Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով անցնող չորս ամբաստանյալների համար տուժող կողմը ցմահ ազատազրկում է պահանջում։

Կուրսանտի հայրը չի պատկերացրում ավելի դաժան սպանություն, քան որդունն էր:

«Իմ երեխեն զգացել ա, թե ոնց են իրեն դաժանորեն սպանել։ Հայկազիս ուզել են գցեն պատուհանից, հետո իր անունից նամակ են գրել, էդքանից հետո տարել կախել են։ Էս ամենը հերի՞ք չի, որ իրենց ցմահ հասնի։ Իրենք միայն Հայկազին չեն սպանել, իրենք մեր ընտանիքն են հաշմանդամ դարձրել»,- Forrights-ին հետ զրույցում որֆու մահն է կրկին վերապրում Արկադի Բարսեղյանը։

Որդու մահվանից շուրջ 6 տարի անց շարունակվող դատավարությունը նախորդ շաբաթ մտավ ճառերի փուլ։ Գրեթե չորս ժամ մեղադրական ճառից հետո, տուժող կողմի համար անսպասելի, մեղադրող դատախազ Հարությունյանը գործով անցնող ամբաստանյալներ Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի համար պահանջեց 20, իսկ Մովսես Ազարյանի և Նորայր Սահակյանի համար՝ 18 տարի ազատազրկում։

Փաստաբան Անի Թորոսյանը, թեև ձեռնպահ մնաց այս հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանությունից, սակայն նշեց՝ բոլոր դեպքերում չէր բացառում, որ դատախազությունն ավելի քիչ կպահանջեր․

«Ամբաստանյալներին առաջադրված հոդվածը՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5,7 և 10 կետերը նախատեսում են ցմահ ազատազրկում։ Մենք հենց ամենախիստ պատիժն ենք պահանջել, քանի որ ամենահնարավոր ու անհնարին դաժանությունն են կիրառել Հայկազի նկատմամբ, ուստի ցմահը լիովին համաչափ կլինի»,- նշում է փաստաբան Թորոսյանը։

Արկադիի համար ոչ միայն անհասկանալի էր, այլև վրդովվեցնող դատախազների պահանջը։ Հոր խոսքով՝ այդքան տարի շարունակ Դատախազությունն ու Քննչական կոմիտեն վստահեցնում էին, որ ամբաստանյալներին ամենախիստ պատիժն է նախատեսվում, եթե մեղադրանքը հաստատվի։ Ըստ տուժողի՝ մեղադրանքը ոչ միայն հաստատվել է, այլև այն ակնհայտ է եղել դեռ տարիներ առաջ․

«Երեխա են սպանել, այն էլ առանձնակի դաժանությամբ, պատժաչափը տալիս են ոչ առավելագույն ու հանգիստ նստո՞ւմ։ Պատճառաբանում են՝ իբր հանրապետության մասշտաբով սպանությունները քննել են ու հանգել այն եզրակացության, որ 18-20 տարին լիովին բավարար է։ Անհասկանալի է իրենց բացատրությունը․․․Ամեն ինչ բերել հասցրել են նրան, որ Գնելը գլխավոր մեղավորը չի, իբր այդ պատճառով ցմահ չեն պահանջել։ Դե ով կատարել ա սպանությունը, թող իրեն տան»։

Չնայած դատարանի վճռին դեռ մի քանի դատավարական փուլ կա, տուժող կողմը մեծ հույս ունի, որ դատարանն արդարացի որոշում կկայացնի և կբավարարի իրենց պահանջը։ Փաստաբան Թորոսյանը պնդում է, եթե, այնուամենայնիվ դատարանը մերժի, իրենք կբողոքարկեն վճիռը։

Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 1-ին։ Այս անգամ ճառով հանդես կգա պաշտպանական կողմը։

Հիշեցնենք, որ 2015թ․ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանվեց 19-ամյա Հայկազ Բարսեղյանը: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվեց ֆիզհրապարակի պտտաձողից կախված:

Քրեական գործն ի սկզբանե հարուցվել է սպանության հոդվածով, և մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Վերջինս ինստիտուտի  պաշտոնյաներից մեկի` պետի սպառազինությունների գծով տեղակալ Զարմիկ Մարկոսյանի որդին է: Սպանությունից հետո  Զարմիկ Մարկոսյանն աշխատանքից ազատվել է: Նրա նկատմամբ ևս քրեական գործ է հարուցվել՝ ինստիտուտում որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար:

Գործով անցնող 30 վկաներ իրենց նախաքննական ցուցմունքներում գրեթե նույնությամբ պատմել են, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։ Սակայն վկաներից շատերը դատարանում՝ ամբաստանվող անձանց ներկայությամբ, հրաժարվեցին ցուցմունք տալ։ Վկաներն այն կուրսանտներն են, որոնք սպանության գիշերը եղել են դեպքի վայրում՝ 408 ննջասենյակում։

Նախաքննական ցուցմունքում բոլորը պատմում էին, որ Գնելը, Նորիկը, Վաչեն և Մովսեսը դաժանությամբ ծեծել են Հայկազին, ապա կտրել երակները, ինչից հետո վախեցել իրենց արածից և որոշել սպանությունը քողարկել ինքնասպանությամբ։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest