Վիրավորանքի ու զրպարտության համար սահմանված փոխհատուցման չափը խստացնելով` Ազգային ժողովը հերթական անգամ ընդունում է լրատվամիջոցներին վերաբերող օրենք, որը հիմնված չէ խորը ուսումնասիրության արդյունքների և փորձագիտական շրջանակների խորհրդատվության վրա, հայտարարում են մի շարք լրագրողական կազմակերպություններ:

Զրպարտություն և վիրավորանքի համար փոխհատուցման չափը խստացնող օրինագիծը, որի հեղինակը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ երեկ ընդունեց։ Մասնավորապես նախագծով վիրավորանքի համար առաջարկվում է 1 միլիոնի փոխարեն մինչև 5 միլիոն դրամ, իսկ զրպարտության համար` 2 միլիոնի փոխարեն մինչև 10 միլիոն դրամ փոխհատուցում։

Կազմակերպությունները հիշեցնում են, որ ավելի վաղ հայտարարել են, որ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերի շեշտակի բարձրացումը լուրջ սպառնալիք կդառնա ամբողջ ԶԼՄ ոլորտի համար, և դրանից կարող են տուժել ոչ միայն որոշ անպարկեշտ հարթակներ, այլև օրենքն ու մասնագիտական էթիկան հարգող լրագրողները։

«Առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծն առավել մտահոգիչ է այն իրողության ֆոնին, երբ տեղեկատվական ոլորտում առկա խնդիրների լուծումը փնտրվում է ռեպրեսիվ օրենսդրական փոփոխությունների և դրանց կիրարկման տիրույթում։ Դրա վառ օրինակներից է փետրվարի մեկից շրջանառության մեջ դրված «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների և լրացումների փաթեթը, որով նախատեսվում է արգելել հրապարակումներում անանուն աղբյուրներին հղում կատարելը, իսկ այդ արգելքը խախտելու համար կիրառել տուգանք՝ 500 հազար դրամի չափով, կրկնվելու դեպքում՝ 1 միլիոնի չափով», — հայտարարում են թվով 10 լրագրողական կազմակերպությունները` պահանջելով.

— Ազգային ժողովից՝ հետաձգել վերոհիշյալ օրինագծի երկրորդ ընթերցումն ու ընդունումը, նախաձեռնել բաց քննարկումներ ԶԼՄ-ներում տարածվող վիրավորանքի և զրպարտության խնդրի, դրան հակազդելու հնարավորությունների վերաբերյալ,

— ՀՀ նախագահից՝ ԱԺ կողմից տվյալ օրինագծի ընդունման պարագայում չստորագրել այն՝ վերաբերմունք արտահայտելով հետադիմական նախաձեռնության նկատմամբ,

— Պետական մարմիններից՝ լրատվամիջոցների հետ հաղորդակցությունը կառուցելիս ապահովել տեղեկատվության ազատության և հասարակության իրազեկ լինելու իրավունքների իրացումը,

— Միջազգային կազմակերպություններից՝ քննարկման առարկա դարձնել ՀՀ խորհրդարանի կողմից ԶԼՄ-ներին վերաբերող օրենքների ընդունման և այդ գործընթացում միջազգային նորմերի անտեսման խնդիրները, ինչպես նաև՝ իրավիճակը շտկելու միջոցներ կիրառել։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Pin It on Pinterest