Կապան քաղաքի օդանավակայանի և գյուղերի տարածքներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում հենց տեղում Գուգլ (Google) և առցանց քարտեզների մի քանի այլ տարբերակներ ցույց են տվել տարբեր արդյունք, այդ թվում՝ մի քանի դեպքում Կապանից Ճակատեն գյուղ տանող ճանապարհը, ինչպես նաև Կապանի օդանավակայանի այն հատվածները, որոնցում տեղակայված են ադրբեջանական ուժերը` ամբողջությամբ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մասեր: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

Մարդու իրավունքների պաշտպանի այցերը Կապան քաղաք և Կապանի գյուղեր վկայում են, որ մինչ այս պահը կիրառվող մոտեցումների ու հատկապես Գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառության արդյունքում այստեղ ևս լուրջ սպառնալիքներ են ստեղծվել սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, նրանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված կենսական կարևորության մյուս իրավունքների համար կամ դրանց մի մասն արդեն իսկ կոպտորեն խախտվել է: ՄԻՊ հաղորդագրության համաձայն` վտանգվել է Հայաստանի պետական սահմանների անվտանգությունը:

«Մասնավորապես, այդ սկզբունքի մեխանիկական կիրառումով ադրբեջանական վերահսկողության ներքո են անցել Կապանից դեպի Ճակատեն ու այլ գյուղեր տանող ճանապարհի տարբեր հատվածներ, որոնք իրական վտանգի տակ են դրել խաղաղ բնակիչների տեղաշարժը: Ընդ որում, պետք է պարտադիր հաշվի առնել, որ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ գյուղերի անվտանգության ու բնակիչների կենսական նշանակության իրավունքների համար այս ճանապարհն ունի բացարձակ կարևորություն:

Նշվածից բացի, օրինակ, Ճակատենում, Ագարակում կամ Եղվարդում մարդիկ ուղղակի զրկվել են իրենց կենսական ապրուստը հոգալու, դրա համար անհրաժեշտ գյուղատնտեսական հողատարածքները (օրինակ՝ մասնավոր կամ տնտեսական գործունեության կարիքների համար որպես այգի, վարելահող կամ արոտավայր) օգտագործելու հնարավորությունից:

Ընդ որում, այստեղ նույնպես խոսքը վերաբերում է այնպիսի հողատարածքների, որոնց նկատմամբ իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող վկայականները տրվել են կա՛մ Խորհրդային Հայաստանի, կա՛մ Հայաստանի անկախ Հանրապետության տարբեր ժամանակահատվածների իրավասու մարմինների (Կադաստրի կոմիտե և այլն) կողմից», — ասված է հայտարարության մեջ:

Pin It on Pinterest