Արցախի հյուսիսային սահմանում իր մասնագիտական պարտքը կատարելիս քունքի ու մեջքի շրջանում վիրավորում ստանալուց հետո բժիշկ Հայկազ Հարությունյանը հրաժարվել է իջնել դիրքերից: Նա տղաներին միայնակ չի թողել: Մինչև ռազմական գործողությունների ավարտը մնացել է այնտեղ՝ բուժել իր վերքերն ու մեր քաջերին։

Նա Արցախից վերադարձել է նոյեմբերի 24-ին՝ այն օրը, երբ դիրքերից իջել է ստորաբաժանումը, որի կազմում ընդգրկված է եղել նաև ինքը։ Հայկազի բժիշկ հոր ու ապագա բժիշկ եղբոր՝ Արսենի հետ զրույցելու առիթ ունեցել ենք։ Այդ օրերին Հայկազը դեռ Արցախում էր և հնարավոր չէր վերջինիս հետ հարցազրույց անցկացնել։

Խոսելով Արցախ մեկնելու իր որոշման մասին բժիշկն ասում է, որ պատերազմի առաջին օրն Արցախ մեկնելիս չի էլ մտածել՝ կվերադառնա, թե՞ ոչ, միայն վստահ էր, որ Արցախում իր կարիքը կա և անվարան մեկնել է։ Նույն անձնուրաց հայրենասիրությամբ նա Արցախ է մեկնել նաև Ապրիլյան պատերազմի օրերին։

«Տեղեկանալով, որ պատերազմ է սկսվել զանգահարեցի իմ աշխատավայր և ասացի՝ գնում եմ Արցախ։ Երբ ինձ հարցին՝ որքա՞ն ժամանակով, պատասխանեցի՝ մինչև վերջին զինծառայողը կվերադառնա։ Ես վերադարձա նոյեմբերի 24-ին, երբ իմ ստորաբաժանումն իջավ դիրքերից ու ինձ վստահեցրին, որ իմ կարիքն այլևս չեն զգում այնտեղ։ Եթե իմ կարիքն Արցախում զգան, ապա ամեն վայրկյան պատրաստ եմ մեկնել», — ասում է Հայկազ Հարությունյանը։

Խոսելով վիրավորում ստանալու օրվա մասին, Հայկազն ասում է, որ իրեն տանջում են ոչ թե իր ստացած վերքերը, այլ ըկերների կորստի ցավը։

«Հոկտեմբերի 31-ին, երբ ես վիրավորում ստացա, իմ կողքին էին ընկերներս՝ Կիմն ու Մայիսը։ Աննկարագրելի ցավ եմ ապրել։ Կիմն ապագա բժիշկ էր ու թեև կամավոր մարտի դաշտ էր եկել որպես զինվոր, բայց պատրաստ էր նաև իր մասնագիտական առաքելությունն իրականացնել։ Իմ ընկերների նահատակությունը և մյուս ցավալի ու անդառնալի կորուստները ինձ ստիպեցին վերաարժևորել կյանքը և հասկանալ, որ ես այլևս չեմ ապրում ինձ համար՝ ապրում եմ իմ ընկերների 18-20 տարեկան քաջ զինվորների հիշատակի համար», — ասում է Հայկազը։

Վիրավորում ստանալուց հետո նա կարճատև զրույց է ունեցել ծնողների ու եղբոր հետ և նրանց վստահեցրել, որ իր ստացած վիրավորումը լուրջ չէ, ասել է՝ ոչ մի դեպքում տղաներին միայնակ չի թողնի: Ընտանիքի անդամները հակառակը չեն պնդել, նրան չեն համոզել իջնել դիրքերից՝ հարգելով Հայկազի որոշումը։

«Հայրենիքին ու տղաներին օգնելու, մեր քաջերի շնորհակալությամբ ու վստահությամբ լի՝ ինձ ուղղված հայացքներն ու քաջալերող խոսքերն ինձ ուժ տվեցին, որպեսզի հաղթահարեմ դժվարությունները և պատվով կատարեմ իմ պարտքը մարտի դաշտում», — նշում է բժիշկը։

Նա պատերազմի օրերին եղել է և՛ զինվոր, և՛ բժիշկ, գիտի որ միշտ պետք է զգոն լինել, պատրաստ լինել յուրաքանչյուր սցենարի զարգացման՝ հանուն հայրենիքի ոչինչ չխնայել։ Խոսելով պատերազմի իր ապրումների ու զգացողությունների մասին, Հայկազն ասում է․

«Երջանկության պահեր եմ ապրել, երբ հնարավոր է եղել մեր տղաների կյանքը փրկել և աննկարագրելի ցավ ապրել տեսնելով, թե ինչպես են իրար ետևից բերում վիրավորներ, երիտասարդ կյանքեր, և այդ տղաներին հնարավոր չէր փրկել՝ ուշացած էր ամեն ինչ, բժշկությունն ի զորու չէր փրկել նրանց․․․

Այս ամենի մասին այսօր եմ կարողանում խոսել, իսկ այնտեղ մտածելու ժամանակ անգամ չկար՝ մեր գործն այնպիսի շարժման մեջ էր, որ մտածելու, երազելու, հիշողության մեջ ինչ-որ բան դաջելու ժամանակ չկար»։

Եղել են նաև դեպքեր, երբ պայմանները նրան թելադրել են կատարել այնպիսի բժշկական միջամտություններ, որոնք նախկինում չէր արել։ Բայց մեր քաջերի կյանքը փրկելու մղումը օգնել են ուժ գտնել ու հաջողությամբ կատարել մասնագիտական առաքելությունը: Հայկազն ուսանողական տարիներից էր առաջամարտիկ, աստիճանաբար մասնագիտական փորձ է ձեռք բերել և թրծվել:

Հայրենի գյուղ՝ Արենի վիրադառալուց հետո երկու օր է ընտանիքի հետ անցկացրել: Նա վերադարձել է Երևան՝ շարունակելով իր գործը՝ գտնվել հիվանդների կողքին։ Մեր զրույցի ավարտին Հայկազն ամփոփում է.

«Մեր քաջերի թափած արյունը, նրանց գործած սխրանքները և անմահ հիշատակը մեզ պարտավորեցնում են հայրենիքի և միմյանց նկատմամբ լինել հոգատար ու պատասխանատու։ Եթե ամեն մեկն իր տեղում գործի բարեխղճորեն ու հայրենիքը սիրի անձնուրաց սիրով, ապա կվերականգնենք մեր կորցրածը՝ հաղթողի պատիվը:

Մանրամասները՝ տեսանյութում։

ՀԱՍՄԻԿ ԲԱԼԵՅԱՆ

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest