Կառավարությունը հաստատեց Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը:

Ըստ նախագծի հիմնավորման, միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել հիշյալ քաղաքացիներին (այդ թվում՝ երեխաներին), որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսը, համայնքի ղեկավարի կողմից տված տեղեկանքի համաձայն, փաստացի բնակվել են այնտեղ:

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ՝ որոշումն ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, ամենամսյա դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր շահառուի հաշվով ամսական 68 000 դրամ, 6 ամսվա համար՝ սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից։ Միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին կամ խնամակալին (եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն):

Pin It on Pinterest