69-ամյա Վարդիթեռ Մովսիսյանին հանդիպեցինք Արմավիրի նախկին գիշերօթիկ դպրոցներից մեկում․ շուրջ 50 օրից ավել է, ինչ տիկին Վարդիթեռն իր ցանկությանը հակառակը լքել է Արցախի Մարտակերտի շրջանի Ներքին Հորաթաղ գյուղը։ Հայրենակիցների հետ արտագաղթի ճամփան է բռնել պատերազմի սկսման հենց հաջորդ օրը՝ որդու խնդրանքով։

Սկզբում իջևանել են Ստեփանակերտում, հետո՝ Ջերմուկում, վերջում նրան և մի խումբ արցախցիների տեղավորել Արմավիրում։ Մեծ սենյակում, որտեղ նախկինում քնում էին երեխաները, այսօր նույն մահճակալներին փորձում են տեղավորվել նրանք։

Տիկին Վարդիթեռն ինձ «հրավիրեց» իր մահճակալ, ապա, տեսնելով ձեռքիս տեսախցիկը՝ ժամանակ խնդրեց մազերն ուղղելու։ Այդ ընթացքում, կողքի «հարևանները» բացատրեցին՝ օրեր առաջ՝ ծանր լուրերից ուղեղի կաթված է ստացել, դեմքը մի փոքր թեքվել է, բարդույթավորվում է։

«Երեք պատերազմ եմ տեսել, բայց էս մեկը թափը շատ, ահավոր ուժեղ էր։ Ավելի զորեղ զենքեր էին օգտագործում, բայց դե բոլորս էլ գիտենք․ եթե էդ թուրքի՝ Էրդողանի օգնությունը չլիներ, էս անգամ էլ հաստատ մեր հայ ազգը կհաղթեր։ Մեր տղերքն անձնուրաց կռվեցին, բայց հնարավոր չէր էդ հրոսակախմբի առաջն առնել․․․ափսոս էին մեր երեխեքը, ափսոս»,- ասում է տիկին Վարդիթեռն ու թաշկինակը կրկին մոտեցնում աչքերին։

Սկզբում մանկավարժ, ապա ավելի կարևոր աշխատանքի է անցել․ եղել է Մարտակերտի դիվիզիայի գաղտնի մասի պետը։ Պատմում է՝ 16 տարի գաղտնի և հույժ գաղտնի տեղեկությունների ու փաստաթղթերի հետ է գործ ունեցել, մեկ վայրկյան անգամ չի թերացել իր աշխատանքում, քանի որ գիտակցում էր՝ մի պահ անուշադրությունը կարող է կործանել ոչ միայն իրեն, այլև հայրենիքն ու հողը․

«Թոշակի ուղարկեցին, բայց էդ ոչ իմ սրտով էր, ոչ՝ իրենց․ ընտանիք էինք, էն ամենաամուր ընտանիքներից։ Մինուճար տղաս էլ զինվորական ուղով գնաց, մեծ բարձուննքեր հաղթահարեց, շքանշանների արժանացավ, 24 տարի էլ ինքն իրեն Ղարաբաղին նվիրեց․․․Մեր ու որդի տուն-տեղ մոռացած մեզ տվել ենք ծառայությանը։ Կռվից մի քանի ամիս առաջ էր զինվորական թոշակի անցել, պատերազմի առաջին օրն եկավ դիմացս չոքեց, ասեց՝ մա՛մ, պետք ա գնամ։ Բան չասեցի, երկուսս էլ գիտեինք, որ ինքը ճիշտ ա»։

Ասում է՝  իր բախտից է, որ որդին ողջ ու առողջ է, ամեն օր կապ են պահում միմյանց հետ, առավոտյան հեռախոսը վերցնում ու մինչև քնելը ձեռքն է պահում։ Մեր զրույցի ընթացքում էլ պարբերաբար ստուգում էր՝ հո չի՞ անջատվել։ Կողքից կատակեցին՝ Վա՞րդ, էդ իբր ժա՞մ ես նայում։

Առաջին անգամ ժպիտ նշմարվեց կնոջ դեմքին։

Հաջորդիվ թեման արդեն և՛ ժպիտ էր առաջացնում, և՛ հուզում տիկնոջը։ Հարցին՝ պատրաստվո՞ւմ է վերադառնալ գյուղ, միանգամից դրական պատասխան ստացանք։

«Այլ տարբերակ լինել չի էլ կարող, չենք էլ մտածում էստեղ մնալու ուղղությամբ։ Չէ, չմտածեք էստեղ մեզ լավ չեն վերաբերում, ուղղակի մեր գյուղերը, մեր հայրենիքը, մեր ծննդավայրն ուրիշ քաղցրություն ունեն։ Չնայած բոլոր դժվարություններին, մեծ հուզմունքով վերադառնալու ենք մեր հողերը։ Պետք ա գնալ, շենացնել, մեր կյանքը շարունակել»,- ասում է տիկին Վարդիթեռը, կրկին հուզվում, մի կերպ իրեն կառավարում ու շարունակում․

«Ղարաբաղցու սիրտը, եթե չքաշի իրա սիրտը, ծննդավայրը, ուրեմն նա հայ չի։ Մեր հայերի հոգեբանությունն իրար նման ա, հողն ու հայրենիքը շատ սիրող ենք․․․ու էսքան դժբախտությունների մեջ ես շատ երջանիկ եմ, որ հայ եմ»։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest