Ազատությունից զրկված անձանց իրավունքները դիտարկվում են բացառապես դրանց բովանդակության լույսի ներքո․ ԱՆ

60

Փետրվարի 3-ին հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի «Ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայության անթույլատրելիության վերաբերյալ (կալանավորված անձի օրինակով)» արտահերթ հրապարակային զեկույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Արդարադատության նախարարությունը հարկ է համարում ընդգծել, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորումը մշտապես դիտարկվում է դրանց բովանդակության լույսի ներքո՝ բացառելով ցանկացած ձևական (formal) մոտեցում:

Այս պնդումն ավելի ցայտուն կերպով արտացոլված է ոլորտային բարեփոխումների օրակարգում, որի շրջանակներում ձեռնարկված քայլերն ինչպես առանձին, այնպես էլ իրենց համակցության մեջ, արձանագրում են համակարգային առաջընթաց: Հատկապես բանտային բժշկության ոլորտում բարեփոխումների օրակարգը, որպես վերջնարդյունք, թիրախավորել է բանտային առողջապահության ոլորտը հանրային առողջապահության ոլորտ ինտեգրելը: Սա նշանակում է, որ ազատությունից զրկված անձանց պետք է հասանելի լինի երկրում առկա բժշկական օգնության և սպասարկման այն նույն մակարդակը, ինչ ընդհանուր բնակչության համար՝ բացառելով իրավական կարգավիճակով պայմանավորված խտրականության դրսևորումները:

Անդրադառնալով զեկույցի բովանդակային կետերին՝ Նախարարությունը հարկ է համարում առանձնացնել հետևյալ դիտարկումները.

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով ամրագրվում են ձերբակալված և կալանավորված անձանց բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու օրենսդրական հիմքերը, իսկ ենթաօրենսդրական ակտերով սահմանվում են դրանց ընթացակարգերը։ Այլ կերպ՝ նշված օրենքի կարգավորումների համալիր վերլուծությունից բխում է, որ ձերբակալված և կալանավորված անձանց բուժհաստատություններում պահելու լիազորությունը հստակ է և կանխատեսելի, հստակ է նաև այն, որ նման լիազորությամբ օժտված է Քրեակատարողական ծառայությունը, իսկ այն, թե ինչ ընթացակարգով է իրականացվում պահպանման լիազորությունը, օրենքն այն ընդունելու լիազորությունը վերապահել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու լիազոր մարմնին: Ընթացակարգային հարցերը ենթաօրենսդրական ակտի մակարդակով կարգավորելը չի կարող ընդունվել որպես անձի իրավունքը սահմանափակող երևույթ: Բացի այդ, տրամաբանական է, որ ընթացակարգային բոլոր հարցերը չեն կարող դառնալ օրենքի կարգավորման առարկա՝ ելնելով ողջամտության կանխավարկածից: Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանը ևս կիսում է այս տեսակետը:

Ընթացակարգային հարցերը ենթաօրենսդրական ակտով կարգավորելը որևէ պարագայում չի կարող դիտարկվել օրենքի «հովանոցից» օգտվել և մեկնաբանվել իբրև անձի իրավունքներին միջամտելու «արդարացում»: Ինչպես նշվեց, օրենքով նախատեսված են բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու իրավական հիմքերը, իսկ թե ինչպես պետք է իրացվեն այդ հիմքերը, հարցի պատասխանը ընթացակարգային տեսանկյունից տալիս են ենթաօրենսդրական ակտերի կարգավորումները: Այս պայմաններում առնվազն հասկանալի չէ, թե ինչպես կարող են ենթաօրենսդրական ակտերի կարգավորումները, որոնք տալիս են անձի նկատմամբ հսկողության իրականացման մանրամասները, դիտարկվել ծավալային առումով օրենքին ոչ համահունչ կամ տալ անձի իրավունքներին անհամաչափ միջամտության թյուր պատկերացում:

Բժշկական հետազոտությունների և խորհրդատվությունների իրականացման ընթացքում կոնֆիդենցիալության ապահովման նպատակով դրանք իրականացվում են (կալանավորված անձի օրինակով) պահակետի ծառայողի լսողության սահմաններից դուրս: Նման պայմաններում պահակետի ծառայողը դուրս չի գալիս իր լիազորությունների շրջանակից և չի կատարում այնպիսի գործողություն, որն ուղղված է բժշկական հետազոտությունների և խորհրդատվությունների իրականացմանը խոչընդոտելուն կամ բժշկական գաղտնիքը բացահայտելուն կամ անձի արժանապատվությունը նվաստացնելուն: Ըստ այդմ՝ կարելի է արձանագրել, որ բժշկական օգնության և սպասարկման գաղտնիության ղեկավար սկզբունքները չեն կարող խախտվել:

Դրան զուգահեռ, պահակետի ծառայողն ունի տեսողական արդյունավետ հսկողության ապահովման պարտականություն, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով այն, որ պահակետի ծառայողը հսկում է ազատությունից զրկված անձին և ապահովում անվտանգություն: Այս տեսանկյունից հարկ է նկատել, որ պահակետի ծառայողը գործել է Սահմանադրության 6-րդ հոդվածի կարգավորումներին համահունչ: Գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում այնպիսի գործողությունների կատարումը, որոնք չեն բխում նրան վերապահված լիազորությունների ծավալից, կարող է հանգեցնել ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության: Ուստի, Սահմանադրության և օրենքներին համահունչ գործելն ըստ էության համարել ձևական (formal) մոտեցում, կարծում ենք՝ որևէ կերպ ընդունելի համարվել չի կարող:

Չպետք է մոռանալ, որ քրեակատարողական հիմնարկն ինքնին հատուկ պահպանվող գոտի է և անվտանգության ապահովման ուժերը չեն կարող համեմատվել քաղաքացիական բժշկական հաստատությունում անվտանգության ապահովման ուժերի հետ: Կարևոր է ընդգծել, որ քաղաքացիական բժշկական հաստատությունում անվտանգության ապահովման որակական կողմի տեսանկյունից պետք է ապահովել անհրաժեշտ հավասարակշռություն անձի առողջության պահպանման իրավունքի և անվտանգության երաշխավորման նպատակով գործադրվող միջոցների միջև:

Տեղյակ լինելով միջազգային իրավաբանությունում առկա մոտեցումներին՝ հայտնի իրողություն է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման առկայության կամ բացակայության հանգամանքը Եվրոպական դատարանը գնահատում է գործով առկա բոլոր հանգամանքների համակցության մեջ: Պահակետի ծառայողի հսկողության տակ գտնվելու փաստն առանձին վերցված 3-րդ հոդվածի համատեքստում դիտարկելն ընդունելի համարվել չի կարող, այն էլ այն դեպքում, երբ չեն խախտվում բժշկական օգնության և սպասարկման գաղտնիության ղեկավար սկզբունքները:

Ինչ վերաբերում է զեկույցում նշված՝ ոլորտային բարեփոխումների առնչությամբ Պաշտպանին իրազեկելուն, հարկ ենք համարում ևս մեկ անգամ փաստել, որ բանտային առողջապահության ոլորտում Կառավարության բարեփոխումների օրակարգը բավական հավակնոտ է: Բանտային առողջապահության ոլորտը կենդանի օրգանիզմ է, այն անընդհատ կատարելագործման և արդի զարգացման միտումներին համահունչ գործելու կարիք ունի այնպես, ինչպես հանրային առողջապահության ոլորտը: Բարեփոխումների իրականացումը երբեք չպետք է ընկալվի անձի իրավունքների հնարավոր խախտումները քողարկելու քայլ: Ճիշտ հակառակը՝ Կառավարությունը՝ ընդհանրապես, և Նախարարությունը՝ մասնավորապես, հետևողական է անձի իրավունքների խախտման ցանկացած դեպք բացահայտելուն, երբ առկա են օբյեկտիվ և ողջամիտ հիմքեր:

Արդարադատության նախարարությունը վերստին ընդգծում է իր մոտեցումն առ այն, որ ազատությունից զրկված ցանկացած անձի իրավունքի երաշխավորումը գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ անկախ կոնկրետ անձի կարգավիճակից կամ նրա անձի նկատմամբ հանրային հետաքրքրության աստիճանից: Եվ որ ամենակարևորն է, նշված մոտեցումը պետք է ընկած լինի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ցանկացած անձի կամ կառույցի գործունեության հիմքում:

Մեկնաբանել հոդվածը

Մեկնաբանության դաշտը դատարկ է
Ձեր անունը