«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու «Իմ Քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած նախագիծը ոլորտի մասնագետները խնդրահարույց են համարում։

Պատգամավորներն առաջարկում են՝ լրատվամիջոցներին արգելել տեղեկություն հրապարակելուց հղում տալ անանուն աղբյուրներին։ Անանուն աղբյուրն էլ, ըստ այս առաջարկի, համացանցում գրանցված դոմեյնն է, հոսթինգ ունեցող կայքը, համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվը, կամ ալիքը, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գնահատմամբ՝ նախագծի հիմնական խնդիրն այն է, որ շեշտը դրվում է ոչ թե տեղեկության բովանդակության, այլ աղբյուրի վրա։

«Այս օրինագիծը ենթադրում է, որ կարող է լինել ճիշտ՝ իրականությանը համապատասխանող տեղեկություն, որի աղբյուրը չի կարելի նշել։։ Ինֆորմացիայի տարածողը պատասխանատու է հենց տեղեկության համար։ Աբսուրդային կլինի, եթե լրատվամիջոցը ճիշտ տեղեկություն հրապարակելու դեպքում պատասխանատվության ենթարկվի՝ չնույնականացվող աղբյուրին հղում անելու համար», — նշում է Նավասարդյանը։

Պատգամավորներն առաջարկում են արգելել հղում կատարել այն աղբյուրներին, որոնցում բացակայում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված տվյալները, կամ անանուն աղբյուրներ են, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

«Դրանով է պայմանավորված այն, որ օրենքով պաշտպանված են աղբյուրները, այսինքն, եթե ինֆորմացիա տարածողն ինքն իր վրա է վերցնում պատասխանատվությունը, չի նշում աղբյուրը, կամ նշում է այնպիսի աղբյուր, որին հնարավոր չէ պատասխանատվության ենթարկել, և եթե այդ բովանդակության հետ խնդիր կա, ուրեմն կա նաև պատասխանատու։ Եթե բովանդակության հետ խնդիր չկա, ապա այստեղից ընդհանրապես իրավական հետևանքներ չեն կարող լինել», — ասում է ԵՄԱ նախագահը։

ԶԼՄ-ների մասին օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը։ Լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ևս օրինագծի ընդդիմախոսներից է։ Նրա կարծիքով՝ այն, ինչ առաջարկվում է, անընդունելի է խոսքի ազատության տեսանկյունից և համոզմունքը, թե չարաշահումները սրանով կարելի է արմատախիլ անել, ամենևին այդպես չէ․

«Օրենքում փոփոխություններով պատգամավորները պարզապես ուզում են արգելքների միջոցով որոշ անձնական խնդիրներ լուծել։ Նախագիծը միջամտում է լրատվամիջոցների գործունեությանը, սահմանափակում նրանց՝ սեփական աղբյուրներից օգտվելու հնարավորությունը և ամենակարևորը՝ չի լուծում ապատեղեկատվության տարածման հարցը։ Այնինչ հարցի լուծումն ավելի համակարգային քննարկումների կարիք ունի»,- կարծիք է հայտնում Մելիքյանը և հավելում՝ այստեղ քաղաքական կոմպոնենտ կա, և փորձ է արվում հարմար, կոմֆորտ գոտի ստեղծել՝ պաշտպանվելու համար։

Պատգամավորների օրենսդրական առաջարկի հիմնավորումներում նշված է՝ «անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրների տարածումը՝ դրանց հղում կատարելու միջոցով, կարող է առաջացնել ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկեր: Եվ ելնելով մերօրյա իրողություններից և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերից ու վերահսկողական մեխանիզմների ներդրման անհնարինությունից՝ առաջարկվող փոփոխությունները չեն կարող դիտարկվել որպես խոսքի ազատության սահմանափակում, կամ զանգվածային լրատվության միջոցների ազատ գործունեության խոչընդոտ, այլ ընդհակառակը, փոփոխություններն առաջին հերթին նպատակ են հետապնդում պաշտպանել զանգվածային լրատվության միջոցներին, լրատվական գործունեություն իրականացնողներին և խոսքի ազատությունը»:

Նախագիծը մշակած իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ով նախկին լրագրող է, պնդում է, որ առաջարկվող փոփոխություններով չի արգելվելու վերարտադրել անհայտ ծագում ունեցող աղբյուրների տեղեկությունը, սակայն այն անհրաժեշտ է հրապարակել արդեն սեփական անունից։

«Ինչպես նախկինում, երբ չկային Telegram ալիքները և մենք մեր ստացած տեղեկատվություններն ամենատարբեր աղբյուրներից մատուցում էինք մեր սպառողին տեղեկատվությունը՝ էդ ռիսկերը հաշվի առնելով։ Օրինակ, մենք համարում էինք, որ դա սենսացիոն է և հրապարակում էինք, գրում էինք՝ համացանցում տարածված տեղեկությունների համաձայն, ոնց որ հիմա էլ ենք անում։ Մեր առաջարկը սրա մասին է, մենք ասում ենք՝ եկեք չգովազդենք այնպիսի աղբյուրներին, որոնց ծագումնաբանության մասին որևէ մեկը տեղեկություն չունի», — պարզաբանում է Հովհաննիսյանը։

Չնայած մասնագիտական շրջանակում առկա անհանգստություններին՝ պատգամավորը պնդում է՝ նախագիծը լրատվամիջոցների գաղտնի աղբյուրներին չի վերաբերում։

Հավելենք, որ նախագիծը նաև առաջարկում է լրատվամիջոցների ֆինանսավորումն ավելի թափանցիկ դարձնել՝ լրատվամիջոցին պարտավորեցնելով ամեն տարի հրապարակել ֆինասնական հաշվետվությունը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest