Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ ուղերձում մասնավորապես ասված է.

«Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան մասին։

Որպես «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` տիկին Սարգսյանն իր կարևոր դերակատարումն է ունեցել արյան քաղցկեղի դեմ պայքարող հայ փոքրիկներին աջակցելու գործում` նպաստելով մանկական առողջապահության ոլորտի մի շարք խնդիրների լուծմանը: Նրա գործունեության արդյունքում վերակառուցվել են առողջապահական եւ ուսումնական հաստատություններ»։

«Տիկին Սարգսյանը նաեւ ծավալել է գնահատելի սոցիալ-հասարակական գործունեություն, խրախուսել մշակութային կյանքի աշխուժացմանը։Մեր ընտանիքի անունից ցավակցություն եմ հայտնում Սարգսյանների սգակիր ընտանիքին», — ասված է վարչապետի ուղերձում։

Նոյեմբերի 20-ին 58 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը:

Նոյեմբերի 16-ին Ռիտա Սարգսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն: Նրա մոտ ախտորոշվել էր Covid-19:

Pin It on Pinterest