«Մովսեսի դեմքը նորմալ վիճակում էր». որդու ԴՆԹ եզրակացությանը սպասելիս

253

Ազնվաձոր գյուղի բնակիչ Ելենա Դավթյանը ղարաբաղյան երկրորդ պատերազմում զոհվածների ծնողներից է, որոնք չեն ճանաչել որդու մարմինը: Տանկիստ, կապիտան  Մովսես Դավթյանին թաղել են փակ դագաղում, և հուղարկավորությունից օրեր անց միայն, համադրելով որդու մահվան հանգամանքների մասին իր ստացած սուղ տեղեկությունները Ելենան սկսել է կասկածել, որ հողին հանձնված տղան իր Մովսեսը չէր:

Զինվորին՝ տանկի վարորդ-մեխանիկին, որի հետ Մովսես Դավթյանը Հադրութի մատույցներում կատարել է իր կյանքի վերջին հրամանը՝ դուրս է բերել մարտի դաշտից վնասված տանկը, Դավթյանները հանդիպել են Մարտունու գյուղերից մեկում:

 Նա պատմել է, որ Մովսեսը մահացել է իր փոխարեն: Տանկը դուրս բերելու ժամանակ ասել է իրեն՝ ես ավելի փորձառում եմ, ավելի լավ եմ տանկը վարում, արի, նստի իմ տեղը: «Երբ նրանք տեղից շարժվել են, նրանց կողքը արկ է պայթել: Զինվորին փրկեց այն, որ նա տանկի զրահաշտարակում էր: Նա պայթյունի ալիքից ուղղակի կողերի կոտրվածքներ ստացավ, իսկ տղաս կտոր-կտոր եղավ: Այդ զինվորը ինքն իրեն տանջում է, նա գիտակցում է, որ հիմա որդուս փոխարեն էլ է ապրում, իսկ նրա ծնողները մեզ շնորհակալություն հայտնեցին», — վերհիշում է Ելենան Forrights.am-ի հետ զրույցում: 

Որդու ծառայակիցը վստահեցրել է Ելենային, որ չի  կարողացել Մովսեսին հանել տանկի միջից, քանի որ կոտրվածքներ է ունեցել: Մովսեսին հանել է զորամասի շտապօգնության մեքենան:

«Որդուս մահվան վկայականում գրված է, որ նրան հնարավոր չէ ճանաչել, որ նրան ճանաչել են գրպանում եղած զինվորական գրքույկով: Բայց զինվորը, այդ տանկի վարորդ-մեխանիկը, որը փաստորեն հետն է եղել մահվան պահին, պնդում էր, որ Մովսեսի դեմքը վնասված չի եղել, դեմքը նորմալ էր: Աղջիկս հատուկ գնացել է, հանդիպել է այդ տղային, և նա ասել է, որ Մովսեսի դեմքը նորմալ վիճակում էր», — ասում է Ելենա Դավթյանը:

Ելենան ԴՆԹ հետազոտություն է պահանջել, արյուն է հանձնել, և արդեն մեկ ամիս է սպասում է պատասխանի: Ենթադրում է. «Երևի, շատ են զբաղված, չեն կարողանում ժամանակին ավարտեն հետազոտութունը: Չէ որ շատ մայրեր չեն կարողանում ճանաչել որդիներին»:

Մովսես Դավթյանը զոհվել է հոկտեմբերի 9-ին: Հոկտեմբերի 12-ին գույժը հասել է ծնողներին: Նրանց որդու մահվան մասին զանգահարել ու հայտնել են  դիահերձարանից: «ՊՆ-ի կողմից հայտնած զոհվածների թվում տղայիս անունը  մինչ օրս էլ չկա: Բայց դա միայն իմ դեպքում չէ: Շատերը չեն կարողանում ՊՆ-ից իրենց զոհվածների մասին տեղեկություն  ստանալ», — ասում է Ելենան:

Նա հոգով ամուր է, կոփված: Սումգայիթի փախստականներից է: Իրեն պինդ է պահում, աշխատում է չընկճվել, ասելով. «Զինվորականի մայրը պետք է պատրաստ լինի ամենավատին, իսկ իմ որդին ուղնուծուծը զինվորական էր: Նա չէր նստի հանգիստ էս պատերազմում: 16 տարեկանից նա տանը չէր: «Մոնթե Մելքոնյան» վարժարանում էր սովորում, հետո՝ «Վազգեն Սարգսյանում», հետո էլ ընկերոջ հետ խնդրել էին, որ իրենց ծառայության ուղարկեն Ղարաբաղ: Նա երազում էր տանկիստ դառնալ: Ցածր բոյի պատճառով սկզբում չէին թողնում, որ տանկիստ դառնա, բայց ինքը հասավ իր երազանքին»: Հոկտեմբերի 8-ին, մահից մեկ օր առաջ է Մովսեսը մորը զանգել, ասել է՝ ամեն ինչ լավ է:

«Մի անգամ տղաս, — հիշում է Ելենան, — ինձ ասաց՝ մամ, հրաշքների չհավատաս, հրաշքներ չեն լինում: Ես հիմա հաճախ եմ հիշում նրա այդ բառերը, բայց ուզում եմ հավատալ հրաշքի: Նրա ընկերներն էլ չեն հավատում, որ նա չկա: Նա այնքան էր սիրում կյանքը: Ոչ մի րոպե չէր կորցնում իր կյանքից: Ուզում էր երեք աղջիկ ունենալ: Ընկերների հետ սիրում էր գնալ բնության գիրկը: Խորովածներ չէին սիրում: Ինքնաեռն էին վերցնում հետները, կարտոֆիլ էին խորովում, հանգստանում էին, զրուցում: Մյուս տարի  կդառնար 30 տարեկան»:

Մի միտք է Ելենային տանջում՝ որ որդին աննպատակ, անիմաստ մահացավ: «Եթե նա ողջ լիներ, տեսնելով այն ամենն ինչ հիմա կատարվում է, նա շատ կնյարդայնանար: Ես չեմ ուզում հավատալ, որ դավաճանություն է եղել: Դա շատ ցավալի միտք է ինձ համար: Ստացվում է, որ մեր երեխաները թնդանոթի մի՞ս էին»:

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Մովսեսը աղջիկ է ունեցել: Հիվանդանոցում լրացուցիչ գումար են պահանջել կեսարյան հատման համար: Ընտանիքին տեղեկացրել են, որ որևէ արտոնություն զոհվածի ծննդկան կինը չունի: Ելենան ունեցել է գումար սև օրվա համար կուտակած: «Հարցը դա չէ, — ասում է, — այլ այն, որ մենք չենք զգում, որ պետությունը մեր կողքին է»:

Հ.Գ. Նյութը հրապարակել էինք, երբ Ելենա Դավթյանից տեղեկացանք, որ զոհված հերոսի կնոջ ծննդաբերության ծախսերն ամբողջությամբ հոգացել է պետությունը։

Սյուզան Սիմոնյան