Դավիթ Սանասարյանը երեկ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավարի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին Սանասարյանը հայտնում է Ֆեյսբուքում գրառմամբ։

«Շուրջ երկու տարի է, ինչ ապօրինի քրեական գործի հետևանքով հեռացված եմ որպես ՊՎԾ ղեկավար ձեզ ծառայելու հնարավորությունից, և ամբաստանյալի կարգավիճակով մասնակցում եմ ինձ հետ, ըստ էության, կապ չունեցող դատական գործընթացին, ինչը թույլ չէր տալիս իրականացնել երկիրը կոռուպցիայից մաքրելու իմ հանձնառությունը։ Վաղուց կայացրել եմ ինձ համար դժվար մի որոշում, բայց, հաշվի եմ առել հետպատերազմյա ցնցումներից բխող վտանգները և հետաձգել եմ այն, որպեսզի չմեծացնեմ նախորդ ռեժիմի ներկայացուցիչների վերադառնալու հնարավորությունները», — գրում է Սանասարյանը՝ շարունակելով․ —

«Անկախ այն բանից, որ իմ հանդեպ սխալ է արվել, չեմ արել մի քայլ, որ իմ պատճառով ձախողվի հեղափոխության արդյունքում ձևավորված և ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը։ Ավելին՝ լեգիտիմ իշխանությանը ճգնաժամային իրավիճակներում միշտ սատարել եմ։ Սակայն ինձ համար անհասկանալի պատճառներով այս ընթացքում չի հաջողվել հանդիպել վարչապետի հետ և ներկայացնել տարբեր հարցերում տեսակետներս, անհամաձայնություններս, որի փորձն արել եմ նաև հրադադարից անմիջապես հետո»։

«Համախոհ ընկերների հետ նախաձեռնում ենք նոր քաղաքական գործընթաց և առաջիկայում կներկայացնենք ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու և Հայաստանի զարգացման ու հզորացման մեր բանաձևերը», — նաև հայտնում է Դավիթ Սանասարյանը։

Հիշեցնենք՝ հեմոդիալիզի գնումների գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Սանասարյանի լիազորությունները ՊՎԾ պետի պաշտոնում կասեցված են:

Pin It on Pinterest