«Ինձ խոշտանգում են կալանքի միջոցով․․պատերազմում գլխի շրջանում վիրավորվելուց, ապա ծանր վիրահատություն տանելուց հետո, երբ դեռևս հետվիրահատական վերականգնման կարիք ունեմ, իշխանությունն ազատությունից զրկելով ինձ՝ ենթարկում է անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների»:

Աս մասին ԱԱԾ մեկուսարանից բարձրաձայնում է Մարտական խաչի ասպետ, Արցախի ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը, ով արցախյան պատերազմում հոկտեմբերի 6-ին գլխի շրջանում ծանր վիրավորում էր ստացել։ Ըստ պաշտպանի՝ նա դեռևս լիովին չի կազդուրվել, ունի ստացիոնար բուժման կարիք, ինչը չի կարող ստանալ անազատության մեջ․

«Երբ ասում ենք՝ խոշտանգման է ենթարկվում կալանքի միջոցով, մի քանի գործոններ ենք հաշվի առնում։ Առաջինը, իհարկե, առողջական վիճակն է, նա դեռևս պատշաճ բուժօգնության կարիք ունի, ինչը չեն կարող ապահովել մեկուսարանում։ Բացի դրանից, տուն-տեղ, հայրենիք կորցրած, այդ հոգեկան ծանր տառապանքներով մարդուն կալանքի տակ պահելը, այն էլ անհիմն մեղադրանքով, եթե խոշտանգում չէ, ապա՝ ի՞նչ է։ Պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած մարդու նկատմամբ նման վերաբերմունքն ուղղակի անթույլատրելի է»,- Forrights-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։

«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ընդհանուր իրավասության դատարանի որոշումն արդեն իսկ բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում։ Գործը, սակայն, դեռ չի մակագրվել որևէ դատավորի, քանի որ քրեական գործի նյութերը դեռ տեղ չեն հասել

Փաստաբանի համար անընդունելի է այս ձգձգումը, նրա համոզմամբ՝ հարցն այնքան հրատապ է, որ ցանկության դեպքում նյութերը կարող են փոխանցել րոպեների ընթացքում՝ էլետրոնային կրիչով կամ առձեռն տարբերակով․

«Բյուրոկրատական ճանապարհը կարող է տևել 10-15 օր, բայց խոսքն այստեղ վերաբերում է մարդու ազատությանն ու առողջությանը։ Ուշացման յուրաքանչյուր օրն ու ժամը կարող է կանխորոշիչ նշանակություն ունենալ մարդու առողջության համար»,- իր մտահոգությունն է հայտնում փաստաբանը:

Նա քիչ առաջ է վերադարձել մեկուսարանից և չի կարողացել հանձնել Բադասյանին անհրաժեշտ դեղորայքը, որը նշանակվել է բժշկի կողմից։ ԱԱԾ-ում պարզաբանել են, որ այսօր հանձնունքի օր չէ, ուստի չեն կարող ընդունել դեղորայքը։ Պապիկյանն արդեն իսկ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, ով բողոքը քննության առնելու որոշում է կայացրել։

Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել նաև Բադասյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին։

«Միջնորդության հիմքում վկայակոչել եմ այն բոլոր օբյեկտիվ հիմքերը, որոնք առկա են գործում։ Նշել եմ ինչպես առողջական վիճակը, այնպես էլ իրավական առումով ոչ հստակ, մեղմ ասած՝ կասկածելի կալանավորման հիմքերը»։

Վահան Բադասյանի խափանման միջոցը փոխելու հետ կապված Դատախազություն անձնական երաշխավորություն են ներկայացրել ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և նկարչուհի, հասարակական գործիչ Զարուհի Մուրադյանը։

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը Forrights-ի հետ զրույցում նշեց՝ թեև Վահան Բադասյանին հանդիպելու առիթ շատ քիչ է ունեցել, բայց նա բարձր հեղինակություն ունեցող անձ է, արցախյան երկու պատերազմների մասնակից է։ Մուրադյանի խոսքով՝ անգամ չճանաչելու դեպքում ևս նույն քայլին կգնար, քանի որ իր աչքի առաջ ունի «Հաց բերող»՝ Արթուր Սարգսյանի մահվան դեպքը․

«Մենք ունեցել ենք սարսափելի օրինակ, երբ մարդը ծանրագույն հիվանդություններ ուներ և այդ վիճակով նրան շարունակում էին պահել բանտում, ինչի իրավունք չունեին ոչ միայն բարոյապես, այլև բազմաթիվ կոնվենցիաներով։ Այսօր նման իրավիճակում է հայտնվել Վահանը և մեր մոտեցումը բացառապես մարդասիրական է։ Նա մասնակցել է մի քանի պատերազմների, ծանր վիրավորվել գլխից, կորցրել ամեն ինչ՝ տուն, հայրենիք, առողջություն, հարազատների գերեզման և այսպիսի առողջական վիճակում մարդուն կալանքի տակ պահելը խոշտանգում է։»,- ասում է Զարուհի Մուրադյանը։

Հիշեցնենք, որ Բադասյանը կալանավորվեց հունվարի 30-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին տված հարցազրույցից ժամեր անց։ Նա հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը թշնամի է և նրան պետք է վերացնել ընդհուպ՝ նաև զենքի միջոցով։

Բադասյանի այս հարցազրույցի համար նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը): Նախկին պատգամավորը չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը, ավելին՝ դրանում քաղաքական ենթատեքստ է տեսնում։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest