Անհայտ կորած զինծառայողների ծնողները, հարազատները դարձյալ Կառավարության շենքի առջև են։

Կապ չունի, որ պաշտոնապես ոչ աշխատանքային երեքշաբթի է, վրդովված պահանջում են հանդիպում վարչապետի, առողջապահության նախարարի հետ։

Ռոման Ղազարյանն ասում է՝ կան ծնողներ, որ անգիտակից վիճակում գտնվող իրենց երեխաների նկարները տեսել են, բայց նրանց գտնել չեն կարողանում.

«Վերջին անգամ Գորիս են նկարել, ասում են, Գորիսում նկարողին էլ են գտել, բայց էդ երեխան չկա, մեկ շաբաթ է չեն կարողանում գտնել: Էսօր մեկի գրպանից մի հատ հեռախոս գողանանք, մի ժամ հետո համ տեղներս կգտնեն, համ կգտնեն էդ երեխան որտեղ է, ով է, ինչ է, բայց էսօր կոնկրետ չեն զբաղվում»:

Գեղամ Թադևոսյանը ծանր վիրավորում ստացած, կոմայի մեջ հիվանդանոցում գտնվող որդու լուսանկարը տեսել է դեկտեմբերի 15-ին, փնտրել է նրան վերակենդանացման բոլոր բաժանմունքներում. «Բուժհաստատություն դիմում ես, հենց ընդունարանից ասում են՝ մենք անգիտակից չունենք»​:

Փորփրել, պարզել է՝ լուսանկարն արվել է Գորիսի հոսպիտալում, թե ուր է հետո որդին տեղափոխվել՝ շաբաթներ շարունակ ճշտել չի ստացվում. «Ղեկավարությանն ենք հարցնում, պետությանն ենք հարցնում, երկրի առաջին դեմքին ենք հարցնում՝ ո՞ւր է մեր երեխան»:

Ծնողներից Ռոման Ղազարյանը կառավարության շենք մտավ, հետո դուրս եկավ, հավաքվածների համար պարզաբանեց՝ վարչապետի հետ այսօր հանդիպում չի լինի, քանի որ Փաշինյանը պետք է մեկնի Մոսկվա՝ եռակողմ հանդիպման: Ի դեպ՝ երեկ գործադիրից այս լուրը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էին:

Ծնողները հնարավոր այդ հանդիպումից առաջ մի շարք հարցեր են բարձրացնում. «Փաշինյանը Պուտինի հետ կոնկրետ խոսան, Բաքվի հետ խոսան, իմանան ընդեղ քանի հոգի կա»:​

Ծնողների մի մասը Արցախում որոնողական աշխատանքներին մասնակցել է, ասում են, Ջաբրայիլի զորամասի հատվածում որևէ մարմին չի գտնվում, ենթադրում են, որ շատերը գերեվարված են։ Ինչո՞ւ մինչև այժմ պարզ չէ՝ թե քանի հոգի և ովքեր են գերեվարվածները, հարցնում են ծնողները։ Ուզում են գոնե ճշտել՝ զոհվածների, թե գերիների մեջ փնտրեն իրենց երեխաներին։ Գեղամ Պողոսյանի ժամկետային զինծառայող որդու հեռախոսահամարին մեկ ամիս առաջ ադրբեջանցիները պատասխանել են, մինչև օրս անորոշությունը միայն խորացել է:

«Քրոջս տղան զանգել է, վերցրել են թուրքերը, էդ փաստը դրել եմ իրանց դեմը ԱԱԾ-ի, էս մի ամիս ա ոչ մի բան, ամեն օր զանգում են՝ աշխատում ենք այդ ուղղությամբ ու ոչ մի բան», — ասաց Պողոսյանը:​

Ասյա Բաքոյանը որդուց ոչ մի լուր չունի նոյեմբերի 2-ից: Արցախի փրկարար ծառայության ջոկատները ու նրանց միացած ծնողները որոնողական աշխատանքը շարունակում են Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում։

1184 մարմին է հայտնաբերվել մինչև այժմ, երեկ Ջաբրայիլի ու Հադրութի ուղղություններից փրկարարներն 9 աճյուն են գտել, 3-ը՝ երկու կին և մեկ տղամարդ, Հադրութ քաղաքում են հայտնաբերվել՝ խաղաղ բնակիչներ են։ Այսօր փրկարարները շարունակում են զոհվածների որոնել Հադրութի, Ֆիզուլիի, Թալիշի ու Մատաղիսի հատվածներում:

։ Առողջապահության նախարարության տվյալով մինչև հունվարի սկիզբը 3330 մարմին է դատաբժշկական փորձաքննության ենթարկվել, նույնականացվել ու ճանաչվել է 436 մարմին։ Իրենց երեխաներին դեռևս որոնող հայրերն ու մայրերը ուզում են հավատալ՝ այս վիճակագրություն կշրջանցի իրենց:

Ազնիվ Սիրդեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest