«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող 56-ամյա դատապարտյալ Վազգեն Խաչատրյանի առողջական վիճակը պատժի կրման 9 տարիների ընթացքում վատացել է։ Դեռ 2012 թվականին՝ դատավճռի ուժի մեջ մտնելու ժամանակ, Վազգենը ֆիզիզկապես վատառողջ էր, ուներ շաքարային դիաբետ, այսօր՝ վիճակն էլ ավելի է ծանրացել։

Ի հակադրումս այս ամենի, արդեն երկրորդ անգամ դատարանը մերժում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել դատապարտյալին, չնայած այն հանգամանքին, որ Խաչատրյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, 3-րդ կարգի հաշմանդամ է, իսկ պատժի ժամկետի մեկ երրորդ մասը դեռ նախորդ տարի է լրացել։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը Forrights-ի գրավոր հարցմանն ի պատասխան ներկայացրել էր դատապարտյալի առողջական բազում խնդիրները։ Մասնավորապես, Վազգեն Խաչատրյանի մոտ ախտորոշվել է հարմարվողականության, անձի օրգանական էմոցիոնալ անկայուն խանգարում, փսիխոգեն հիպերկինեզներ, ձախակողմյան աճուկային ճողվածք և լյումբալգիա։ Դատապարտյալը ստանում է դեղամիջոցներ, որոնք նշանակվում են ոչ միայն բժշկի, այլև հոգեբույժի կողմից։

Վազգենը, թեև իր հիվանդությունների անվանումները հստակ չգիտի, սակայն կարողանում է նկարագրել ցավի նոպաները․

«Ցնցումներ եմ ունենում պարբերաբար, ոնց որ ցավը վերցնի ու ինձ շպրտի մի կողմ։ Պահ ա լինում՝ գլուխս եմ խփում, մեկ ոտքս եմ հարվածում, ձեռքս․․․Ասում են՝ օրգանի խանգարում ունեմ, բայց թե էդ որն ա, չգիտեմ»,- Forrights-ի հետ զրույցում նշում է դատապարտյալը։

Դատարանը, սակայն, առողջական խնդիրներն առաջինը դիտարկելու փոխարեն, որոշման հիմքում դնում է վաղաժամկետ ազատ արձակման բալային համակարգը, ըստ որի Խաչատրյանը չի հավաքում անհրաժեշտ 28 միավորը։ Իր հերթին բացասական բնութագիր է ներկայացնում Պրոբացիոն ծառայությունը․

«Պրոբացիան գալիս խոսում ա հետս, տեսնում ա, որ անգամ ոտքի վրա նորմալ քայլել չեմ կարողանում, ասում ա՝ կարա՞ս պատ շարես, որ բնութագրիդ մեջ նշենք՝ զբաղվածություն ունի, աշխատում ա․․․ոնց որ ձեռ առնի, հաշվի չեն առնում իմ առողջական վիճակը։ Դատարանն ասում ա՝ բժիշկները պետք ա քեզ ազատեն, իրենք  էլ թե բա՝ մենք հո դատավոր չենք քեզ բաց թողնենք, դատարանը չի՞ տեսնում քո առողջական վիճակը։ Այ սենց թատրոն էլի, իրար վրա են գցում»,- վրդովվում է դատապարտյալը։

Իրավիճակի ծայրահեղությունից ելնելով, Վազգենը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, խնդրելով օգնել իրեն դուրս գալ անելանելի վիճակից։ Նամակն այս պահին քննության փուլում է։

Դատապարտյալն իր խնամքին ունի որդի, ով այս պահին ծառայում է ՀՀ զինված ուժերում։ Տղան անցել է նաև Արցախյան երկրորդ պատերազմի միջով, ուստի այս պահին ծնողական հոգատարության և հոգեբանական աջակցության կարիք ունի, ինչն անհնարին է դառնում անազատության պայմաններում․

«Ես՝ հեչ, գոնե երեխուս համար ես պետք ա ազատության մեջ լինեմ»։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest