ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն ընթացել է լարված մթնոլորտում։ Նախագահող դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության քննության շրջանակներում դատարանը թույլ չտվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին հայտարարությամբ հանդես գալու՝ նրա ելույթը որակելով քաղաքական։ 

Նշենք, որ ինքնաբացարկի միջնորդության հիմքում Արմեն Գեւորգյանի կնոջ իրավունքների խախտումն էր, այն է դատավորի կողմից բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումը, որի առնչությամբ փաստաբանի պահանջով վարույթ է հարուցվել։ Այսինքն՝ Արմեն Գեւորգյանն ու դատավոր Դանիբեկյանը տվյալ գործի շրջանակներում հանդիսանում են կողմեր, ինչն արդեն ինքնաբացարկի հիմք է եւ երբ հարցի քննարկման ժամանակ Արմեն Գեւորգյանը փորձեց իր դիտարկումները ներկայացնել՝ անդրադառնալով իրենց մեղսագրվող գործի նախապատմությանը, դատարանը սահմանափակեց նրա իրավունքը, ինչը պաշտպանական կողմի մյուս մասնակիցների կողմից գնահատվեց որպես ոչ անաչառ վերաբերմունքի դրսեւորում։

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձանագրեց, որ իրենց վերագրվող գործը կապված է ընտրական և հետընտրական գործընթացների հետ, հետևաբար՝ սա բացառապես քաղաքական գործընթաց է՝ որոշակի իրավական կարգավորումներով և ակնկալել, որ այս դատավարության ընթացքում ընդհանրապես քաղաքական կոմպոնենտ պետք է չլինի, նշանակում է ընդհանրապես այս գործը չլսել՝ իր բովանդակությամբ։ «Չի կարող լինել դատավարություն քաղաքական գործընթացի մասին՝ առանց քաղաքական կոմպոնենտի»,- ընդգծեց նա։

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ, անդրադառնալով բացարկի հիմքերին, հայտարարեց, որ կա վեճ երկու մարդու ի միջև եւ չի կարող մեկը լինել որպես հարցը լուծող կողմ, ակնհայտ է, որ կողմնակալ մոտեցում կա։ Օհանյանի խոսքով՝ կա քաղաքական հետապնդում, կողմերի ոչ ճիշտ ներկայություն՝ և նախագահի և նրա աշխատակազմի, և տուժող կողմի ոչ ճիշտ ընտրության, և բանակի նկատմամբ կողմնակալ մոտեցմամբ։

Օհանյանը գտնում է, որ դատարանի կողմից խոսքի համար ժամկետ դնելը կամ այլ գործողությունները քաղաքական հետապնդման արդյունք է, որովհետև, եթե Արմեն Գևորգյանը մինչև վերջ արտահայտեր իր միտքը և քաղաքական տարր լիներ, հետագայում դատավարությունից հետո ինչ-որ մարդիկ հարցնելու են դատավորին, թե ինչու թույլ տվեցին, որ Գևորգյանն ինչ-որ քաղաքական արտահայտություն անի։

«Այս գործով ներգրավված անձինք՝ պաշտպանվող կողմը, բոլորը քաղաքական գործիչներ են եղել, ռազմաքաղաքական գործիչներ են եղել և գտնում ենք, որ նաև քաղաքական հետապնդում կա այս գործընթացում և Ձեր կատարած քայլը դրա շարունակությունն է՝ թույլ չտալու, որ Արմեն Գևորգյանն իր միտքը մինչև վերջ արտահայտի։ Մարդկային առումով սա սխալ մոտեցում է»,- նշեց Օհանյանը։

Մեղադրող կողմն առարկություններ ներկայացրեց պաշտպանական կողմի ինքնաբացարկի կապակցությամբ՝ պնդելով, որ կողմը չարաշահում է իր իրավունքները և ներկայացված միջնորդությունը պետք է թողնել առանց քննության։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ դատարանը հերթական անգամ խախտում է Արմեն Գևորգյանի արդար դատաքննության իրավունքը, ամեն ինչ արվում է, որ Գևորգյանի իրավունքները խախտվեն։ Անդրադառնալով դատախազների պնդմանը, թե պետք է միջնորդությունը թողնել առանց քննության՝ Ալեքսանյանը նշեց, որ օրենքի տեսանկյունից անհնար է որոշում կայացնել՝ միջնորդությունն առանց քննության թողնելու մասին, քանի որ ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացվել է բացառապես նոր հանգամանքի հիման վրա։ Նրա խոսքով՝ ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ ասելիք չկա և չի էլ կարող լինել, մեղադրող դատախազերն այս միջնորդության շրջանակներում պարտվել են, քանի որ որևէ անդրադարձ չի կատարվել հիմքերին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին։

Հիշեցնենք՝ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest