Արցախցի Մերին իր տասներկուերորդ ծնունդը դիմավորում է տանից, հարազատներից և ընկերներից շատ հեռու։ Դեռ ամիսներ առաջ ծնունդը նշելու բոլոր մտահաղացումները հօդս ցնդեցին, երբ սեպտեմբերյան մի առավոտ թշնամին որոշեց հարձակվել Արցախի վրա․

«Երբ դեռ չէր եղել պատերազմը, մտածում էի՝ բոլոր ընկերուհիներս կհավաքվեն․ նվերներ կբերեն, կպարենք, կուրախանանք ոնց ամեն տարի»,- Forrights-ի հետ զրույցում ոգևորությունն է կիսում աղջնակը, հետո կարծես իրականություն է վերադառնում ու կամացուկ ավելացնում,- «Էստեղ չգիտեմ էլ՝ ծնունդն անելո՞ւ ենք, թե չէ, չեմ էլ մտածել, թե ոնց եմ անցկացնելու։ Իմ էս տարվա ծնունդի միակ երազանքն էն ա, որ հաղթենք․․․»,- ասում է Մերին ու լռում։

Տղամարդը․․․

Ստեփանակերտից Արմավիրի մարզի Աղավնատուն ժամանած յոթհոգանոց ընտանիքում տղամարդը միայն 65-ամյա Վովա Աբրահամյանն է։ Ցածրահասակ, դանդաղ ու հանգիստ ձայնով խոսող արցախցին զրույցի ողջ ընթացքում պարբերաբար դուրս էր գալիս սենյակից, ծխում, հետո նորից գալիս, պատերազմից որոշ բաներ պատմում, ապա կրկին գլխիկոր հեռանում։

Ընտանիքը Վովայի պահվածքը մեկնաբանում է ցածրաձայն՝ տղամարդն իրեն ներել չի կարողանում, որ այսօր այստեղ է, ոչ թե սահմանին՝ զինվորի կողքին կանգնած։ Հայաստանում գտնվելու ցանկությունն իրենը չէ․ Արցախի ազատագրման պայքարում ծանր վիրավորումներ ստացած Վովան սրտի վիրահատության է ենթարկվել, երկար քայլել չի կարողանում, տղան էլ «սպառնում է»՝ եթե եկավ Արցախ, ինքն էլ «թաթարեքը» տեսնելու․

«Մեր ազգի բոլոր ջահելներն էսօր էնտեղ են։ Քանի անգամ եղել ա, զանգել եմ ասել՝ գալիս եմ, տղես ասել ա՝ հանկարծ, որ եկար, չփոշմանես։ Դե սիրտս զոնդավորած ա, երեք անգամ վիրավորվել եմ 90-ականներին, 100 մետրից ավել չեմ կարա գնամ տղոնցն օգնեմ, ետո պիտի խանգարող դառնամ էլի։ Բայց, եթե շատ սուղ իրավիճակ լինի, ոչ ոքի չեմ լսելու, գնալու է տղոնց մոտ»,- ասում է Վովան և կրկին լքում սենյակը՝ մեզ թողնելով ծանր լռության մեջ։

Կինը․․․

Ամուսնու կիսատ թողած խոսքը շարունակում է կինը՝ տիկին Նելլին։ Ինչ-որ ժամանակ սև մազերով կինն այսօր ճերմակել է, ասում է՝ մտածմունքներից է։ Ստեփանակերտում գտնվող իրենց շենքն առաջին հարվածը ստացել է հենց սեպտեմբերի 27-ին։ Սկզբում մտածել են՝ ադրբեջանական հերթական սադրանքն է․ ամեն ինչ փոխվել է, երբ կրակոցներն իրար հերթ չտալով սկսել են հրետակոծել և հրթիռակոծել տարածքը․

«Ամսի 28-ին գնացի աղջկաս տուն, երեխոնցը բերեցի մեր տուն, որ գմփոց լսելու դեպքում, տանենք խանութի նկուղ։ Հետո, որ տեսա վիճակը լրջանում ա, ասեցի՝ չէ, էս անգամ ուրիշ ա, տարեք Հայաստան խոխեքին՝ մինչև վերջանա էս մղձավանջը»,- պատմում է տիկին Նելլին։ Վովան, ով այդ ընթացքում կրկին վերադարձել էր սենյակ, հավելեց,- «90-ականներին էլ ա նման դեպք եղել, երեխեքս տունը, երկու հատ սնարյադ ուղիղ եկել ա տան մեջ․․․Տառապանքս փորձ ունի»։

Տունը լքելու որոշումը երկար սպասեցնել չտվեց․ հենց հաջորդ օրը հակառակորդը թիրախի տակ վերցրեց բնակելի չորսհարկանի շենքն ու ուղիղ կրակ բացեց դրա ուղղությամբ։ Միանգամից պայթեց շենքի ջրի խողովակը՝ մի քանի րոպեի ընթացքում ամբողջ շենքը կեղտաջրով լցնելով․

«Հենց էդ վիճակում ամբողջը թողել ենք ու իջել նկուղ, գիշերը՝ այնտեղ մնացել։ Առավոտ փեսաս ու տղես զանգեցին, ասեցին՝ դուք էլ գնացեք, արա՛գ։ Դրանից հետո երկրորդ անգամ էլ շենքի վրա խփեցին․․․Թողեցինք տունն ու եկանք Հայաստան»։

Հոգոց լսվեց, հետո՝ կրկին ծանր լռություն տիրեց սենյակում։

Մանուելլան

Մերին, Մելիսան, Մանուելլան․․․

Մթնոլորտը մի քիչ թեթևացնելու համար մեր քայլերն ուղղեցինք բազմոցին նստած երեք երեխաների ուղղությամբ։ Մերին, Մելիսան ու Մանուելլան զրույց ողջ ընթացքում իրենց մոր՝ Նունեի գրկում էին։ Չարաճճի աչքերով առանձնանում էր Մելիսան, ով պարբերաբար դիրքը փոխում էր և ժպտում, երբ նկատում էր, որ իրեն լուսանկարում ենք։

Երբ սկսեցինք զրուցել, երեխաները որոշեցին խոսել ոչ թե բարբառով, այլ գրական հայերենով։ Այնուամենայնիվ, մայրենի լեզուն որոշ ժամանակ անց տեղի տվեց․

«Մեր տանից քաղաքի կեսն երևում էր, պայթյունների ժամանակ գնում նայում էինք, թե ոնց ա ծուխը բարձրանում ամպերին խառնվում։ Ես հիշում եմ հրթիռակոծման ձայները։ Ամեն անգամ, որ թխում էին (խփում էին- խմբ․), արագ գնում էինք պատուհանի մոտ՝ նայելու։ Հենց անօդաչուների ձայներն էին գալիս ու խփում՝ պատուհանները դղրդում էին»,- արագ-արագ խոսելով պատմում էր Մելիսան ու միանգամից կանխարգելում հաջորդ հարցս,- «Չէ, չէինք վախենում»։

Մերին, ով մինչ այդ լուռ էր, քրոջ ոգևորությունից կարծես «բացվեց»։ Անկեղծացավ՝ այս պահին իր միակ երազանքը կրկին տուն վերադառնալն է։ Երբ կողքից հարցին՝ էստեղ վա՞տ ա ինչի, Մերի, ձայնն իջեցրեց ու պատասխանեց․

«Լավ ա, բայց էնտեղ ա իմ տունը, մեր բարեկամներն ու իմ ընկերուհիները։ Օրերն եմ հաշվում, թե երբ պետք ա գնամ հետ։ Ես էնտեղ եմ մեծացել ախր»,- դեռ խոսքը չէր ավարտել Մերին, երբ Մելիսան միջամտեց ու իր երազանքի էլ պատմեց,- «Եթե ես կախարդուհի լինեի, Աղավնատունը մի փոքրիկ տոպրակ կանեի ու կտանեի հետս Ստեփանակերտ»,- ասաց միջնեկն ու առաջին անգամ ծիծաղով լցվեց սենյակը։

Տան փոքր անդամը նախակրթարան հաճախող Մանուելլան է։ Գյուղում հասցրել է միայն երկու օր գնալ քոլեջ, հետո արձակուրդ են տվել։ Ինքն էլ սկսել է տանը նկարել։ Երբ խնդրեցինք իր նկարած նկարներից մեզ ցույց տալ, տանը հաճելի խառնաշփոթ սկսվեց։ Բոլորն իրար հերթ չտալով մեզ էին ներկայացնում նկարները, որոնց մեջ առանձնանում էին աղավնիները։ Մեր հարցերին «այո»-«ոչ» պատասխանող 5-ամյա Մանուելլան գլխով դրական պատասխանեց, երբ հարցրինք՝ գիտի՞ աղավնու նշանակությունը․

«Խաղաղություն ա նշանակում։ Մեծ եմ նկարել, որ խաղաղությունը շատ գա»։

Քույրերը՝ Անուշն ու Նունեն

Ընտանիքի մյուս երկու անդամները հարազատ քույրերն են՝ Անուշը և Նունեն։ Վերջինս Հայաստան գալուց առաջ մորթել էր տան բոլոր ինը հավերին, որ կենդանիները սովից չկոտորվեն։

Ցավով պատմեց, թե Երևան գալու ճանապարհին ինչ ավերվածություններ են տեսել սիրելի քաղաքում։ Անուշն էլ վերհիշեց պատերազմի սկսման առավոտը, երբ պայթյունի ձայներն իրեն հրավառություն էր թվացել․

«Անհիշելի ժամանակներից չէինք լսել էդքան մոտից ձայներ։ Եկանք էստեղ, բայց ուզում ենք շուտ ավարտվի, որ քինանք մեր տուն։ Մեր օջախն ավելի քաղցր ա»։

Աղջկան միջամտեց հայրը։ Խոսակցության թեման փոխվեց․ խոստովանեց՝ վախենում է այս պատերազմից, բայց ոչ թե իր, այլ երիտասարդ տղաների կյանքի համար․

«Մեր կռվի տարիներին էլ կար գմփոց, կրակոց, էն ժամանակ էլ էին դրանք վայրենավարի ու գազանաբար, բայց էս ուրիշ ա, սա ավելի կազմակերպված ու դաժան ա․․․Ափսոս ա, որ մեր անմեղ տղերքը մահանում են։ Վախենում եմ, բայց իմ համար չէ, քո, նրա, բոլորի խոխեքի, էս ջահելների համար եմ վախենում։ Մենք իրավունք չունենք կրվելու»,- արագ-արագ ասաց Վովան և կրկին դուրս եկավ եկավ սենյակից։

ՀԳ նյութի հրապարակման օրը տեղեկացանք, որ Աբրահամյանների ընտանիքը վերադարձել է Ստեփանակերտ։

Հոդվածը պատրաստվել էր մինչ համաձայնագրի ստորագրումն ու հրադադարի կնքումը։

Ռոզա Վարդանյան
Լուսանկարները և տեսանյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest