«Մեզ մի վիրավորեք: Ոչ մեր հողը կա, ոչ մեր տունը կա, առանց էն էլ վիրավորված ենք». թալիշեցիները՝ Չարենցավանում

525

Չարենցավանում վերջին պատերազմից հետո Արցախից Հայաստան արտագաղթած 1600 փախստականներ կան: Ըստ քաղաքապետարանի տվյալների, պատերազմի թեժ օրերին նրանք ավելի շատ են եղել՝ 3000-ից ավելի: Հիմա մի մասը հեռացել է: Չարենցավանում շատ են Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից եկածները:

Քաղաքապետարանը մոբիլիզացրել է ուժերն ու ռեսուրսները նրանց աջակցելու, սնունդ, կենցաղային  իրեր ու պարագաներ տրամադրելու համար: Սակայն հաճախ գյուղացիների մեջ «բարիքների» բաշխման հետ կապված վեճեր են առաջանում, որոշակի լարվածություն է ստղծվում քաղաքապետարանի աշխատակիցների և թալիշեցիների միջև: 

Շփման գծին մոտ գտնվող Թալիշ գյուղի բնակիչներին դեռևս 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմից հետո ԼՂ կառավարությունը տեղափոխել էր Թալիշից 35 կմ հեռավորության վրա գտնվող Ալաշան գյուղ։ Բուն Թալիշում մի քանի ընտանիք էր մնացել, հիմնականում՝ տղամարդիկ:  

Թալիշի բնակչուհի Կ. Ա-ի համար սա երկրորդ պանդխտությունն է: Իր 8 հոգանոց ընտանիքի հետ Ալաշան տեղափոխվածներից էր: Տարեսկզբին, հավատալով Արցախի կառավարությանը, հետ էր գնացել Թալիշ: Պատերազմից հետո Թալիշը մնաց ադրբեջանցիներին, և հիմա Կ. Ա-ն Չարենցավանում է, իրեն խնամակալած ընտանիքում:

Երեք տղա ունի, երկուսը կամավոր են մասնակցել պատերազմին, երրորդը պայմանագրային զինծառայող է: Հիմա էլ Ջեբրայիլում է:

Չարենցավանի քաղաքապետարանի օգնություններ բաշխող աշխատողից վիրավորված է ի խորոց սրտի:

Վերջինս, ըստ կնոջ, նրան ասել է, որ զզվում է թալիշեցիներից:

«Մի բան լա ուզում չենք, փառք Աստված, մենակ մեզ թող չվիրավորեն: Որ գնում ենք քաղաքապետարան, մեզ ամեն անպատիվ խոսք ասում են, ասում են՝ դու Թալիշ չես եղել: Դա ճշտելը դժվար չի: Կարան ճշտեն գյուղապետարանից: Իմ երեք տղաները այնտեղ են եղել, երկուսը եկել են, մեկն էլ հիմա «պոստի» ա գնում, կարան ճշտեն, չ՞է: Ես ու իմ երեխեքը Թալիշում ենք եղել, անցած Նոր տարին էլ Ստեփանակերտի կլուբումը թոռներս ուրախացել են, նվերներ են իրանց տվել, երկու պուճուր թոռներ ունեմ, ճշտելը դժվար ա՞:  Գնում ենք, ասում են՝ մենք Թալիշեցիներից զզվում ենք: Բալամ, քեզանից ոչ բան ենք ուզում, ոչ էլ, ինչ  տվել եք, ապրեք, յոլա ենք գնում: Բայց մեզ մի վիրավորեք: Ոչ մեր հողը կա, ոչ մեր տունը կա, առանց էն էլ վիրավորված ենք: Մեկ մեկ էլ մի տեղ ես գնում, էնպես են հետդ խոսում, որ իրանց խոսալուց հավեսդ գալիս ա: Մենակ ես չեմ, մեր գյուղացիք էլ են, էն ա, նույնը ասում՝ որ մարդկանց հետ կոպիտ են վարվում: Մեր գյուղապետը Ալաշանում ա, ասել ա, որ գա, պիտի մտի քաղաքապետարան, ասի՝ մեր ժողովրդի հետ տենց մի խոսի: Մեր ժողովուրդը լավ ժողովորդ ա», — ասում է կ. Ա-ն:

Հարցնում ենք, թե ով է իրեն ասել, որ զզվում  է թալիշեցիներից: Տալիս է քաղաքապետի  մամուլի խոսնակ Սաթենիկ Բալաբեկյանի անունը, որ քաղաքապետարանում համակարգում է օգնությունների տրամադրումը: 

«Մեզ Չարենցավանի քաղաքապետարանը, Սաթիկ անունով աղջիկը 15 օրը մեկ սնունդ ա տալիս: Որ գնում ենք քաղաքապետարան, ասում ա՝ մի եկեք, թալիշեցիներից զզվում եմ: Մենք քեզ ի՞նչ ենք արել, որ մեզանից զզվում ես: 15 օրը մին մեր գյուղացիներին 2 կիլո գրեչկա, 2 կիլո մակարոն ա տալիս, ձեթ: Հիմա էլի գնում եմ մոտը, չի տալիս ու ասում ա՝ մի գա, էլ չենք տալու: Ասում եմ՝ ապրես, չենք ուզում, բայց գոնե հետներս նորմալ խոսի: Առանց էն էլ մենք շատ բան ենք կորցրել, մեր ամբողջ ժողովուրդն էլ կորցրել ա: Իրանց երեխեքն են կորցրել, մենք էլ 93 թվին՝ իմ աղբերը, իմ մարդը, իմ տեքրը՝ լոխ կորցրել ենք: Հիմա մի պապի ունենք՝ 93 տարեկան, ապերացիա արած, մի կերպ յոլա ենք գնում, ով ուտում ա, ապրի, ով չի ուտում, նա էլ ապրի, քե մատաղ, բայց մեր հետ շատ են կոպիտ վարվում, մի ուրիշ ձևի», — գանգատվում է Կ-ն:

 Սաթենիկ Բալաբեկյանը Forrights.am-ի հարցերին պատասխանելով, հերքեց, որ կոպիտ է խոսել կնոջ հետ: Ասաց, որ ինքն էլ շատ վիրավորված, և «եթե մենք դա պետք է քննարկենք» ժամանակ չկորցնենք, որովհետև ինքը շատ է զբաղված:

  Ի՞նչն է խնդիրը՝ հարցրեցինք: «Պարզապես, պահանջում են, որ ամեն ինչ ժամանակին լինի ու բոլորին հասնի, իսկ դա այս պայմաններում հնարավոր չէ 1600 արցախցիների ներկայության պայմաններում: Մենք իրենց ամեն ինչ տվել ենք, ինչ կարողացել ենք, մենք տալիս ենք այն, ինչ մեզ են տալիս, այդ ամենը օդից չենք ստանում: Մենք կառավարությունից ենք ստանում օգնությունները, «Վիժն»-ից, «Կարմիր Խաչից», մի շարք այլ կազմակերպություններից, բարերարներից: Սնունդ ենք տվել, ծածկոցներ, հիգիենայի պարագաներ, լեժանկաներ, ինչ մեզ տալիս են, մենք անսահմանափակ բաժանում ենք: Բայց եթե  մենք իրենց գյուղից ինչ-որ մեկին մի բան տալիս ենք, ասենք, մի բարերարից 5 տաքացուցիչ ենք վերցրել,  անմիջապես բոլոր մյուսները գալիս են, ու այդ նույն բանը՝ տաքացուցիչը ուզում են: Դե արի, բացատրի, որ այդքան չկա: Ես իրենց ասում եմ՝ եթե ես մի բան տալիս եմ ձեզ, մյուսներին մի ասեք»:

Դուք այդ կնոջը չե՞ք ասել, որ զզվում եք թալիշեցիներից, այդ կինը հորինե՞լ է: «Ես նման բան չեմ ասել: Ես մենակ զբաղվում եմ 1600 հոգով ու չեք էլ պատրերացնում, ինչ վիրավորանքներ եմ լսում: Եթե մենք չենք վիրավորվում, իրենք պետք է չվիրավորվեն ու չվիրավորվեն», — պատասխանեց Չարենցավանի քաղաքապետի խոսնակը: Ըստ նրա, սննդի մեծ պաշար է հավաքվել, որը դեռ երկար ժամանակ չի սպառվի՝ նպարեղենի, խտացրած կաթի, յուղի, սուրճի, մանկական տակդիների: Չարենցավանի քաղաքապետարանի աշխատողն ասաց նաև, որ Նոր տարուց հետո մոտ 300  արցախցիների վերադարձ է սպասվում Արցախ, և հույս  կա, որ տոներից հետո օգնության կարիք ունեցողների թվաքանակը կնվազի, և քաղաքապետարանը կաջակցի  միայն Չարենցավանի անապահովներին, որոնք այժմ նեղացած են: Արցախցիների գալուց հետո իրենց ոչինչ չի հասել:

Սյուզան Սիմոնյան