Գողության մեջ կասկածվող 28-ամյա Վոլոդյա Ստեփանյանը հուլիսից պայքարում է ազատության ու իրեն վերագրվող գողությունների դեմ: Դրանց մի մասը ինքը ազնվաբար խոստովանել է, մյուս մասը տղայի վզին կախել էին ոստիկանները, արհեստականորեն ազատվելով չբացահայտված գործերից:

Վոլոդյա Ստեփանյանը մեղադրվում է տերմինալների թալանի գործով, որին անդրադարձել էինք ամռանը: Ըստ մեղադրանքի, նա տարբեր քաղաքներում տեղադրված տերմինալներից ու խանութներից գողություններ է արել: Նրա փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը Forrights.am-ին հայտնեց, որ հրապարակումից հետո քննիչները  հանել են իր պաշտպանյալին մեղսագրվող գողության դրվագներից մոտ 30-ը: Սակայն դեռ շատ դրվագներ են մնացել, որոնք տղան, իր իսկ խոսքերով, չի կատարել:

 Այս ընթացքում արդեն երկրորդ անգամ հացադուլ է հայտարարում: Երկու օր առաջ կրկին հացադուլ էր հայտարարել, քանի որ քննիչը դատարանից պահանջել էր երկու ամսով երկարացրել տղայի կալանքի ժամկետը: Դատարանը մասամբ բավարարել էր քննիչի միջնորդությունը, երկարաձգելով տղայի կալանքը մեկ ամսով:

Կալանքի երկարաձգումից հետո Վոլոդյան կրկին հացադուլ հայտարարեց, համարելով, որ իրեն անարդարացի են պահում անազատության մեջ, քանի որ ինքը խոստովանել է իր մեղքը: Իսկ քննիչը կալանքը հիմնավորել է նրանով, որ հնարավոր է, Վոլոդյան նոր հանցագործություն կատարի:

Այս ընթացքում Վոլոդյա Ստեփանյանը արդեն երկու անգամ հացադուլ է հայտարարել: 

Առաջին անգամ Վոլոդյան երկու ամիս հացդուլ պահեց: Հյուծվել էր: «Նա կորցրել էր գիտակցությունը, նրան տեղափոխեցին հիվանդանոց և 1 օր պահելուց հետո կրկին տեղափոխեցին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Հիմա տղաս կրկին հացադուլ է հայտարարել, որ նրա ձայնը ինչ որ կերպ լսելի դառնա», — ասում է Վոլոդյա Սուքիասյանի մայր Գոհար Սուքիասյանը:

2020 թվականի հուլիսի 15-ին 28-ամյա երիտասարդին ապօրինաբար, առանց համապատասխան որոշման բերման էին ենթարկել Եղեգնաձորի ոստիկանական բաժանմունք, որտեղ խոշտանգել և ծեծի էին ենթարկել նրան, պահանջելով, որ իր վրա վերցնի մի քանի գողություններ: Ծեծի հետքերը արձանագրվել էին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Գոհար Սուքիասյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Օրերս նա կրկին կապ հաստատեց մեզ հետ: Հայտնեց, որ մեր նախորդ հրապարակումից հետո թեև Վոլոդյայի մեղադրանքի ծավալը էապես նվազեցրել են, բայց էլի կան դրվագներ,  որոնք ինքը չի կատարել: «Նա խոստովանել է դրանք խոսշտանգման տակ», — ասում է Գոհար Սուքիասյանը:

Վոլոդյայի զանգերն արգելված են, նրան չի կարելի տեսակցել հարազատների հետ: Նոյեմբերի 14-ին նա կրկին հացադուլ հայտարարեց, պահանջելով վերացնել կալանքը և իրեն վերագրվող և իր կողմից չկատարված գողությունները: Երեք օր հացադուլ պահելուց հետո Վոլոդյայի փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը համոզեց երիտասարին դադարեցնել այդ անիմաստ ակցիան: Forrights.am-ին նա ասաց:

«Ըստ մեղադրանքի, Սարավանից մինչև Մեղրի, Ղափան, հետո էլ դեպի Արագածոտնի կողմը խանութներ ու տերմինալներ թալանելով գնացել են: Վոլոդյան հացադուլի ճանապարհով պահանջում էր, որ իրեն ազատ արձակեն, քանի որ ինքը  իր մեղքը խոստովանել է», — ասում է փաստաբանը:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest