7-ամյա Գառնիկն ու 8-ամյա  Անին մինչև հիմա չեն հավատում, որ իրենց հայրիկը չի վերադառնալու Արցախից։  Տան անկյունում իրենց հոր՝  32-ամյա Վահան  Տոնոյանի հուշ-անկյունն են ստեղծել երեքով: Վահանի երեխաներն ու կինը՝ Մերին, սպասում են հերոս Վահանին։

«Վահանը պատերազմի ողջ ընթացքում անընդհատ անհանգիստ ու լարված էր․ նա մի քանի տեղ կամավորագրվել էր ու սպասում էր, որ հնարավորինս շուտ իրեն կանչեն, մեկնի  Արցախ։ Պատերազմի օրերին նա գիշերն էլ բոլորովին չէր կարողանում քնել, ասում էր․   «Ես այստեղ քնեմ, Արցախում 18-20 տարեկան  էրեխեքը կռվե՞ն» », —  Վահանի խոսքերն է վերհիշում Մերին։

 Վահանը Արցախ մեկնելուց առաջ  չի ասել՝ ուր է գնում, որպեսզի երեխաներն ու կինը չանհանգստանան կամ չփորձեն իրեն ետ պահել։

«Հոկտեմբերի 8-ին Վահանը  հագնվեց, պատրաստվեց, լավ տրամադրություն ուներ։  Նա բոլորիս համբուրեց,  ասաց՝ շուտ կգա։ Հետո տղաս ասաց․ «Մամ, պապան անհանգիստ էր,  ոնց որ գնաց բանակ»․․․ Որդուս խոսքերից հետո հասկացա, որ այդ համբույրը հրաժեշտի համբույր էր, ամուր համբույր էր։ Երկու-երեք ժամ հետո զանգեց, ասաց․ «երեխաներին լա՛վ կնայես, շուտ կգամ»», — պատմում է Մերին։

Հոկտեմբերի 11-ին Վահանը հասել է Հադրութ, մինչև հոկտեմբերի 15-ը քաջաբար կռիվ մղել ու փոքրիկ հնարավորություն ունենալու  դեպքում  երբեմն կարճատև հեռախոսազրույցներ  ունեցել կնոջ ու զավակների հետ։

«Հոկտերմբերի 15-ին Վահանը զանգեց, երեխաների հետ էլ խոսեց։  Հարցրինք՝ ինչպե՞ս  ես, ասաց՝ լավ եմ, ինձ ի՞նչ է եղել։ Մետո մեզ խոստացավ, որ շուտ կգա, բայց․․․  Այնուհետև հաղորդագրություն էր գրել․ «Ձեզ շատ եմ կարոտել, բայց, ինչ արած, էս ա»։ Հոկտեմբերի 16-ից արդեն լուր չունեինք Վահանից»։ Հենց  այդ օրը Վահանը զոհվել էր։

Մերին պատմում է՝ Վահանն ու  իր հերոս ընկերները մինչև վերջ կռվել են ու հերոսաբար զոհվել։ Հերոսի կինն ասում է՝ իր ամուսնու մարտական ընկերները պատմել են՝  Վահանն ու մյուս 5 քաջերը կռվել են  թշնամու հատուկ ջոկատայինների դեմ, ամենասարսափելի պայմաններում են եղել, բայց  չեն նահանջել։ Զոհվել են և դիրքը չեն տվել, բայց ցավոք, հետո արյամբ պահածը  տրվեց թշնամուն․․․

« Մինչև մարմինը գտնելը անկախ  իմ լսած տեղեկություններից՝  ես հույս ունեի, որ նա ողջ է։  Վահանը զոհվել է հոկտեմբերի 16-ին, բայց մարմինը մոտ երեք ամիս հետո է գտնվել։ Երեք ամիս այս ու այն հաստատությունը գնալով՝ ես փնտրել եմ  ու փնտրել․․․  Հունվարի 6-ին տղաս ասաց․ «Երազ եմ տեսել, պապան կանգնած էր աստիճանների վրա, ասում էր՝ եկել եմ,  տղա՛ս»։

Այդ նույն օրն էլ Վահանի մարտական ընկերներից տեղեկացա՝ նրա մարմինը գտնվել էր։

Մարմինը հնարավոր էր եղել  ճանաչել  գրպանում եղած զինգրքույկի, իրերի, Վահանի  ատամնաշարի, բուլատե ատամի  միջոցով», —  սարսռալով պատմում է կինը,- այնպիսի սարսափների միջով են անցել, որոնք  հնարավոր չէ նկարագրել․ այդ սարսափները չսպիացող խոցեր են։

Մասնագիտությամբ հեռուստառեժիսոր Մերին այժմ աշխատանք չունի։  Նախորդ երկու ամիսների ընթացքում գտնվել է բարերար, որը վճարել է կոմունալ ծառայությունների վճարները, բայց այս  ամիս արդեն Մերին չգիտի՝ ինչ է լինելու, ֆինանսական խնդիրներն ինչպես են լուծվելու։ 

«Չորս ամիս է, ինչ ամուսինս գնացել է և, ցավոք, զոհվել, և այս  ամիսների ընթացքում պետության կողմից դեռ որևէ  ֆինանսական աջակցություն չենք ստացել։ Այս ամիսների ընթացքում ես իմ ամուսնուն եմ փնտրել, ժամանակ էլ չեմ ունեցել, որ գնամ մի տեղ մի դիմում գրեմ, միայն վերջին  օրերին եմ սկսել  այս գործերով մի փոքր զբաղվել, ասել են՝ ֆինանսական օժանդակություն կստանանք․․․ »:

Մերին ասում է, որ ճոխ կյանքի մասին չեն երազում,  ֆինանսական միջոցներն էլ  պետք են երեխաների մասին հոգ տանելու համար։ Եթե Վահանը ողջ լիներ,  իրենք երբևէ բանի պակաս չէին ունենա․․․Նա հիմա  հոգեբանական ծանր վիճակում  է, ասում է՝ չգիտի՝ ինչպես  է ապրելու։

«Մի կերպ ուժ եմ գտնում, որ պառկած  տեղից վեր կենամ, կենցաղային գործերն անեմ, հոգամ երեխաներիս մասին։  Վահանը շատ հոգատար   հայր ու ամուսին էր։ Գիշեր-ցերեկ աշխատում էր, որ երեխաները որևէ բանի պակաս չունենան, և իրոք, այդպես էր։ Հիմա կոտրված ենք ու անուժ։ Երեխաները հաճախ հարցնում են՝  ո՞ւր է պապան, ինչո՞ւ այդպես եղավ, և երբեմն ես որոշ հարցերի  չեմ կարողանում պատսխանել։ Մենք միշտ խոսում ենք Վահանի մասին։ Վահանը հոգեպես միշտ մեզ հետ է, բայց երեխաներն այս տարիքում դեռ պատրաստ չեն գիտակցել, ընդունել, որ իրենց հայրն այլևս չի գալու․․․ Այս ամենը գիտենք, բայց երեքով էլ սպասում ենք նրան․․․

Վահանի հուղարկավորության օրը երեխաներն էլ էին ներկա․ հոգեբանն էր խորհուրդ տվել, որ իրենց հոր վերջին հրաժեշտի արարողությանն իրենք էլ ներկա լինեն։ Իմ որդին՝ Գառնիկն ասում էր՝  ուզում եմ պապային տեսնել վերջին անգամ, և ես չգիտեի՝  երեխային  ինչպես բացատրել, որ  չի կարելի տեսնել, հնարավոր չէ․․․»։

Ապագային նայելով՝ Մերին ասում է՝ հիմա դատարկություն է տեսնում, էլ ի՞նչ ապագա առանց Վահանի․․․ Մերին   երազում է, որ իրենց բնակարանն ունենան, որտեղ կկարողանան ապրել ինքն ու իր երեխաները։

«Գիտեմ, որ մեծ երազանք է, բայց  եթե մենք մեր տունն ունենանք, ես կաշխատեմ, կպահեմ իմ զավակներին: Երեխաներն ապրելու ուժ են տալիս»:

Հասմիկ Բալեյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest