապատկվել է: Սիրելի թոռան մահվան լուրին չդիմանալով` մահացել է նրա պապիկը: Պապ ու թոռ այժմ ննջում են կողք-կողքի:  

«Երբ պապիկը զգաց, որ էրեխեն չի զանգում, սկսեց ծանր տանել, չէր ուտում, անընդհատ պառկել էր ուզում: Երբ դեպքի մասին իմացավ, ինսուլտ խփեց, անկողնային դարձավ: Բայց դեռ հույս ուներ, որ Հայկը կարող է գերի ընկած լիներ, կամ վիրավոր լիներ: Հենց ասեցին, որ զոհվել է ու բերում են` մահացավ»,-պատմում է Հայկի մայրը:

Նա հիշում է, որ որդին բանակ էր մեկնում բարձր տրամադրությամբ: 

«Պատերազմի ժամանակ ինքը մեզ էր ասում` դուք լավ եղեք, մենք էստեղ ենք, դուք չվախենաք»։

Լիանա Մեժլումյանը վերջին անգամ որդու հետ խոսել է հոկտեմբերի 29-ին. «Էլի լավ էր խոսում: Երբեք ինքը չի տրտնջացել: Բայց որ երկու անգամ զանգեց, ես անհանգստացա: Հարցրի` Հայկ ջան, հո բան չի պատահել, ասեց` չէ, ասեցի` պապային էլ զանգեմ: Ասում են, էդ օրը շատ ուժեղ կռիվ է եղել, առավոտյան ժամից, մինչեւ երեկո: Իմ երեխան զոհվել է 15:30-ին»։

Մայրը օրերով չի հեռացել հեռուստացույցի դիմացից, սպասել է որեւէ նորության. «Լուրերով ասեցին, որ Մարտունիում վիճակը լարված է, այդ պահից ես արդեն չկայի:  Մեկ օր, երկու օր երեխան չզանգեցու հետո…»։ Որդու ճակատագրի մասին ծնողները իմացել են նրա հրամանատարից` այցելելով նրան զինվորական հոսպիտալ:

Հայրը պատմում է, որ անձամբ է գնացել Ստեփանակերտ` որդուն գտնելու:  «Ամբողջ Նորագավիթը գիտեր եղածի մասին, միայն մենք չգիտեին: Ինքը ուժեղ տղա էր, մեր բոլոր էրեխեքը էդպիսին են եղել, 18-19 տարեկանները: Ինչ արել են, հենց իրանք են արել… Զորքը շարել են, ասել են` ով ա ուզում կամավոր գնա դիրքեր, ուժեղ կռիվ ա գնում, Հայկիս պես մոտ երեսուն հոգի գնացել են: Երեսունից երեւի մի քանի հոգին են փրկվել… թշնամին շատ շատ ա եղել, մրջյունի պես վրա են տվել էրեխեքի վրա…Մահապարտի պես կռվել են: Հենց իրենց պետք է պահեին, որ հետո, երբ որ պետք լիներ բանակը շարունակեր, հենց իրանք շարունակեին: Կոպիտ ասած, դեռ բերանների կաթը չչորացած, էրեխեքին հանեցին դիրքեր…դեռ չորս ամիսը չէր լրացել ծառայության… ու նրա նման տեսեք, թե քանի հազար: Հանել են դիրքեր, տեղանքին լավ ծանոթ չեն եղել, չգիտեն, թե կռիվը ինչ բան է: Էդպիսի բան չպետք է լիներ: Պետք է պահեին իրանց, ոչ թե հանեին: Ափսոս էին էրեխեքը: Բոլոր զոհված տղերքը»,- ասում է Հայկի հայրը`   Կարեն Թունյանը:

Մայրը պատմում է, որ Հայկը բանակ մեկնելուց առաջ հարազատներից մեկ շիշ գինի ստացավ, որը խոստացավ բացել զորացրվելու օրը: Շիշը այլևս երբեք չի բացվի և կմնա Հայկի մասին պատմող հիշատակ:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest