«Մենք չենք իմացել, որ ինքը գալու է։ Իմացանք, որ գերիներ պետք է բերեն, բայց որ իրեն էլ կբերեն, անգամ չէինք էլ մտածում»,-Forrights-ին պատմեց 2019 թվականի օգոստոսի 12-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի մայրը՝ տիկին Կարնեն։

Նշենք, որ դեկտեմբերի 14-ին, Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել 12, Ադրբեջանը Հայաստանին՝ 44 գերու, որոնց մեջ էր նաև 20-ամյա մեկ տարուց ավել գերության մեջ հայտնված Արայիկ Ղազարյանը։

Արայիկի անունը ցուցակներում երրորդն էր։ Առաջինը լսել է մորաքույրը և տեղեկացրել ծնողներին, իսկ ծնողները չսպասելով պաշտոնական հայտարարությանը, Եղեգիսից ճամփա են ընկել դեպի Երևան։ Ճանապարին, երբ արդեն Երասխ են հասել, զանգահարել են Կարմիր խաչից և ասել, որ վերադարձած գերիների մեջ է նաև իրենց որդին՝ Արայիկ Ղազարյանը․

«Մինչև մենք շարժվենք, որ գանք՝ Արայիկը խնդրում է ինչ-որ մի մարդու, որ մեզ զանգեն տեղեկացնեն։  Տղես մի քիչ տխրել էր, որ մենք էնտեղ չէինք, գնացինք իրեն հիվանդանոցում ենք դիմավորել»,-ուրախությունն ու հուզմունքը միահյուսված ու դողացող ձայնով պատմում է տիկին Կարինեն։ Որդու գալն անակնկալ էր՝ հիանալի անակնկալ, ճիշտ է՝ մտածում էին, որ գերիների փոխանակման առաջին փուլում կվերադարձվեն ավելի ծանր, առողջական խնդիրներ ունեցող  գերիները, բայց արի ու տես  առաջին վերադարձողներից էր նաև իմ որդին։

Առողջական վիճակի մասին դեռ մանրամասներ չունեն հարազատները, բայց մայրն ասում է ինչ առողջական կամ հոգեբանական խնդիրներն էլ ունենա, կարևոր է, որ որդին վերադարձել է գերությունից:

«Առաջին օրը 20 րոպե եմ տեսել, բայց դե հոգեբաններ պետք է աշխատեն և այլն։ Ես ամեն ինչի պատրաստ էի, մենակ իմ երեխային բերեյին Հայաստան, մենակ չիմանամ՝ ամեն օր իմ երեխուն ծեծում են կամ թե ինչերի միջով է անցնում»,-ասաց նա։

Կարմիր Խաչից մշտապես Կարինեյին տեղեկացնում էին նրա որպիսության մասին, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ երկտողներ փոխանակում․

«Միշտ ասում էի, որ իրա վրա քրեական հոդված չկա, դատվածություն չկա, ուստի եթե գերիներին բերեն,  իրեն հաստատ կբերեն։ Փառք Աստծուն, որ իմ երեխեն Հայաստանում է։ Ես ամեն ինչ կանեմ, որ ինքը լավ լինի, չեմ ասում 100 տոկոսանոց մարդ լինի, բայց որ լավ լինի, դա հաստատ կանեմ։ Չեմ կարա դժգոհեմ»։

«Ոնց որ Արայիկս նորից ծնված լինի, չգիտեմ ուրախությունս ո՞նց արտահայտեմ»,- հուզմունքը հազիվ զսպելով ասաց տիկին Կարինեն։

Արայիկը, ինչպես նաև մյուս գերիները այժմ ստանում են համապատասխան բուժօգնություն։

Հիշեցնենք, որ Forrights-ի հետ զրույցում, դեռ  ամիսներ առաջ տիկին Կարինեն ասել էր․  «Ես հանուն իմ Արայիկի պետք ա ապրեմ, ես չգիտեմ, օրը 10-15 դեղ խմելով պետք ա ապրեմ։ Եթե ես էսօր իմանամ Արայիկը չկա՝ վաղն ինձ կկախեմ։ Ես չեմ կարա ապրեմ առանց իրա»,- Կարինեն զսպում էր արցունքները, ծնոտը դողում էր, ասում էր՝ Արայիկի դեպքից հետո երեք ամիս է դարպասից դուրս ոտքը չի դրել՝ ոտքերն առաջ չեն գնում։

Նշենք նաև, ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց պաշտպանության նախարարությանը հղում անելով հայտնել էին, թե 20-ամյա զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, և որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»: Ադրբեջանական մամուլը նաև լուսանկարներ էր հրապարակել, որտեղ պարզորոշ երևում են զինծառայողի ոտքերին և ձեռքերին եղած բռնության հետքերը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest