«Ամենավերջին, ամենավատ ձևով սպասում ենք մեր երեխեքին․ իրենք դրդում են, որ ծնողներն անցնեն բոլոր սահմանները»

1292

Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչ 67-ամյա Հրաչիկ Վարդանյանն արդեն 82 օր է լուր չունի որդուց․ Ա․Վ-ն վեց տարվա պայմանագրային զինծառայող է, ծառայությունն իրականացնում էր Էջմիածնի N զորամասում։ Պատերազմի սկսման օրից նրան տարել են Հայաստանի սահմանային դիրքեր, ապա՝ տեղափոխել Արցախ, ինչից հետո տղայի հետ կապը կորել է․

«Առանց զենքի ու համազգեստի, ռազվետկի ու տեղանքն իմացող ուղեկցողի 50 հոգու դեմ են արել 500 հոգու ու իրենք կորել։ Հստակ ինֆորմացիա ունենք, որ էդ տղերքին հրամանատարը տարել թողել ա, ինքը՝ փախել։ Հիմա էդ փախնողներն իրենց համար ողջ-առողջ Նոր տարի են նշում, մեր ջահելները՝ չկան․․․Էս 82 օր էլ տեղ չի մնացել, էլ մարդ չի մնացել, ում չենք դիմել»,- Forrights-ին պատմում է  Հրաչիկ Վարդանյանը։

Երեկվանից Էջմիածնի N զորամասի մուտքի մոտ Հրաչիկի հետ նստացույց իրականացնող ծնողների պահանջը մեկն է՝ որոնողական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, ուր իրենց որդիներին են տարել: Նրանց պնդմամբ՝ իրենց որդիների խմբի մեջ դավաճանություն է եղել, քանի որ տղաներին ուղղորդել են այն տարածք, որն արդեն իսկ հակառակորդի վերահսկողության ներքո է եղել․

«Հոկտեմբերի 18-ին թուրքի դրոշակը Ղարաբաղի դպրոցներից մեկի վրա ա եղել։ Հենց էդ օրը Արծրուն Հովհաննիսյանն ու Շուշան Ստեփանյանն իրար հերթ չտալով ասում էին՝ դրոշը ֆոտոշոփ ա, չհավատաք, չկա նման բան։ Էդքանից երկու օր հետ էս երեխեքին տարել մտցրել են էդ տարածք, ասել իբր՝ 20-30 հայ ձեզ կդիմավորի։ Հերիք չի՝ չեն ուղղորդել հստակ, ճանապարհը 8 կմ սխալ տարել, մի հատ էլ 500 հոգի թուրք ա դիմավորել ու տարել մեր տղերքին։ Դե հիմա էլ ասեք՝ ֆոտոշոփ ա, հիմա էլ հերքեք․․․»։

Զինծառայողների հարազատներն այս ընթացքում պատկան մարմիններից հստակ տեղեկություն չեն ստացել: Հանդիպումներ եղել է ՊՆ ներկայացուցիչների հետ, սակայն որևէ հանգամանալից պատասխան չեն ստացել․Նրանց խոսքով՝ բոլորն իրենց հրահանգում են սպասել մի քանի օր, այնինչ մի քանի ժամն էլ կարող է նշանակություն ունենալ․

«Մեզ ոչ մի ստույգ տեղեկություն չեն տալիս, մեզ ամեն օր խաբում են՝ վաղը, մյուս օրը, վաղը, մյուս օրը։ Խմբի ղեկավար գեներալ Անդրանիկ Մակարյանի հետ ենք հանդիպում, ասում ենք՝  բա Դուք ինչի՞ չգնացիք կռվեիք, ասում ա՝ բա կարող ա ինձ էլ խփեին․․․Էլ ի՞նչ ասեինք էն դեպքում, երբ իր հրամանով ա խումբն ուղևորվել էնտեղ՝ չունենալով համապատասխան պաշտպանական միջոցներ, զինտեխնիկա․․․ ոչ մի բան չունենալով իրենց հետ։ Մարդիկ գնացել են կռիվ՝ առանց զրահաբաճկոնների, չորս մագազին պատրոնով ընդամենը»,- Forrights-ին է պատմում Սյուզի Ղուկասյանը, ով տևական ժամանակ է՝ ամուսնուն է փնտրում։

Զորամասից մեկնած 62 զինծառայողներից միայն 22-ն է հետ եկել, մյուսների հարազատների խումբն այս պահին երեք մասի է բաժանված․ մի մասն իրենք են՝ զորամասի մոտ, մյուսը՝ կառավարության կամ Պաշտպանության նախարարության շենքի մոտ, երրորդ խումբն այս պահին Ստեփանակերտում է՝ մասնակցում է որոնողափրկարարական աշխատանքներին։

«Ամենավերջին, ամենավատ ձևով սպասում ենք մեր երեխեքին։ Իրենք դրդում են, որ այդ նույն ծնողներն անցնեն բոլոր սահմանները։ Մենք բաց աչքերով, կենդանի տեսնում ենք դժոխք ասվածը․․․»։

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին Էջմիածնի զորամասի շտաբի պետ Կամո Մալխասյանը մոտեցել էր ծնողներին և վստահեցրել բողոքի ակցիա իրականացողներին, որ առաջիկա օրերին որոնողական աշխատանքներն իրականացվելու են: Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները հանդիպել են թե՛ Պաշտպանության նախարարի, թ՛ե ՀՀ վարչապետի հետ: Հարազատները նաև նամակ են փոխանցել ՌԴ դեսպանատանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:

Ռոզա Վարդանյան

Մեկնաբանել հոդվածը

Մեկնաբանության դաշտը դատարկ է
Ձեր անունը