«Գերիների հարցի քաղաքականացումն արգելված է։ Ադրբեջանը փորձում է արհեստական ընթացակարգերով ձգձգել և քողարկել գերիների փոխանակման գործընթացը։ Նա չի հայտնում գերիների իրական թիվը․ հիմա էլ կան գերիներ և այդ թիվը մեծ է»։ Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից գերիների փոխանակման հարցում արհեստական խոչընդոտների ստեղծմանը և Ադրբեջանի ԱԳՆ֊ի՝ ՄԱԿ֊ի քարտուղարին ուղղված փաստաթղթին, որով մեր 62 ռազմագերիները ներկայացված են որպես ահաբեկիչներ։ 

Թաթոյանը նշեց, որ անթույլատրելի է հետպատերազմյան այս փուլում մարդու իրավունքների հարցերը քաղաքականացնելը։ Պաշտպանի խոսքով՝ ռազմական գործողությունների դադարից հետո գերիները պետք է ազատ արձակվեին և վերադարձվեին, բացի այդ՝ նրանց նկատմամբ քրեական վարույթ իրականացնելն արգելված է։

«Ադրբեջանի պնդումները, թե գերիների վերադարձի հարցի վերաբերյալ ժամկետներ նշված չեն նոյեմբերի 9֊ի հայտարարությունում, դեռևս ոչինչ չի նշանակում, քանի որ դա միջազգային իրավունքի պահանջ է։ Ավելին՝ հայկական կողմն արդեն վերադարձրել է Ադրբեջանին ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի հանցագործներին։ Սա նպատակ է հետապնդում հայ հասարակությանը հոգեկան տառապանք պատճառել, լարվածություն առաջացնել, ինչն իրենց քաղաքականության մասն է»։

Անդրադառնալով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհային հատվածներին, Թաթոյանը նշեց, որ առկա մի շարք խնդիրներ կարգավորված չեն։ Նա մատնանշեց, որ Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող ճանապարհի 68 կմ հատվածից 21 կմ-ն ադրբեջանական վերահսկողության ներքո է։ Իսկ ադրբեջանցի զինվորները ցուցանակների տեղադրումներն անում են բացահայտ սադրանքով։․

«Նրանք կարող են հայտնվել զենքով այդ ճանապարհի վրա և դիտարկում իրականացնել։ Դրանք մեր խաղաղ բնակավայրերն իրար կապող ճանապարհներ են։ Սա առաջացել է սահմանազատումը մեխանիկական մոտեցմամբ կիրառման պատճառով։ Սահմանների որոշման գործընթացը չի կարող իրականացվել մեխանիկական ճանապարհով»,- ընդգծեց Թաթոյանը։

ՀՀ ՄԻՊ֊ն արձանագրել է, որ մեխանիկական կամ GPS քարտեզի միջոցով սահմանների գծման հետևանքով կոպտորեն խախտվել են սեփականության իրավունքները և ուղիղ սպառնալիքի տակ են հայտնվել մի շարք իրավունքներ, այդ թվում՝ կյանքի իրավունքը։ Արման Թաթոյանը մատնանշել է  Շուռնուխի դեպքը, երբ սահմանն անցնում է բնակչին պատկանող անասնագոմի տարածքով։ Բացի դա, տեղադրվում են ցուցանակներ, որտեղ քարտեզներում ՀՀ տարածքի մասերը ներկայացվում են որպես Ադրբեջանի տարածքներ, ինչը Թաթոյանը գնահատեց որպես սադրանք։

Կան նաև խնդիրներ ճանապարհների հետ կապված։  Մասնավորապես, կան ճանապարհներ, որոնցով ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ավտոմեքենաներով պետք է արագ վարեն, հակառակ դեպքում դա կարող է դիտարկվել որպես սադրանք։ Օրենսդրական կարգավորումներ չկան, օրինակ, ինչ օրենսդրություն է կիրառվելու, եթե այդ տարածքում տեղի ունենա ՃՏՊ , կամ  ինչ կլինի, եթե հանցագործություն տեղի ունենա, պարզապես վթար լինի կամ ավտոմեքենայի անսարքությունը վերացնելու, մեքենան նորոգելու համար քաղաքացին կանգնի այդ հատվածում։

«Եթե այդ տարածքները համարում ենք Ադրբեջանի տարածք, ուրեմն Ադրբեջանի քննչական մարմինները պե՞տք է գան և քննչական գործողություններ իրականացնեն ՀՀ քաղաքացիների նկատմամբ, մի հատ էլ բերման ենթարկեն մեր քաղաքացիներին։ Ադրբեջանցիները բացահայտ զինված են շրջում՝ մեր խաղաղ բնակավայրերի մոտ, մինչդեռ հարեւանությամբ խաղում են երեխաները։ Որևէ հարց այս մասով կարգավորված չէ»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest