«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Գլխավոր դատախազություն, այսօր հաղորդում է Քննչական կոմիտեն։

«Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը», — ասված է հաղորդագրությունում։ — «Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ»։

Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը», և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Մարտի 9-ին մեղադրանքը լրացվել է՝ փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս, ըստ Քննչական կոմիտեի, պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր:

Փետրվարի 20-ին Երևանի Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին Մանուկյանը հայտարարել էր՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: «Ցանկացած պահ` դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը», — ասել էր նա:

Փետրվարի 26-ին էլ Բաղրամյան պողոտայում կայացած հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու վարչապետի առաջարկին, ասել էր, որ եթե բանակը ոտքի չկանգնի, իրենք պետք է կանգնեցնեն. — «Բանակը հեշտությամբ կենթարկվի՞, որ իր ղեկավարին հանում են, ոչ, բանակը կընդվզի: Ես կոչ եմ անում, որ ընդվզի: Եթե բանակն ուժեղ կանգնած է, ոստիկանությունը չի կարող թփրտալ»:

Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest