Հին Շենում շրջափակման մեջ հայտնված 72 գյումրեցիներ տուն են վերադարձել

142

Շուշիի շրջանի Հին Շենում շրջափակման մեջ հայտնված Շիրակի մարզի կամավորները տուն են վերադարձել: Այս մասին հայտնում է մարզից ընտրված պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավորի` Նազելի Բաղդասարյանի հետ տեղում է եղել:

Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Մեծ Շեն և Հին Շեն գյուղերում ամեն ինչ նորալ է, ճանապարհները բաց են, տեղում խաղաղապահներ կան:

«Շիրակի մարզի 72 հոգանոց խումբը ճանապարհվեց դեպի տուն։ Ամեն ինչ կարգին է, և հերթափոխն էլ հավուր պատշաճի կազմակերված էր։

Բոլորին տեսել ենք, բոլորն էլ լավ էին և ժամերի ընթացքում կլինեն մարզում», — գրել է նա։

Օրեր առաջ Հին Շեն տանող ճանապարհի վրա ադրբեջանցիները հենակետ էին դրել, ապա ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում ճանապարհից հեռացվել էր այն, և Հին Շենն ապաշրջափակվել էր:

Հիշեցնենք նաև, որ մինչ այժմ որևէ տեղեկություն հայտնի չէ Խծաբերդի հատվածում գերեվարվածների մասին:

Երեկ կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, թե գերեվարվածների տվյալները դեռ ճշտվում են, ու այդ նպատակով Արցախ է մեկնել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։

Դրանից մեկ օր առաջ Արցախի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ է մնում 73 մարդու ճակատագիր, երեկ ուշ երեկոյան էլ տեղեկացրին, որ Պաշտպանության բանակին է փոխանցվել նույն հատվածի դիրքերի տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին։

Զոհվածների անունները մինչ այս պահը չեն հայտարարվել։