Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներ իրականացնել Մարտունու և Մարտակերտի շրջաններում, ինչպես նաև Մատաղիս-Թալիշ ուղղություններում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը։

Թադևոսյանի խոսքով՝ Շուշիի հատվածներում արդեն ավարտվել են որոնողական աշխատանքները։

«Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ամենօրյա ռեժիմով շարունակում է զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները։ Ներկայումս որոնողական աշխատանքներ են իրականացվում Մարտունի, Մարտակերտ, Մատաղիս-Թալիշ ուղղություններում, իսկ հաջորդ ուղղությունը լինելու է Ֆիզուլին և Հադրութը։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում, թույլտվություն ունենալու դեպքում կսկսենք որոնողական աշխատանքները»,- ասաց Թադևոսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում նույնպես իրականացվում են որոնողական աշխատանքներ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից։

Արցախի փրկարարների հետ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ռուս խաղաղապահները։

Ավելի վաղ, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի և «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ ընթանում են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները։ Կողմերի հետ համաձայնեցված որոնողական աշխատանքները տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով։ Գերիների վերադարձը և զոհվածների մարմինների փոխանակումը պետական մարմինների առաջնահերթություններից մեկն է, որի ուղղությամբ շարունակվում են համալիր ջանքերը, ինչի շրջանակներում նաև «Կարմիր խաչի» աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest