/Forrights.am-ի հոդվածի հետքերով/

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը կարճել է Մատաղիսի զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանին առնչվող քրեական գործը և որոշում է ընդունել վերջինիս քրեական հետապնդման չենթարկելու վերաբերյալ: Այս թեմային Forrights.am-ը անդրադարձել էր  «Զինվորին առանց հացի ու ջրի պահել են նստարանի վրա՞. նոր քրեական դեպք Մատաղիսում» 2.09.2019 հրապարակման մեջ:

Զորամասի մեր աղբյուրը հայտնել էր, որ զորամասից ԱԿՄ տեսակի ինքնաձիգ է անհետացել, իսկ զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը կասկածներ է ունեցել, որ զենքը գողացել է ժամկետային զինծառայող, ներկայում զորացրված  Ս.Մ-ն:

 «Հրամանատարը որոշել է պատժել զինվորին, կիրառելով ստրկատիրական ժամանակներում  ընդունված պատժամիջոց: Երիտասարդին հրամայել են նստել զորամասի շտաբի առաջ՝ նստարանի վրա, զրկելով սնվելու և գիշերը քնելու հնարավորությունից: Ս.Մ-ն նստարանի վրա անցկացրել է 3 օր, մինչդեռ նրա զորացրման ժամկետը ավարտվել էր: Փաստորեն, այդ 3 օրը Ս.Մ-ին ապօրինաբար պահել են ծառայության վայրում:Զորամասի մեր աղբյուրից ստացված այս տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Ս.Մ-ի հետ: Նա Լոռու մարզից է, իսկ մինչև բանակում ծառայելը բնակվել է Գերմանիայում, Մակդեբուրգ քաղաքում: Ս.Մ-ն /Սերգեյ Մխոյան/ տհաճությամբ է հիշում հրամանատարի պատժի  մասին: Նա չհերքեց, որ նման դեպք է տեղի ունեցել, սակայն մանրամասները չցանկացավ հայտնել: Նա ասաց միայն, որ իրեն ոչ թե 3, այլ 7 օր ուշ են տուն թողել», — ասված է հոդվածում:

Տեղեկությունները ճշտելու համար դիմել էինք նաև զորամասի հրաձգային վաշտի այդ ժամանակ արդեն նախկին նռնակաձիգ Ս.Մխոյանի փաստաբանին և զորամասի հրամանատարին, հրապարակելով նաև վերջիններիս պատասխանները: Առաջինը տեղեկություն չուներ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառած պատժից, իսկ երկրորդը՝ գնդապետ Գյոզալյանը, ժխտել էր, որ նման բան է եղել:

Քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ս.Մխոյանին մեղադրանք է առաջադրվելՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով / «Զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքել հափշտակելը կամ շորթելը»/  և ՀՀ քրեական օրենսգրքի  235-րդ հոդվածի 1-ին մասով /«Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» վաշտի զինանոցից ԱԿՄ տեսակի ինքնաձիգ հափշտակելու, այն ապօրինի կերպով փոխադրելու և ապօրինի պահելու համար:

Մեր հոդվածում նկարագրված դեպքի առթիվ ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել մ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի առաջին մասով՝ իշխանությունը չարաշահելը , իշխանազանցութունը, կամ իշխանության անգործություն:

Դեպքի նախաքննությունը տեւել է մեկ տարի, քննիչները հարցաքննել են Ս.Մ-ին, գնդապետ Արմեն Գյոզալյանին, զորամասի զինվորներին: Ս.Մխոյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ իրեն նստարանի վրա 7 օր առանց հացի ու ջրի չեն պահել, որ նա այդ օրերին քնել է զորամասի ննջարանում և սնվել է ճաշարանում, ինչպես և մյուս զինվորները: Նույնը հարցաքննությունների ժամանակ պնդել են Մխոյանի ծառայակիցները: 

Քննիչի որոշման մեջ գրված է. «Քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՊԲ N զորամասի հրամանատար, գնդապետ Արմեն Մայիսի Գյոզալյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2019 թվականի հուլիսի 27-ին, պարտավոր լինելով իրականացնել շարքային Սերգեյ Մխոյանի զորացրումը, … խախտել է ԱՀ ՊՆ թիվ 0288 առ 10.06.2019թ-ի հրամանի պահանջները և պարտավոր լինելով Ս. Մխոյանի ծառայության օրացուցային ժամկետը լրանալուն պես՝ 2019 թվականի հուլիսի 27-ին, նրան արձակել պահեստազոր, կատարել է իշխանազանցություն, և Ս. Մխոյանին միայն 7 օր անց …զորացրել է և արձակել պահեստազոր, սակայ  դրա հետևանքով Ս. Մխոյանի իրավունքներին և օրինական շահերին որևէ վնաս չի պատճառվել»:

Այսպիսով, նախաքննության մարմինը որոշել է գնդապետ Արմեն Գյոզալյանի նկատմամբ չիրականացնել քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի առաջին մասով՝

իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը պետի, կամ պաշտոնատար անձի կողմից, եթե դրանք էական վնաս են պատճառել, արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Նշենք, որ հարցաքննությունների ժամանակ Սերգեյ Մխոյանը ունեցել է մեղադրյալի կարգավիճակ: Հետագայում Մխոյանի գործը մտավ դատարան: Սյունիքի դատարանը նրա համար մեղմ պատիժ ընտրեց՝ երեք ամսվա ազատազրկում, որը պայմանականորեն չկիրառեց, սահմանելով մեկ տարվա փորձաշրջան:

Դատարանը սահմանեց նաև «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը վերադարձնել ըստ պատկանելիության` ՊԲ N զորամասին:

 Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest