Խոշտանգման հետևանքով հոգեկան խանգարում ստացած զինծառայողի գործով դատական երկու որոշումներն անկատար են մնում. Իրավական համակարգը անգործության է մատնել, զինվորի խախտված իրավունքները ոչ մի կերպ չեն վերականգնում:

«Հինգ տարուց ավել է, ինչ Արթուր Հակոբյանը արդարություն չի կարող գտնել, նրա խախտված իրավունքները չեն վերականգնվում, քանզի կան զինվորական 9-րդ կայազորային քննիչ,Գորիսի կայազորի դատախազ, զինվորական դատախազ և Գլխավոր դատախազ, ովքեր զինվորի իրավունքների խախտման փաստը ոտնահարում են նույնիսկ այն պարագայում, երբ դատարանները ճանաչել են այն»,-խնդրի մասին Forrights-ի հետ զրույցում բարձրաձայնեց տարիներ առաջ ծառայելուց հետո հոգեկան խնդիրներով տուն վերադարձած Արթուր Հակոբյանի խոշտանգման գործով փաստաբան Արա Ղարագյոզյանը։

Հիշեցնենք, որ 2015թ-ին Արթուր Հակոբյանը Ագարակի զորամասում զինվորական ծառայության ընթացքում հրամանատարի կողմից ենթարկվել էր խոշտանգման և դաժան վերաբերմունքի, որի հետևանքով ձեռք էր բերել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։

Դեպքից մեկ տարի անց ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 358 .1-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշերով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքի հոդվածով, հարուցվել էր քրեական գործ, և Արթուր Հակոբյանը ճանաչվել էր տուժող։

Կարճ ժամանակ անց հարուցված քրեական գործը, սակայն կարճվել էր, որոշումը բողոքարկվել էր.

«Վճռաբեկ դատարանը ճանաչել է Հակոբյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման փաստը, սակայն, քննչական մարմնի կողմից վճռաբեկ դատարանի որոշումը ձևական է կատարվում, ինչն արտահայտվում է քրեական գործը վերաբացելով և նորից կարճելով: Ես կարճման որոշումը բողոքարկել եմ, և դատարանը կրկին իրավունքի խախտում է ճանաչել: Զինվորական դատախազը որոշումը բողոքարկել է վերաքննիչ քրեական դատարան, սակայն վերաքննիչ դատարանը մերժել է զինդատախազի բողոքը և ճանաչել է զինվորի կրկնազոհացման չենթարկվելու իրավունքի խախտման փաստը»,-մանրամասնեց Ղարագյոզյանը։

Փաստաբանը նախորդ տարի քննիչին համապատասխան միջնորդություն էր ներկայացրել որպեսզի կիրառվի Ստամբուլյան կոնվենցիան և Արթուր Հակոբյանի նկատմամբ հոգեբանական փորձաքննություն նշանակվի, որը թե՛ քննիչի, թե՛ Գորիսի կայազորայինի կողմից մերժվել էր, փաստաբանը բողոք էր ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

«Դատարանն իմ բոլոր հիմնավորումները բավարարել էր՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել էր Ստամբուլյան արձանագրության հիմքով նշանակել դատահոգեբանական փորձաքննություն, որտեղ պետք է ներգրավված լինի բժիշկ, հոգեբան և հոգեբույժ»,-մանրամասնեց փաստաբանը: Դատարանի երկու որոշումների կայացումից անցել է մի քանի ամիս, սակայն, դրանք քննչական մարմնի և դատախազության կողմից անկատար են մնացել, քննչական մարմնի կողմից Ստամբուլյան արձանագրության հիման վրա փորձաքննութուն դեռևս չի նշանակվել, և չի վերաբացվել կարճված քրեական գործը։

Փաստաբան Արա Ղարագյոզյանը Քննչական մարմնի անգործության դեմ բոդոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ով օրենքով սահմանված կարգով չի պատասխանել բողոքին: Սույն գործը տեղից չի շարժվում արդեն երկար տարիներ, ինչը ըստ փաստաբանի՝ նշանակում է, որ հույս դնել իրավական համակարգի վրա՝ չի կարելի, քանի որ կարծես թե ոչ-ոք չի ուզում վերականգնել նախկին զիրծառայողի խախտված իրավունքները.

«Թե նախորդ, և թե ներկա իշխանություններին չի հուզում զինվորի խախտված իրավունքների վերականգնման հարցը, ինչպե նաև իրավական համակարգը մյատնված է անգործության, ուստի նախատեսում եմ սույն գործով դիել ՄԻԵԴ»,- վստահեցրեց փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Արթուր Հակոբյանի առողջական վիճակը նույնն է, թոշակ չի ստանում, իսկ պետությունից այս տարիների ընթացքում ոչ մի աջակցություն չի ստացել՝ դեղորայքի մասին հոգում է ինքը՝ ոչ մի օգնություն։

Հիշեցնենք, որ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի միջոցով, ծառայելու նպատակով հայրենիք վերադարձած Արթուրը բանակ էր զորակոչվել 2015թ.-ի հունվարին, ապա նոյեմբերին՝ առողջական խնդիրներովի պատճառով, տեղափոխվել Երևանի կայազորի զինվորական հոսպիտալ: Արթուրը Մեղրիի զորամասում դաժան ծեծի էր ենթարկվել մայոր Ջիվան Մկրտչյանի կողմից՝ զորամասի խանութում գտնվելու համար:

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest