Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին, Կառավարության որոշմամբ, կտրամադրվի 500 հազար դրամի չափով միանվագ սոցիալական աջակցություն: Միջոցառման շրջանակում շահառու է համարվում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած անձը, որը չունի հաշմանդամության խումբ կամ ունի կամ կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ:

Այս մասին կառավարության նիստում տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին նախագիծը:

«Վիրավորում ստացած զինծառայողների շարքում ներառվում են բոլոր անձինք, ոչ միայն ժամկետային զինծառայողները, այլև կամավորները, աշխարհազորայինները, ովքեր ստացել են վիրավորում և որոշ ժամանակով անցել են բուժական գործընթաց, այդ անձնաց համար առկա բազային հիմքի վրա առաջարկվում է իրականացնել հետևյալ միջոցառումը: Թեև որոշ անձանց վիրավորումները թեթև են եղել, անցել են բուժման փոքր ժամանակ, բայց այդ անձինք որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության որոշակի խնդիր են ունեցել: Սրանով փորձում ենք նաև կորցրած ժամանակի սոցիալական խնդիրները կարգավորել»,- նշեց Առաքելյանը:

Նախարարի խոսքով՝ միջոցառման շահառու կհանդիսանա շուրջ 6000 քաղաքացի՝ բացառությամբ հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցողների, որոնց թիվը չի գերազանցում 1000-ը:

Այս պահին 200-ից ավելի քաղաքացի անցել է բժշկասոցիալական փորձաքննություն ու ստացել հաշմանդամության կարգ: Ամպուտացված անձանց թիվը չի գերազանցում 120-ը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest