Մարդը, որը ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից, մեզ մեղադրում է հարցի՝ տարածքային վեճի կոնտեքստ ստանալու մեջ. ՀՀ վարչապետ

135

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձում նշեց, որ այն բանից հետո, երբ իր վրա վերցրեց պատերազմում պարտության ողջ պատասխանատվությունը, հետաքրքիր գործընթաց է ստեղծվել Հայաստանում:

«Ով չի ալարում, շտապում է վերջին 25-30 տարվա մեր բոլոր սխալների պատասխանատվությունը հրել դեպի ինձ, դեպի գործող Կառավարություն: Բանը հասել է այնտեղ, որ այն մարդը, որը Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից և բանակցությունները տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է, որ Ղարաբաղի հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով: Հարցն այդպիսի կոնտեքստ ստացել է այն ժամանակ, երբ Հայաստանը սկսեց բանակցել Ղարաբաղի փոխարեն»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը մեկ այլ մեղադրանք մեջբերեց. միջազգային հանրությունը Ադրբեջանի այս տարվա ագրեսիան  ընկալել է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում:

«Մեղադրանքը հնչեցնում է մի մարդ, ում կառավարման օրոք միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր փաստաթղթավորված Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ միջազգային հանրության վերաբերմունքը ձևավորվել է վերջին 25 տարիների ընթացքում, որ Ղարաբաղի հարցը ընկալվեց որպես տարածքային վեճ, և դա դարձավ մեր ամենամեծ պրոբլեմը, և Հայաստանը միջազգային հանրության կողմից սկսեց աստիճանաբար ընկալվել որպես օկուպանտ:

«Մեզ մեղադրում են, թե Հայաստանի դիվանագիտական ձախողումն էր պատերազմը: Ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցում Հայաստանը այդ ե՞րբ և ինչպիսի՞ դիվանագիտական հաջողություն է ունեցել ինստիտուցիոնալ բանակցություննների մեկնարկից ի վեր: Դիվանագիտական հաջողությունը 1995 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողո՞վն էր, որտեղ մեր տարած հաղթանակից անմիջապես հետո միջազգային հանրությունը ցույց տվեց իր մոտեցումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավարություն պետք է ունենա, և սա է հարցի լուծման բանաձևը:

Դիվանագիտական հաջողությունը 1998 թվականին դիվանագիտական սեղանին դրված ընդհանուր պետություն բանա՞ձևն էր»,- նշեց Փաշինյանը՝ հիշեցնելով դիվանագիտական սեղանին նախկին 25 տարիների ընթացքում քննարկված բոլոր փաստաթղթերը:

Մեզ մեղադրում են, որ մենք պատերազմից չկարողացանք խուսափել: Խուսափո՞ղ էիք՝ 2016-ին խուսափեիք: Չկարողացաք խուսափել, կարողացաք պատերազմը կանգնեցնել՝ տարածքները վերադարձնելու բանավոր խոստման հիման վրա: Այդ մասին տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իսկ մեզ նույնը չհաջողվեց, քանի որ մեզ ասվում էր, որ Հայաստանը նախկինում մի քանի անգամ բանավոր խոստացել է, պայմանավորվել է վերադարձնել տարածքները, սակայն չի վերադարձվել, հիմա միայն գրավոր կարող է լինել և միայն ժամկետներով: Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել նոյեմբերի 9-ի նման փաստաթուղթ ստորագրելով միայն՝ պատերազմից առաջ կամ մեկնարկին,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով.- Պատերազմի հենց առաջին օրն ԱԺ ամբիոնից ասել եմ, որ հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը և ինչ գնով, ինչո՞ւ այդ ժամանակ հայտարարություններ չէիք անում, որ պետք է կանգնեցնել պատերազմը:  Պարզվում է՝ բոլորը 5+2 բանաձևով հողերը հանձնելու կողմնակից էին… հանձնեիք, 2016-ին հանձնեիք, 2017-ին հանձնեիք, կանխեիք պատերազմը»: 

Փաշինյանն ասաց, որ ոմանց թվում է՝ 5+2 բանաձևն Ադրբեջանը հալած յուղի տեղ էր ընդունելու, սակայն, ըստ նրա, դա դեռ պետք է քննարկվեր: «Որ պահին Հայաստանը համաձայներ ինչ-որ տարբերակի, Ադրբեջանն ավելին էր ուզելու՝ Շուշի, Լաչին և այլն: Եվ ես ապշած եմ ոմանց վրա, որոնք իրենց մեծ դիվանագետ համարելով՝ այս պարզ բաները չեն հասկանում»,- նշեց Կառավարության ղեկավարը: 

«Մեզ մեղադրում են նրանում, որ Թուրքիան մտավ ԼՂ հարցի մեջ: Թուրքիան ԼՂ հարցի մեջ մտել է ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում, երբ ձախողված դիվանագիտությունից հետո հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ Ադրբեջանի տարածքները օկուպացված են: Սա 10 տարի առաջ է տեղի ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: