Հակասական տեղեկություններ են հասնում ԼՂՀ զորամասերում ծառայող զինվորներից: Նրանք կատարյալ անորոշության մեջ են: Մի կողմից լուրեր են տարածվում, որ Հայաստանի քաղաքացիները այլևս չեն ծառայելու Արցախի պաշտպանական բանակում:

 Երեկ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Առավոտին» ասել է, որ դա կարող է լինել միայն կամավոր հիմունքներո: «Հայաստանի քաղաքացիները եթե ցանկանան, կարող են կամավոր հիմունքներով շարունակել ծառայել: Արցախի ՊԲ-ում միայն կամավորական հիմունքներով են Հայաստանի քաղաքացները անցել ծառայության: Եթե այդպիսի ցանկություն լինի հետագայում, բնականաբար իրավական ձեւաչափը կգտնվի, որպեսզի անցնեն ծառայության», — նշել է Անդրանիկ Քոչարյանը:

Մյուս կողմից տեղեկություններ ենք ստանում, որ հայաստանցի անգամ այն զինծառայողներին, որոնց օրինական արձակուրդ է հասնում, հրաժարվում են այն տրամադրել:

Ստեփանակերտի զորամասի մի խումբ զինվորներ, որոնք ՊՆ-ում ծառայության են «Ես եմ» ծրագրի շրջանակներում, ունենալով պայմանագիր Արցախի ՊԲ-ի հետ, ահազանգում են Forrights.am-ին, որ հրամանատարն իրենց հայտնել է, որ 5 ամիս արձակուրդ չեն գնալու, որ իրենց ևս 5 ամիս պահելու են Արցախում: «Զինծառայողներին ասել են, որ հանկարծ արձակուրդի մասին մեզ չմոտենաք, ոչ մեկին չենք թողնելու, որ տուն գնան», — ասում է մեզ հետ կապի դուրս եկած զինվորը:

Արդեն հայտնել ենք, որ «Ես եմ» ծրագրով կնքված պայմանագրերի խախտման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Մասավորապես, հերթական արձակուրդը չեն կարողանում ստանալ Կռասնիի զորամասում ծառայող մի խումբ զինծառայողներ: Նրանք արդեն 40 օր է, զորամասում են, մինչդեռ «Ես եմ» ծրագրով  նրանք 21 օր պետք է ծառայության մեջ լինեն և 7 օր՝ տանը:

ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ղեկավար, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը մեր հարցմանը պատասխանել էր, որ զինծառայողները պայմանագրեր են կնքել Արցախի պաշտպանության բանակի հետ և փաստացի Արցախի ՊԲ ենթակայության տակ են, սակայն այսօր գտնվում են Հայաստանի զորամասերում, և իրավական առումով զորամասերն իրավունք չունեն նրանց արձակուրդ տալու: Այսպես իրավական անորոշության հետևանքով կրկին տուժում են զինվորները:

Այս անգամ մեզ ՊՆ-ից պատասխանեցին, որ կստուգեն մեր հայտնած տեղեկությունները և տեղեկատվություն կտրամադրեն:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest