Հայաստանում այս տարի Սուրբ Ծնունդը չեն դիմավորում նախկինի պես․․․Սուրբ Ծնունդն այս տարի տարբերվում է։

Այսօր բազմաթիվ մարդիկ էին այցելել Եռաբլուր, նաև նրանք, ովքեր հարազատներ չունեն այնտեղ։ Մարդիկ հերոսներին էին եկել այցելության։ Նրանք իրար հետ չէին շփվում, ամեն մեկն իր վիշտն ուներ և իր գերեզմանը: Աղմուկ չկար․ միայն ցավի լուռ ձայնն էր ու խնկաբույրը․․․

Արցախյան պատերազմում անձնվիրաբար կռված, Մատաղիսում հերոսացած ժամկետային զինծառայող, հրետանավոր Արտակ Ենոքյանի եղբայրը՝ Հրաչն, ասում է՝ ո՛չ իր ընտանիքի անդամները, ո՛չ հարազատները, ո՛չ էլ հերոսի ընկերները նրան մահացած չեն համարում։ Նրանք հաճախ են Արտակին այցի գալիս, խոսում, մտորում…

«Արտակը չի մահացել․ մենք ուղղակի համարում ենք, որ նա մի հեռու տեղ է գնացել։ Արտակը մեզ հետ է», — հերոս եղբոր մասին խոսելիս ասում է Հրաչը։
Արտակի ընկերներն էլ ասում են՝ հաճախ են Եռաբլուր գալիս, զրուցում են և հոգեպես զգում են, որ Արտակն էլ է իրենց զրույցին մասնակցում։

Հերոսների ընտանիքներից շատերը քաջերի սիրած քաղցրավենիքն էին բերել Եռաբլուր․ Արտակի հարազատները ևս բերել էին հերոսի սիրած անուշեղենը։ Խիզախ հրետանավորի նկարի կողքին նաև եղևնի կա՝ խաղալիքներով զարդարված։ Հարազատները Ամանորը Արտակի հետ են դիմավորել։

Քանի դեռ մենք մեր հերոսների հիշատակը վառ ենք պահում, նրանք միշտ մեր կողքին, մեր հոգու մեջ են լինելու․․․ Նրանք մեզ ապրեցրել են, և հիմա էլ շարունակում են ապրել։

Հասմիկ Բալեյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest