Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է «ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը և դրանք որակում որպես գործողություն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմանը և խաղաղապահ ջանքերի խաթարմանը»:

Արցախի ԱԳՆ հաղորդագրությունում նշված է, որ նմանատիպ վտանգավոր վարքն անընդունելի է և հանդիսանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում:

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է անում Ադրբեջանին խստորեն պահպանել եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները և զերծ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են խափանել հաստատված կրակի դադարեցման ռեժիմը։

Այսօր ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակը հաղորդեց, որ Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի կենտրոնական ուղղությամբ կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմը: Միջադեպի արդյունքում Արցախի ՊԲ զինծառայող է հրազենային վիրավորում ստացել:

Pin It on Pinterest