ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ լրատվամիջոցներում տարածվող այն լուրերին, թե կոնֆլիկտ է ունեցել վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։

Նա նշեց, որ որևէ նպատակ չի ունեցել օպերացիա ղեկավարելու․

«Արցախում գտնվելու ժամանակ իմ հիմնական գործառույթը եղել է այն, որպեսզի չեզոքացնեմ ոչ զինվորական մարդկանց մուտքը հրամանատարական կետ և հրամանատարությանը միջամտելը։ Իմ հիմնական գործը դա է եղել։ Ընդամենը ժամանակ առ ժամանակ է, որ բանակի հրամանատարը որոշում է կայացրել և ես ասել եմ Հարությունյան Ջալալ, ես խոսում եմ, դե լսի, բայց նայի՝ եթե իմ ասածի մեջ կա միտք, որը դու կարող ես իրագործել, վերցրու, ես ինչ խոսում եմ, մոռանում եմ։ Անթույլատրելի է որևէ մեկին բանակի հրամանատարին կամք թելադրելը և ցանկացած այդպիսի գործառույթ վնաս է բերելու։ Բանակի ղեկավարության միջնորդելը անթույլատրելի է։

Առաջին իսկ օրվանից ամեն ինչ արել եմ, որ այնտեղ մարդ չլինի, դա ամբողջությամբ ինձ չի հաջողվել, ընդ որում՝ երկրի ղեկավարը 5-րդ օրը զանգել է բանակի հրամանատարին։ Ասեմ, որ դա առաջին զանգն է եղել, մինչև այդ չի զանգել և արգելել է, որ որևէ մեկը մտնի բանակի հրամանատարական կետ։ Ես Հարությունյանին ազնիվ հարցրել եմ, եթե ես ձեզ խանգարում եմ, ես գնամ։ Ինքը ասել է, չէ խնդրում եմ, որ մնաս։ Խորհրդակցության ժամանակ Հարությունյանը խնդրել է, որ թույլ տա, որպեսզի ես մնամ այնտեղ։ Վարչապետն ասել է, որ միայն ինձ թույլատրվում է»։

Խոսելով Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցածի մասին՝ Հակոբյանը նշեց, որ քանի որ արգելված է եղել կողմնակի անձանց մուտքը հրամանատարական կետ, ինքը բարձրացել է վերև ճաշելու, իջնելուց տեսել է, որ Հակոբյանը նստած է էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները։ Այդտեղ է եղել նաև Սամվել Բաբայանը․

«Բարևել, նստել եմ սեղանի շուրջ։ Տիկին Աննան նստած, դիտարկում էր, որևէ գործի չէր խառնվում, որևէ հարցի միջամտություն, ցուցումներ չէր տալիս, դիտարկում էր, թե ինչ է կատարվում մարտի դաշտում։ Երբ դա ավարտվեց, ես մոտեցա տիկին Աննային, խնդրեցի․ ասացի, որ նպատակահարմար է, որ ինքը գնա, քանի որ տղաները խոսում, գոռում են, հնարավոր է նաև հայհոյեն։ Ասեց՝ լավ։ Գնաց։ 4 ժամից հետո ինձ կանչեցին Երևան։

Եկա Պաշտպանության նախարարի մոտ շատ մեծ ակնկալիքով, որ պետք է հետ դառնամ։ Ասեմ նաև, որ ամսի 30-ին ես եկել եմ վարչապետի մոտ զեկուցելու, չի ընդունել, ես հետ եմ վերադարձել։ Ուրախ, ոգևորված 4 ժամից հասնում եմ նախարարի մոտ։ Բարևեցինք, մտածեցի, որ կհարցնի իրավիճակի մասին, բայց ասաց, որ իրեն հրամայված է, որ ինձ այլևս չթողնեն Արցախ։

Հարցնում եմ պատճառների մասին, նախարարն ասում է, որ չգիտի, հարցնում եմ՝ ով է ասել, ասում է վարչապետը, բոլոր դեպքերում արգելել է։ Ես վարչապետին նամակներ եմ գրել, չի էլ բացել։ Զանգում եմ Արայիկ Հարությունյանին, ասում եմ՝ վարչապետը ձեզ մոտ է, ասեք նամակներս կարդա։ Հետո զանգեց ինձ, ասաց, որ վաղը 11-ին ինձ կընդունի վարչապետը ու ես կգնամ Արցախ։ Ուրախացա, ժամը 10-ին զանգել եմ արարողակարգին, թե երբ կընդունի, ասել են կզանգեն, հետո 4-ին եմ զանգել, էլի նույն պատասխանը։ 3 օր անընդհատ ինձ նույն պատասխան են տվել, 4-րդ օրն ասում են, որ վարչապետն ինձ չի կարող ընդունել»։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում էր կատարել, որում անդրադարձել էր Աննա Հակոբյանի և գեներալ Մովսես Հակոբյանի միջև այս «հայտնի միջադեպին»։ Սակայն կարճ ժամանակ անց, գրառումը հեռացրել էր։

Գրառման մեջ, մասնավորապես նշված էր. «Հանուն արդարության այսօր կանդրադառնամ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին տարածված մեկ միֆի, որ իբր մասնակցում էր ռազմական խորհրդի նիստերին և դրանցից մեկի ժամանակ միջադեպ է եղել գեներալ Մովսես Հակոբյանի հետ: Իրականում Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ Արցախում գտնվելու օրերին ներգրավված էր բացառապես թիկունքային աշխատանքներով:

«Հայտնի միջադեպ»-ի մասին խոսակցություններին մեկ անգամ արդեն առիթ եմ ունեցել անդրադառնալու՝ չբարձրաձայնելով իրականությունը, ինչը պատերազմի օրերին անթույլատրելի էր: Մովսես Հակոբյանի Արցախից առժամանակ բացակայելու փաստը ոչ թե որևէ խոսակցության, այլ կորոնավիրուսային հիվանդության և դրան հետևած թոքաբորբի պատճառով էր:

Այս համատեքստից դուրս մնացած խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest