Հատուկ քննչական ծառայությունը նորից կասեցրել է 2016-ին Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնության գործով նախաքննությունը։ ՀՔԾ-ն այս անգամ էլ չի կարողացել հայտնաբերել մեղադրյալ ներգրավելու ենթակա անձանց։

Սարի թաղում ոստիկանական գործողություններից տուժած լրագրողների շահերը ներկայացնղ փաստաբան Կարեն Տոնոյանը մանրամասնեց, որ գործով քննիչ Բեգոյանը որոշումը պատճառաբանել է այն հիմնավորյմամբ, որ այս մաբողջ ժամանակահատվածում կատարվել են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները և հնարավոր չի եղել պարզել որպես մեղադրյալ ենթակա ներգրավման անձանց ինքնությունը․

«Մենք այս կասեցումն ավելի շատ ընկալում ենք, որպես գործի վարույթիկ կարճում։ Քանի որ եթե ակտիվ նախաքննության փուլում չկարողացան հայտնաբերել որպես մեղադրյալ ներգրավելու ենթակա անցանց, ապա կասեցման փուլում ընդհանրապես չեն կարողանա դա անել»,-նկատում է փաստաբանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ ՀՔԾ-ն 2016 թվականից ի վեր լուրջ չի վերաբերվել Սարի թաղում տուժած լրագրողների գործին և որևէ նպատակ չի ունեցել մինչև վերջ բացահայտել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել․

«Ավելի շատ այս գործընթացը իմիտացիոն բնույթ էր կրել և առաջին ամիսների որոշ մարդիկ ենթարկվեցին պատասխանատվության, բայց մենք գիտենք, որ այդ որոշումներն, այդ թվում հատուկ միջոցների կիրառմանը, ընդունել են շատ բարձր ոստիկանական ատյաններ։ Ես ավելի քան համոզված եմ, որ այդ գործողությունները համաձայնեցված են առաջին դեմքերի հետ»,-ասաց Աշոտ Մելիքյանը, մանրամասնելով, որ հենց դա էր պատճառը, որ նախորդ իշխանությունների օրոք արդեն երևաց, որ շատ ֆորմալ մոտեցում է ցուցաբերվում սույն գործին։

«Այն տվյալները, որոնք կան համացանցում, և այն  նյութերը, որոնք ունեն լրագրողները, թույլ են տալիս շատ հստակ հայտնաբերելու բոլոր մեղավորներին ու ենթարկելու պատասխանատվության։ Ցավոք, այդ գործը այդպես էլ առաջ չգնաց, և այս գործընթացը արդեն ինձ հիշեցնում է պինկ-պոնգ՝ իրենք կասեցնում են, հետո գործը գնում է դատարան, դատարանի որոշումից հետո ՀՔԾ-ին պարտադրում են վերաբացել ու շարունակել քննությունը, իսկ ՀՔԾ-ն վերաբացելուց հետո նորից քնացնում է գործը, չի հայտնաբերում որևէ  մեղադրյալի ու կասկածյալի ու նորից կասեցնում է գործի քննությունը»։

Աշոտ Մելիքյանը տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ Հեղափոխությունից հետո էլ նույն մոտեցումը ցուցաբերվեց այս գործին։

«Ե՛վ նախքաննություն վարողները, և՛ նրանց ղեկավարները նույն մարդիկ են և նույն համակարգի աշխատողներ են, ուստի այս մոտեցումը կարծես թե կանաչ լույս է վառում հետագայում նման գործողությունների կրկնության համար»,-նկատեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

Ոտքի շրջանում վնասվածք ստացած լրագրող Ռոբերտ Անանյանը ՀՔԾ-ի՝ գործի կասեցման որոշումը ծաղր է որակում լրագրողների նկատմամբ։ Նրա խոսքով՝ այս ծաղրի հեղինակ քննիչ Բեգոյանը իրականում թաքցնում է Սարի թաղի հանցագործներին՝ Լևոն Երանոսյան, Վովա Գասպարյան, Սերժ Սարգսյան։ «Չգիտեմ՝ կա՞ կոռուպցիա, թե՞ հին կապերն են գործում, բայց փաստը սա է՝ արյունալի ահաբեկչության գործով չկան մեղադրյալներ։ Բեգոյանը մինչև հեղափոխությունը կեղծել է Սարի թաղի գործը, իսկ 2018-ից հետո, ըստ այս իշխանության տրամաբանության, պետք է ինքնաբարեփոխվեր և բացահայտեր հանցագործությունը, որն ինքն ու ՀՔԾ-ի իր կոլեգաներն են պարտակել 2016-ից սկսած։ Այսինքն՝ հեղափոխական արժեքներով «սնված» քննիչը պետք է ինքն իրեն հերքի, գործը քննի հակառակ ուղղությամբ»,- գրել է Անանյանը՝ հավելելով, որ ցավալի փաստն այն է, որ այս իշխանությունը ունակ չեղավ վերականգնել արդարության բացը և արդարադատությունը դարձնել հրամայական։

«Անգործությունը հիմնավորող դատարկ պատճառաբանություններ կարելի է բերել անվերջ, բայց իրականությունը դրանից չի փոխվում»,- եզրափակեց լրագրողը։

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո՝ 2018-ին, ևս ՀՔԾ-ն կասեցրեց այս գործի քննությունը նույն հիմքով, ինչը հարուցել էր գործով անցնող լրագրողների վրդովմունքը, և նրանք դիմել էին դատարան, բողոքարկել, որ գործը կասեցումից հանվի։ Դատարանը բավարարել էր լրագրողների պահանջը, ՀՔԾ-ն գործի քննությունը կասեցումից հանել էր և շարունակել քննությունը, սակայն երկու տարի անց կրկին նույն որոշումն է կայացվել։ Նշենք, որ այս գործով ավելի քան 10 լրագրող է անցնում տուժողի կարգավիճակով։  2016-ին Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին հիմնականում քաղաքացիական հագուստով անհայտ անձինք հարձակվել էին Սարի թաղում բողոքի ակցիան լուսաբանող ցուցարարների և լրագրողների վրա: Ոստիկանների արձակած լուսաձայնային նռնակներից վնասվածքներ էին ստացել տարբեր քաղաքացիներ, այդ թվում՝ լրագրողներ։

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest