Այսօր Երևանի Մեծ Կենտրոնը լեփ լեցուն է: Մոսկվա կինոթատրոնի մոտ բողոքի ակցիա են անում մտավորականները, պահանջում էին վերադարձնել գերիներին ու զոհված զինծառայողների դիակները: Իսկ Հանրապետության Հրապարակում, կառավարության շենքի մոտ ողջերին են պահանջում՝ ժամկետային զինծառայողներին: Նրանց վերաբերյալ այս պահին հրաման չկա, և տղաների ծնողները մտավախություն ունեն, որ երեխաները չեն հասցնի տուն գալ և կմնան շրջափակման մեջ:

Արդեն երկու օր է, նրանք պահանջում են հետ բերել իրենց երեխաներին: Ոմանք փորձել են գնալ Արցախ, իրենց որդիներին բերելու: Բայց տղաներին չեն տվել: Այս մասին Forrights.am-ին հայտնեց ծնողներից Ա-ն: Նա չէր ցանկանում ներկայանալ, որովհետև այլևս չի հավատում ոչ մեկին: «Լրագրողները թող գնան, կանգնեն մեր երեխեքի կողքին, նրանց նկարեն, որ  մենք տեսնենք, ուր են, ինչ են, ինչ վիճակում են», — ասում է զայրացած կինը:

«Պատերազմը ավարտվել է, մինչև դեկտեմբերի մեկը հողերը հանձնում են, ինչո՞ւ մեր երեխաներին հետ չեն բերում: Ի՞նչ է լինելու մեր երեխաների վերջը», — հարցնում է Երևանի բնակիչ Նունե Բաղդասարյանը:

Նրա միակ որդին՝ Սևակ Բաղդասարյանը 19 տարեկան է: Անցյալ տարի հունիսին է բանակ զորակոչվել: Ծառայել է Արցախի ՊԲ «Եղնիկներ» զորամասում: Ծառայության ընթացքում մի անգամ է երեք օրով տուն եկել: Պատերազմի առաջին օրվանից Սևակը մասնակցելէ  ռազմական գործողություններին, իսկ Նունեն՝ վախը սրտում, ամեն գիշեր լաց է եղել միակ որդու համար տագնապելով:

Պատերազմն ավարտվեց, բայց Սևակը դեռ «Եղնիկներում» է: «Տղաս հոկտեմբերի 27-ին էր զանգել, մեկ էլ երեկ զանգեց: Խոսում  է շատ վախեցած, համարյա ոչ  մի բան չի ասում, մենակ մի հարց է տալիս՝ մամ, ի՞նչ եք անում դուք այդտեղ, ի՞նչ եք մտածում մեր մասին, ի՞նչ են ասում»: Ուտելիք, հագուստ ունեն, թ՞ե ոչ, Նունեն չգիտի: «Եղնիկներից» վերադարձած ազատամարտիկները ասել են Նունեին, որ տղաներին տեսել են, իրենց հագուստը տվել են նրանց, ու եկել են: 

«Ասում են՝ մենք մեր շորեը տվինք իրանց, եկանք, ուրեմն, շոր չունեն, — որոշել է մայրը, — ես կողքից լսել եմ, որ շինարարություն են անում երեխեքը: Ինչի՞ս է պետք այդտեղի շինարարությունը: Ամսի 20-ից դիրքեր է կանգնել, հիմա էլ իջել է, շինարարություն է անում, թող գա տուն», — աղաղակում է կինը:

Վարչապետի հետ ծնողները  հանդիպել են նախորդ օրը: Փաշինյանը խոստացել է, որ ամսի մեկից հետո տղաների հարցը կլուծեն:

«Ամսի մեկից հետո ճանապարհը դեպի «Եղնիկներ» փակվում է: Եթե «Եղնիկներ» գնում եմ, Մատաղիսով եմ մտնում, հիմա Մատաղիսը, որ տվել են, ո՞նց են երեխեքը գալու: Գերի ե՞ն ընկնելու մեր երեխեքը: Իմ երեխան թող գա տուն: Ես չեմ հրաժարվում, որ նա ծառայի, բայց թող Հայաստանում ծառայի», — ասում է Նունե Բաղդասարյանը:

Երկու նույնաբովանդակ դիմում են գրել ծնողները կառավարության ղեկավարին ուղղված, որտեղ երկու պահանջ են դնում՝ իրենց երեխաներին հետ բերել Արցախից իսկ մինչ այդ ապահովել նրանց պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններով: Դիմումներից մեկը փոստով են ուղարկել, մյուսը տալու են առձեռն: Ի՞նչ կանեք, եթե մերժվեք:

«Եթե մերժվենք, ամեն մեկս իր գումարով գնալու է, երեխային բերի: Մենք դրան էլ ենք համաձայն», — ասում է Նունեն:

Ծնողների մտահոգությունները փոխանցեցինք ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: Նա ասաց, որ բոլոր ժամկետային զինծառայողների հարցերը կկարգավորվեն: Հարցին՝ եթե Մատաղիսը մինչև ամսի մեկը հանձնեն, հնարավո՞ր է, որ

«Եղնիկներում» ծառայողները մնան շրջափակման մեջ, չունենան հետ դառնալու ճանապարհ: «Կա ճանապարհ Լաչինով: Որևէ խնդիր չի լինի: Խնդիր կլինի, եթե խառնակիչները ստեղծեն պայմաններ հրադադարի ռեժիմը խախտելու: Քանի դեռ հրադադարի ռեժիմն է, խնդիրներ չեն լինի»:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest