«Զորամասում չկան մեր անունները, ո՞ւր են մեր զինվորական գրքույկները։ Որևէ տեղ որևէ փաստաթղթում չի երևում, որ մենք պատերազմի մասնակից ենք եղել»,- այսօր պաշտպանության նախարարության մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց  ՄՈԲ զորքերի կազմում  արցախյան պատերազմին մասնակցած Հովհաննես Շահբազյանը։ Նա լրագրողներին ցույց  տվեց լուսանկարներ, որոնք արվել են Արցախում պատերազմի օրերին։

 Նրա մարտական ընկերները ևս ՊՆ-ի դիմաց էին։  Հովհաննեսը նշեց՝   իր մարտական ընկերներից ոմանք արդեն հոգնել են դռնեդուռ ընկնելով  ու ակնկալելով, որ վերջապես իրենց զինգրքույկները կգտնվեն   կամ փաստաթղթավորում կիրականացվի,  փաստաթղթեր կլինեն, որոնք կվկայեն՝ իրենք պատերազմի մասնակից են եղել։ Ակցիայի մասնակիցներն  ասացին՝ արդեն իսկ դիմել են պատկան մարմիններին, բայց պատասխան չեն ստացել, ուստի որոշել են իրենց ձայնը բողոքի ակցիայի միջոցով լսելի դարձնել։

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի  բնակից Հովհաննես Շահբազյանը նշեց՝ իր ջոկատի հետ զինկոմիսարաիտում գրանցվելուց հետո  հոկտեմբերի 2-ին մեկնել է Արցախ, որտեղ մի քանի զորամաս տեղափոխելուց հետո  տեղակայվել են «Մարտունի-3» զորամասում։ Իրենց դիրքը հակառակորդից  ընդամենը 25 մետր հեռավորության վրա էր: Նրաք առաջնագծում են եղել մինչև նոյեմբերի 10-ը:

«Մենք Դրագունովի դիպուկահար հրացան չենք ունեցել։ Անընդհատ պահանջել ենք, որ մեզ զենք տան,  ի վերջո կռվով-դավով մեզ տրամադրել են  գնդացիր և նռնականետեր։ Մասնագետ էլ չկար։ Մենք բոլորս հրաձիգ էինք։  Կար մարդ, որը 15 տարի  զենքով չէր կրակել։   Ասացինք՝ գոնե փորձնական  կրակենք,  բայց մեզ ասացին՝   ձեզ համար լավագույն մեշենը թուրքն է, իրենցից բացի՝ ուրիշ մեշեն չենք կարող առաջարկել», —  պատմեց  Հովհաննեսը՝ նշելով, որ անմարդկային պայմաններում օրեր են անցկացրել Արցախում՝ մահն իրենց առաջ է եղել,  քնել են հատակին, 15 հոգանոց բլինդաժում քնել են 40 հոգով, բայց ամեն ինչի վրա աչք են փակել ու պայքարել։  Միայն թե, այժմ այս անտարբերությունն այլևս անտանելի է։

Հովհաննեսն ու իր մարտական ընկերները իրենց զինգրքույկները Արցախում գումարտակը կազմավորելիս հանձնել են համապատասխան մասնագետներին, և մինչև օրս այդ զինգրքույկները չկան։

Forrights.am-ի հետ զրույցում Հովհաննեսը պատմեց՝ պատերազմի ընթացքում մեջքի շրջանում վնասվածք է ստացել, բայց քանի որ որևէ փաստաթղթով չի փաստարկվում իր՝ պատերազմին մասնակցած լինելու հանգամանքը, նոյեմբերի 13-ից հետո՝ Հայաստան վերադառնալով՝ բուժզննություններ է անցել, ապա բուժծառայությունների համար հենց ինքն է վճարել։

Հովհաննեսն ու իր մարտական ընկերներն այս ընթացքում պարբերաբար զանգահարել  են այն զորամասերը, որտեղ գտնվել են պատերազմի ժամանակ, բայց  իրենց անունները  փաստաթղթերում չկան։  Հովհաննեսը լրագրողների ներկայությամբ զանգահարեց տվյալ զորամաս․ հեռախոսին պատասխանող աշխատակիցը փաստեց, որ Հովհաննեսի ու նրա մարտական ընկերների տվյալները գրանցված չեն իրենց   զորամասում առկա փաստաթղթերում։

Նոր Հաճն համայնքի բնակիչ Վահրամ Խաչատրյանը, որը  հոկտեմբերի երկուսից մինչև ռազմական գործողությունների ավարտը  եղել է Արցախում ու մասնակցել ռազմական գործողություններին,  դարձյալ նույն խնդրի առաջ է կանգնել։

«Ես նոյեմբերի 18-ին  եմ Արցախից վերադարձել ու մինչև այսօր  ո՛չ մեր զինգրքույկները կան, ո՛չ մեր անունները որևէ տեղ կան, ո՛չ էլ որևէ ֆինանսական աջակցություն ենք ստացել։ Մի օր մեր անունները  անհետ կորածների ցուցակներում էլ կգրեն․ չեն զարմանա, որ դա էլ լինի։ Մենք մեր զինկոմիսարիատներում արդեն իսկ մեկ ամիս առաջ դիմումներ գրել ենք, բայց 10-15  օր հետո մեզ ասում են՝  ձեր դիմումները ուղարկել ենք Արցախի ՊԲ հրամանատարին ու նրա պատասխանին ենք սպասում, և մինչև այսօր այսպես  սպասում ենք։ Ասկերանի շրջանում՝ Այգեստանում (Բալուջա) մեր զինգրքույկները հավաքեցին, մեզ դասակի հրամանատար նշանակեցին։ Իրեն զանգում ենք, ասում է՝  զինգրքույկները հանձնել   է  այս ինչ մարդուն, նրան էլ զանգում ենք՝  ասում է՝ ես ոչ մի բանից տեղյակ չեմ, էդ հարցերով ինձ մի՛ զանգեք», —  պատմեց Վահրամ Խաչատրյանը։

Նրա տեսողությունը պատերազմի ընթացքում սկսել է խանգարվել։ Արցախից վերադառնալուց հետո Վահրամ Խաչատրյանը մոտ 100 հազար դրամ է վճարել    դեղորայքի ու ճանապարհածախսի համար,  պետությունը դարձյալ որևէ կերպ չի աջակցել։

 Ի վերջո  ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում ակցիայի մասնակիցներին հաջողնեց ՊՆ ներկայացուցիչների  զրուցել։ Վերջիններս ակցիայի մասնակիցներին ուղղորդեցին   կենտրոնական զինկոմիսարիատ։

Կոնտրոնական զինկոմիսարիատում ակցիայի մասնակիցներից երեքին ընդունեց Զոհահավաքային վարչության պահեստազորային, շարքային և ենթասպայական կազմի, քաղաքացիների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժնի պետ, փոխգնդապես Դավիթ Զարգարյանը։

Մոտ քսան րոպե տևած հանդիպումից հետո  ակցիայի մասնակից Վահրամ Խաչատրյանը լրագրողներին պատմեց՝ փոխգնդապետ Զարգարյանն ասել է՝ անհրաժեշտ  է ներկայացնել բոլոր տղաների անունները, ապացուցողական փաստերը, նյութերը, որոնք վկայում  են, որ  իրենք մասնակցել են պատերազմին։

«Այնուհետև պետք է դիմում գրենք ու ուղարկենք երեք ուղղությամբ՝  ՀՀ  պաշտպանության նախարարին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին և Արցախի պաշտպանության բանակի հրամանատարին։ Դրանից  հետո շատ կարճ ժամանակամիջոցում իրենք այս հարցին լուծում կտան», —  ասաց Վահրամ Խաչատրյանը՝  հավելելով՝ կենտրոնական զինկոմիսարիատից իրենց մեծ հույսեր են տվել, ասել են՝ լավ կլինի։

Հասմիկ Բալեյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest