ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց պետական դավաճանության համար ցմահ ազատազրկում սահմանելու նախագծին

120

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի և Իվետա Տոնոյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կաարելու մասին» նախագծին: Այս փոփոխություններով պատգամավորներն առաջակում են պետական դավաճանության համար սահմանել խիստ պատժաչափ՝ 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Գործող օրենսգրքով պետական դավաճանության համար սահմանված է 10-15 տարի ժամկետով ազատազրկում:

Լրտեսության համար գործող կարգավորմամբ սահմանված է 8-15 տարի ազատազրկում, նախագծով առաջարկվում է պատիժը սահմանել 15-20 տարի:

Նախագիծը ներկայացրեց ԱԺ փոխխոսնակ Վաե Էնիաջյանը։ Նրա խոսքով՝ պետական դավաճանությունը և լրտեսությունն այլ հանցանքերի հետ հնարավոր չէ համադրել:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ինքն անձամբ այն կարծիքին է, որ պետական դավաճանության համար օրենսգրքով ցմահ ազատազրկում պետք է նախատեսված լինի, քանի որ հետևանքները կարող են հանգեցնել պետության գոյության վտանգին: Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ Կառավարությունը սկզբունքային առարկություն չունի նախագծի վերաբերյալ:

Քննարկումներից հետո պատգամավորները որոշեցին լրտեսության համար տարբերակված մոտեցում սահմանել՝ ստորին շեմը 15-ից իջեցնելով 12 տարվա:

Նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը՝ ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:

Պետական դավաճանությունը սահմանվում է հետևյալ կերպ` «Թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»:

Լրտեսությունը օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքելն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, եթե այդ գործողությունները կատարվել են օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից: