«Ես չեմ կարող կեղծիքն ընդունել, ինքս պայքարել եմ, ապստամբել եմ այդ կեղծիքները մաքրելու համար։ Մենք դեռևս անելիքներ ունենք, որպեսզի վերջնական արդարությունը հաստատվի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատարանի դահլիճից ազատ արձակված «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը։

Դատարանը՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, անակնկալ վճիռ կայացրեց Բիլյանի մասով՝ որոշելով արդարացնել ամբաստանյալին՝ Գագիկ Մկրտչյանի սպանության մեղսագրված արարքի կատարմանը վերջինիս մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով: Ավելին, դատարանը որոշում կայացրեց փոփոխել նրա խափանման միջոց կալանքը՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Նա ազատ արձակվեց հենց դատարանի վճռից րոպեներ անց։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Բիլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը), 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Նրան վերջնական պատիժ նշանակվեց 4 տարի 11 ամիս ժամկետով: Արմեն Բիլյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացվեց մինչև դատավճռի ուժի մեջ մտնելը:

Նշենք, որ դատախազությունը Բիլյանի համար 21 տարի ազատազրկում էր պահանջել։

Չնայած դատավճռին, խմբավորման անդամը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պատրաստվում է բողոքարկել պատժաչափը․

«Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք պայքարել են իմ արդարության ու ազատության համար։ Պայքարն առջևում է»,- նշեց Արմեն Բիլյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest