ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագծին:

Անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի և Վարդան Աթաբեկյանի ներկայացրած նախագիծը հանձնաժողովի փակ նիստում ենթարկվել է որոշ փոփոխությունների:

«Սա լրամշակված, վերջնական տարբերակն է: Բոլոր առաջարկները, որոնք արվել են Արտաքին գործերի նախարարության կողմից, մենք ընդունել ենք»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Նախագծով առաջարկվում է դատապարտել Ադրբեջանի կողմից իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման միջազգային մարդասիրական գործընթացի և միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված դրույթների կոպիտ խախտումն ու ոտնահարումը, ինչպես նաև միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը վերստին հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վրա, հասնել միջազգային հանրության դատապարտող հայտարարություններին Ադրբեջանի նկատմամբ:

Հայտարարության ընդունմամբ ակնկալվում է միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացը կյանքի կոչելուն:

Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագիծը հանձնաժողովի նիստում արժանացավ միաձայն դրական եզրակացության:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest