Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը հայտնեց, որ երբևէ ներգրավված չի եղել և չի պատրաստվում ներգրավվել որևէ քաղաքական գործընթացում:

Այս մասին Լիլիթ Թադևոսյանը հայտնեց Ազգային ժողովում իր ընտրության հարցի քննարկման ընթացքում՝պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:

«Ո՛չ 2008 թվականին, ո՛չ էլ այսօր ներգրավված չեմ եղել և չեմ պատրաստվում ներգրավվել որևէ քաղաքական գործընթացի: Դա կարող է վկայել իմ անցած ճանապարհը, բացառապես զբաղվել եմ իմ մասնագիտական աշխատանքով ու կատարել եմ իր պարտականությունները որպես մեղադրող դատախազ: Որպես դատավոր ներգրավված չեմ եղել և չեմ պատրաստվում ներգրավվել որևէ քաղաքական գործընթացում»,- ասաց Թադևոսյանը:

Անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ի առնչությամբ քրեական գործերին՝ Լիլիթ Թադևոսյանը նշեց, որ իրեն հանձնարարվել է այդ գործերով մեղադրանքի պաշտպանությունը, ներգրավվել է որպես մեղադրող դատախազ ու մասնակցել այդ գործերի քննությանը:

Թադևոսյանի խոսքով՝ դատաիրավական համակարգի առջև ծառացած թիվ մեկ խնդիրը համարում է դատական բոլոր ատյանների գերծանրաբեռնվածությունը:

«Դատաիրավական բարեփոխումները հարատև գործընթաց են, և չեմ պատկերացնում մի ժամանակահատված, որ մենք կարող ենք ազդարարել, որ դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտություն չկա:  Այսօր թիվ մեկ խնդիրը, որը կանգնած է դատաիրավական համակարգի առջև և բարեփոխման լուրջ կարիք ունի, դատական իշխանության, դատական բոլոր ատյանների գերծանրաբեռնվածությունն է»,- ասաց Թադևոսյանը:

Լիլիթ Թադևոսյանը ծնվել է 1978 թ.,  Երևանում: 1998 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 2001 թ.՝ ասպիրանտուրան, 2017 թվականից իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: 2018 թ. առ այսօր զբաղեցնում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը: Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest