«Պաշտպանության նախարարությունում գործում է  ինֆորմացիոն կենտրոն, որի խնդիրներից մեկն է հակառակորդին մոլորության մեջ մտցնելը, այսինքն` նաև սուտ ինֆորմացիա տարածելը։ Բայց կա մեկ չափանիշ, որ սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը։ Մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը, 100 տոկոս սուտ, որը որևէ մեկի մոտ ընկալելի չէ»,- լրագրողների հետ հանդիպմնանը նման հայտարարություն արեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատված Մովսես Հակոբյանը։

Նրա խոսքով, հենց այստեղից են ծագում այն բոլոր հարցերը, որ հասարակությունը, կռված տղաները՝ թե զինվորները, թե զորահավաքի մասնակիցները, թե պայմանագրայինները չհասկացան, թե ինչու այսպես եղավ։

«Մի մասը գտնում էր, որ մենք հաղթում էինք՝ պատերազմը կանգնեցրին, մի մասը գտնում է, որ չպետք է կանգնեցնեինք պատերազմը, և այսպես շարունակ»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով, այսօր պատերազմից վերադարձած զինծառայողները, զորահավաքի մասնակիցները հարցազրույցներ են տալիս այնպիսի հարցերի վերաբերյալ, որ իրենց չի վերաբերում, սկսում են քննարկել ԳՇ պետի որոշումները, և դրան մեծ աջակցություն են ցուցաբերում լրագրողներն իրենց հարցերով։

«Իմ խնդրանքն է, որ լրատվամիջոցները հարցեր ուղղեն այնպիսի մարդկանց, որոնք ունակ են պատասխանել։ Զինվորին կարելի է հարց տալ իր խրամատից ու իր խրամատի առաջ կատարվող իրադարձությունների մասին, դասակի հրամանատրին՝ 500 մ բնագծի ու իր առջև կատարվող իրադարձությունների մասին, վաշտի հրամանատարին՝ մի քիչ ավելի մեծ տարածքի մասին»,- ասաց նա՝ ավելացնելով, մարդիկ, ովքեր կռվել են, չեն խոսել, ուղղակի դրա ժամանակը չեն ունեցել։

Հակոբյանը հիշեցնում է ԶԼՄ-ներից մեկի տարածած լուսանկարը, երբ հրետանավորներից մեկի ձեռքին ձգանն էր, մյուսին՝ հացը։

«Պատերազմում այդպես են սնվում։ Այն նկարները, որ ցուցադրում են պառկած ու ուտելիքը կողները, դա պատերազմի դաշտ չի, դա խորք է, անտառներ են, պատերազմը հեռու է»,- նշեց նա։

ՊՆ նախկին պաշտոնյան այս իրավիճակին հասնելու համար մեղադրում է նաև լրագրողներին, ովքեր հարցազրույցներ են վերցնում այնպիսի մարդկանցից, ովքեր բանակը չեն պատկերացնում, բանակի կառուցվածքին, գործունեությանը ծանոթ չեն, այդ անտեղյակ մարդիկ էլ սկսում են խոսել, նույնիսկ նախաձեռնություններ ներկայացնել բանակի բարեփոխման մասին, որը հետագայում բերում է այս իրավիճակին։

«Ցավոք, բոլոր այդ նախաձեռնություններն ուղղված են զինվորի կյանքը լավացնելուն, հեշտացնելուն։ Բանակն այդպիսի կառույց չէ։ Բանակում պետք է քրտնես, տանջվես, որպեսզի կարողանաս հաղթանակ կերտել, որպեսզի չզոհվես, բանակը հաղթելու արվեստ է սովորեցնում, ոչ թե սնվելու ու լավ ապրելու»,- ընդգծեց զինվորականը։

Անդրադառնալով որոշ քաղաքական գործիչների այն հայտարարություններին, թե բանակում գիտելիքն ու ունակությունն այնքան կարևոր չեն, կամ կարելի է 20 հոգով ջոկատ կազմել, գնալ կռիվ ու հաղթել, արձագանքում է՝ այդպես չէ։

«Բանակի կռվելու ձևը կոչվում է արվեստ, արհեստ չի կոչվում, բանակում պաշտոն զբաղեցնելու համար մարդն ըստ հերթականության առնվազն մի քանի պաշտոններ է զբաղեցնում, դրանցից յուրաքանչյուրում պետք է կարողանան իրենց ցուցադրել առավելագույնս, ամենամսյա պատրաստվածությունից բացի պետք է ավարտեն ակադեմիաներ, դրանից հետո նոր կարող են պաշտոն զբաղեցնել»,- մանրամասնեց Մովսես Հակոբյանը՝ ավելացնելով, որ առաջնագծի այն հատվածներում, որտեղ եղել են կանոնավոր զինված ուժեր, նահանջներ չեն եղել, կամ եղել են շատ քիչ։

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը նշեց, որ հիմնավորում է պահանջել վարչապետից ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից հանելու համար: 

«Այդ հիմնավորումը տեւել է 5 օր: Հիմնավորումը բերել է, որը հիմա չեմ բարձրաձայնի, դա ինձ բավարարել է եւ ես ասել եմ՝ իրավունք ունեք հրաման գրել, ես չեմ բողոքարկի: Նաեւ առաջարկել եմ պաշտոնյա, ով կարող է ինձ փոխարինել եւ պատրաստ եմ եղել նրա կողքին կանգնելու:

Ես չեմ ակնկալել, որ ինձ հետ պետք է խորհրդակցի վարչապետը, բայց նա կառավարության նիստում ասել է, որ ինձ հետ կխորհրդակցի ու կնշանակի: Բայց այդպիսի զրույց մեր մեջ չի եղել: Երբ ես իմացա, թե ում է նշանակել, ասել եմ՝ դուք նշանակել եք ԳՇ պետ ամենանպատրաստ գեներալին՝ Արտակ Դավթյանին»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքն առաջարկելու էր այն մարդուն, որը հիմա գլխավորում է գլխավոր շտաբը:

«Այդ օրվանից սկսել է բանակի քանդման գործընթացը: Սա դավաճանություն չի, անգրագիտություն է, պատերազմի արվեստին, ղեկավարման արվեստին չտիրապետելն է: Ես հիմա այս մասին խոսում եմ, որովհետեւ առկա խնդիրների մասին ես գրավոր ներկայացրել եմ»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest