Մինչև շաբաթավերջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի Ադրբեջանում պահվող հայ գերիներին առնչվող օրինագիծ, որի հեղինակը Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբն է։ Այդ մասին «Ազատության»-ը հայտնեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

Բանաձևով կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփեյերը, Դևիդ Վալադաոն և Ֆրենք Փալոն-կրտսերը կոչ են անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել գերեվարված ավելի քան 200 հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, որոնց թվում նաև կանայք են։

«Այս հաջորդ մի քանի օրերի ընթացքում բանաձևը կներկայացվի տարբեր կոնգրեսականների, որպեսզի իրենք զորակցեն և բանաձևն ավելի մեծ թվով զորկացողներով ներկայացվի Ներկայացուցիչների տուն: Պետք է աշխատանք տարվի այս բանաձևի վերաբերյալ զորակցությունն ընդլայնելու համար», — ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակը։

Բանաձևում շեշտվում է՝ չնայած նրան, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարությամբ պարտավորվել է վերադարձնել ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց, ավելի քան100 օր անց էլ, սակայն, շարունակում է իր մոտ պահել ավելի քան 200 հայ ռազմագերիների և քաղաքացիականների։ Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը նույն պարտավորությունն ունի նաև Ժնևի կոնվենցիայով:

Էլիզաբեթ Չուլջյանի խոսքով՝ հայ գերիների վերաբերյալ օրինագիծն ուղերձ է Ադրբեջանին, որ հայ գերիների խնդրի լուծումը նաև Միացյալ Նահանգների օրակարգում է։

«Սա շարունակական աշխատանք պետք է լինի, պետք է հարցը բարձրացվիա ամենաբարձր մակարդակի վրա՝ կլինի միջազգային Կարմիր խաչի հետ, Միսնկի խմբի համանախագահների հանդիպումների ընթացքում։ Սա ևս մեկ հստակ ազդանշան է Ադրբեջանի կառավարությանը, որ ռազմագերիների հարցը չեն կարող մի կողմ դնել», — ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակը։

Կոնգրեսականներն իրենց հեղինակած բանաձևով ԱՄՆ Պետդեպարտամենտին էլ հորդորում են բոլոր մակարդակներում գործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները, որոնք ստանձնել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և միջազգային իրավունքով, և ազատ արաձակի հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։

Բանաձևում հղում է արվում նաև միջազգային հեղինակավոր կառույցների զեկույցներին, որոնցում արձանագրվել է, որ ադրբեջանական կողմը հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորել, արձանագրվել են բռնության, գլխատման, աճյունների պղծման դեպքեր։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest