Խորհրդարանի հերթական նիստում այսօր ևս քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրության հարցը, որից հետո եղավ փակ-գաղտնի քվեարկություն:

Ազգային ժողովի հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց փակ-գաղտնի քվեարկության արդյունքները:

Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 36-ը, որից անվավեր է ճանաչվել 8 քվեաթերթիկ:

Թեկնածուներից Սամվել Գրիգորյանը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, նրա օգտին քվեարկող չի եղել, Արմեն Հայկյանցի օգտին քվեարկել է 13, Արսեն Մկրտչյանի օգտին՝ 15 պատգամավոր:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5 կողմ ձայներով, հետևաբար որոշումը չի ընդունվել:

Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, քանի որ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, հետևաբար պատգամավորները պետք է ընտրություն կատարեին մյուս երկու թեկնածուների միջև:

Շուրջ երեք օր տևած քննարկումներում, սակայն, քաղաքական մեծամասնության պատգամավորները խոսում էին միայն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նոյեմբերի 15-ի ուղերձից՝ պնդելով, որ նա քաղաքական հայտարարություն է արել: Քվեարկությունից առաջ էլ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց՝ քվեարկությանը չեն մասնակցելու՝ այդ կերպ ցույց տալով իրենց վերաբերմունքն առ ԲԴԽ նախագահ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest