«Ունենք տվյալներ մոտ 50-60 ռազմագերու մասով, որոնցից կեսի ինքնությունը դեռ անհայտ է»

«Բաց աղբյուրների վերլուծությամբ  պարզել ենք, որ Ադրբեջանում պահվում է մոտ 30 հայ ռազմագերի: Ունենք տվյալներ մոտ 50-60 ռազմագերու մասով, որոնցից կեսի ինքնությունը դեռ անհայտ է»,- այս մասին առցանց քննարկման ժամանակ տեղեկացրեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: 

«Հստակ թվեր չեմ կարող ասել: Բաց աղբյուրներից և սոցիալական հարթակներում  տարածված  տեսանյութերի և լուսանկարների միջոցով  մոտ 30 ռազմագերու  տվյալներն ենք կարողացել պարզել: Մեր ներկայացրած տվյալների հիման վրա հնարավոր է եղել Կարմիր  խաչի միջազգային կոմիտեի միջոցով կյանքեր փրկել: 

Ներկայումս ունենք  մոտ 30 անհայտ կորած քաղաքացիական անձ: 11 դեպքով հաստատված մահվան դեպք կա, որոնցից 7-ի մարմինները զինադադարի ընթացքում վերադարձվել են մեզ կամ մեր փրկարար ծառայությունն է գտել համապատասխան տեղերում։ Բոլոր յոթն էլ սպանված են եղել և հիմա փորձաքննություններն ընթանում են գրեթե բոլոր դեպքերով։ Առկա են եղել խեղման և խոշտանգման դեպքեր, այդ թվում հետմահու, ականջներ կտրելու դեպքեր, աչք հանելու, գլխատման, հետմահու դանակահարության և մի շարք նմանատիպ դեպքեր, որոնք սարսափազդու են»,- նշում է Բեգլարյանը:

Առկա բոլոր դեպքերը վերլուծում և ներկայացվում են ԿԽՄԿ-ին և ռուսական կողմին: Առայսօր հայկական կողմին  փոխանցվել է  ավելի քան 400 մարմին: Ընդ որում՝  մի մասին ԿԽՄԿ-ն ու փրկարարներն են գտել՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ, իսկ մի մասը փոխանակվել է:  

Տարածված լուրերը, թե Ադրբեջանում 150 հայ ռազմագերի կա, կեղծ են 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշում է, որ տարածված լուրերը, թե Ադրբեջանում 150 հայ ռազմագերի կա, կեղծ են: 

«Այն լրատվամիջոցներից, որոնք տարածել են այս տեղեկությունը, փորձել ենք ճշտել՝ որտեղից են վերցրել լուրը՝ չկարողացանք: ԿԽՄԿ-ն երբեք չի հրապարակել և չի էլ հրապարակելու վիճակագրական տվյալներ փնտրվող անձանց վերաբերյալ: Միայն կողմերն են իրավասու հրապարակել գերեվարված անձանց կոնտակտներ»,- ասաց Ամատունին:

Ինչ վերաբերում է գերեվարված անձանց վերադարձնելու հարցում ԿԽՄԿ դերակատարությանը, Զառա Ամատունին ընդգծեց, որ նման գործառույթ իրենց վերապահված չէ:

«Մենք միջազգային իրավունքի պարտավորությունների ներքո կողմերին   տեղեկացնում ենք այն մասին, որ գերեվարվածներին պետք է  հեռու պահեն  հանրային ուշադրությունից: Վերադարձնելու որոշում կարող են ընդունել միայն կողմերը, իսկ ԿԽՄԿ-ն միայն կարող է օգնել»։

«Ադրբեջանական կողմը հավաքել է մարմինները, ինչից հետո միայն թույլ տալիս, որ սկսվեն որոնողական աշխատանքները»

Արտակ Բեգլարյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այն տարածքներում, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, հայերի ավելի շատ մարմիններ կան, քան մեր կողմում՝  ադրբեջանցիների: Արցախի ՄԻՊ-ը համոզմունք ունի, որ ադրբեջանական կողմը հավաքել է մարմինները, ինչից հետո միայն թույլ տալիս, որ սկսվեն որոնողական աշխատանքները:   

Հարկ է նշել, որ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական մարմինների կողմից: Տարածվող տեսանյութերն ու լուսանկարները  ադրբեջանական բանակից կարող էին դուրս գալ միայն իշխանությունների թույլտվությամբ ու վերահսկողության ներքո: Այդպիսով՝  ադրբեջանական կողմի  նպատակը  մեր հասարակությանը հոգեբանորեն ճնշելն է: 

Ադրբեջանական սահնձազերծման արդյունքում ծավալված պատերազմի ընթացքում, հակառակորդի կողմից կատարած խոշտանգումների և բռնությունների մասին ՀՀ և Արցախի ՄԻՊ-ն արդեն 4-րդ փակ զեկույցն է ներկայացնում միջազգային ատյաններ։

Բեգլարյանը պարզաբանում է՝ զեկույցները փակ են, քանի որ այնտեղ կան բավականին շատ դաժան պատկերներ, ինչպես նաև բավական շատ անձնական տվյալներ.

«Նախընտրել ենք, որ ավելի թիրախային լինի և հայկական հասարակության մեջ չմտնեն այդ տեսանյութերն ու լուսանկարները, քանի որ ակնհայտորեն ադրբեջանական կողմի այս հանցագործությունները հրապարակայանացնելու նպատակներից մեկն այն է, որ հոգեբանորեն ճնշի հայկական հասարակությանը, լրացուցիչ տրավմաների ենթարկի առաջնագծում գտնվող զինվորներին»։

ԱՀ ՄԻՊ-ը նշեց, որ բավականին շատ ապացույցներ կան պնդելու, որ սա ադրբեջանական պետության վերահսկողության և նույնիսկ կազմակերպման տակ է գտնվում, քանի որ այն էջերը, որոնք հրապարակում են այդպիսի տեսանյութեր, լուսանկարներ, տարբեր ձևերով կապվում են ադրբեջանական պետական մարմինների հետ․

«Մենք շարունակում ենք  հավաքագրել ու  մշակել բոլոր  տվյալներն ու  վերլուծություններ, կատարել դրանք  ներկայացնելով  ՊԲ-ին,  ԿԽՄԿ-ին, Գերիների և անհայտ կորածների հանձնաժողովներին:  Այս տեսանկյունից անելիքներ ունի նաև միջազգային հանրությունը, իսկ մեր  կառավարությունը նույնպես պետք է անի  առավելագույնը զոհվածների  մարմիններն ու գերիներին վերադարձնելու համար»,- նշում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest