Վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրված վերջնաժամկետն ավարտվեց։ Ընդդիմադիրները հայտարարեցին, որ սկսում են խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ իրականացնել։

Ցուցարարները ոչ մեծ խմբերով փակում են Երևան քաղաքի գլխավոր փողոցները՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Նրանցից ոմանք քիչ առաջ բերման ենթարկվեցին ոստիկանության կողմից, որոնց մեջ է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Ինչպես տեսնում եք Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել։ Հետևաբար այս պահից սկսած, մինչև 17։00-ն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն լեգիտիմ իրավունք խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ և գործողություններ անելու, իրենց բողոքն, իրենց պահանջը տեղ հասցնելու համար», — քիչ առաջ տեսաուղերձի միջոցով հայտարարել էր ընդդիմադիր 17 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության ճակատ» միավորման անդամ, Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա կոչ արեց քաղաքացիներին՝ բողոքի գործողություններն իրականացնել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքների։

«Դիմում եմ իրավապահ համակարգին՝ ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը և երբեք չտրվել ու չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները և ուժ չկիրառել մեր ժողովրդի նկատմամբ», — հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը։

Սաղաթելյանը նաև կոչով դիմեց Փաշինյանին․ — «Նիկոլ, միևնույն է դու հեռանալու ես, հեռացիր անցնցում։ Գոնե այս անգամ խնայիր մեր ժողովրդին, պետությունը և պետականությունը։ Գնա անցնցում, մի խաթարիր մեր երկրի ներքին կյանքը։ Քո հեռանալը կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի և պետության համար»։

Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմադիր ուժերը վերջնաժամկետ էին տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այն լրացավ այսօր ժամը 12։00-ին։ Փաշինյանը հրաժարական չի տվել։ Ընդդիմադիրները զգուշացրել էին, որ եթե Փաշինյանը հրաժարական չտա, իրենք զանգվածային անհնազանդություններ են իրականացնելու։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest