Մայրաքաղաքում այսօր բողոքի ակցիաները շարունակվել են: ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով ցուցարարները փակել են մի շարք փողոցներ:

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կոչ է արել իրենց ակցիաներին հեռուստացույցով ու հեռախոսով հետևող մարդկանց դուրս գալ փողոց:

Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության բաժին է բերման ենթարկվել 37 ցուցարար, այդ թվում՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները փորձում էին փակել Ֆրանսիայի հրապարակ տանող բոլոր ճանապարհները և  կաթվածահար անել երթևեկությունը, սակայն ոստիկանության ծառայողներն ազատել են ճանապարհը ցուցարարներից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիայի ընթացքում վնասվածք ստացած ցուցարարի և ոստիկանության ծառայողի միջադեպի առթիվ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:

Ավելի վաղ, Երևանում Ֆրանսիայի հրապարակից երկու քաղաքացի` տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին Հերացի թիվ 1 հիվանդանոց: 

Քաղաքացիներից մեկը՝ Ղ․Լ․-ն, 1979 թվականի ծնված է, քաղաքացու մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում, մյուս քաղաքացին՝ 1997 թվականի ծնված ոստիկանության աշխատակից է, ունի վերին վերջույթի վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում:

Pin It on Pinterest