Նոյեկբերի առաջին օրերին, Շուշիի հանձնումից առաջ «Շուշի» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներին տեղափոխել են Հայաստան: Նրանք հանձնվել են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը:

Forrights. am-ի ստացած այս տեղեկությունը հաստատեց Արցախի Հանրապետության օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը: «Այո, դատապարտյալներին տեղափոխել են: Նրանք մի քանի տասնյակ էին», — ասաց նա:

 Որտեղ են պահվում Արցախից բերված դատապարտյալները, ե՞րբ են նրանք տեղափոխվել, արդյո՞ք հարազատների հետ կապ հաստատել են, արդյո՞ք հայտնել են դատապարտյալների հարազատներին նրանց գտնվելու վայրի մասին: Այս հարցերին Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը չի ցանկանում պատասխանել: Նա գտնում է, որ դրանք գաղտնի տեղեկություններ են:

«Ռազմական դրությամբ պայմանավորված Ձեր կողմից հայցվող տեղեկությունների տրամադրումը դիտվում է ոչ նպատակահարմար», — պատասխանել է մեր հարցմանը ՔԿԾ պետը, որը ռազմական դրության հայտարարումից առաջ էլ առանձնապես չէր սիրում պատասխանել հանրության հարցերին, իսկ հիմա նոր պատեհ արդարացում է ստացել իր ուրբաթախոսության համար:

Արթուր Գոյունյանը դատախազության համակարգում աճած կադրերից է, և որպես քրեակատարողական համակարգի ղեկավար նախընտրում է փակ, ոչ թափանցիկ աշխատաոճ, ինչի հետևանքով կալանավայրերում հանցագործությունների, մահվան դեպքերի թիվը չի նվազում, հիեարարխիկ հարաբերությունները, չնայած քրեական ենթամշակույթի մասին աղմկահարույց օրենքի ընդունմանը, պահպանվում են, դատապարտյալների անհնազանդության ակցիաները ավելի հաճախակի են դարձել, բանտերում մութ հանցագործություններ են կատարվում, ինչպես օրինակ, Ալավերդու գործարար Վահագն Աբգարյանի վրա «Նուբարաշենի» ադմինիստրացիայի  կողմից կազմակերպված հարձակումը: 

Սակայն վերադառնանք «Շուշի» ՔԿՀ-ից բերված դատապարտյալներին:

Արցախի իրավապահների շրջանում մեր աղբյուրից տեղեկացանք, որ պատերազմական գործողոթյունների ընթացքում Շուշիի բերդում պահվող  մոտ 15 դատապարտյալների ազատ են արձակել, հնարավորություն տալով մասնակցել ռազմական գործողությունների: Նրանք հիմնականում ազատազրկման դատապարտված զինվորականներ են:

Մոտ երկու տասնյակ անձ տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:  Շուշիի բերդից բերվածները անցել եմ «կարանտինը», նրանց տեղավորել են խցերում, կատարված հանցագործություններին համապատասխան: Այժմ նրանք նույն պայմաններում են, ինչ «Նուբարաշենի» բոլոր մյուս  բնակիչները:

Պետք է ընդունել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահման պայմաններն անհամեմատ ավելի բարենպաստ են, իսկ բարքերն՝ ավելի մեղմ, քան Շուշիի բերդում: Արցախի քրեակատարողական համակարգը մինչ օրս գործում է ոստիկանության ենթակայության տակ: Դատաիրավական բարեփոխումներ այն ծավալով, ինչ Հայաստանում, այստեղ չեն իրականացվել: Կալանավորներից ծեծով ցուցմունքներ կորզելը, վատ սնունդն ու դաժան վերաբերմունքը այստեղ սովորական երևույթ էին: Այնպես որ, Շուշվա բերդից հետո Նուբարաշենը Արցախից եկածներին  դրախտ կարող է թվալ: 

Մեր տվյալներով, նրանցից մի քանիսին տեղափոխվել են ԱԱԾ մեկուսարան, նրանց էթնիկական կարգավիճակի պատճառով: Նրանց թվում կա մեկ ադրբեջանցի և մեկ թուրք:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest