ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորահավաքային պլանում փոփոխությունների կարիք է տեսնում: Վարչապետը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցությունից Անուշ Բեղլոյանի հարցին, թե որոնք են պատերազմի ընթացքում այն ամենացավոտ կետերը, որ վարչապետը տեսել է պետական կառավարման մարմինների աշխատանքում:

«Եթե շատ անկեղծ ասեմ՝ ամենացավոտ կետը զորահավաքային պլանների մեջ է: Եվ, ըստ էության, մենք ունենք բավականին հնացած զորահավաքային պլան, որը պետք է փոխվի: Բանակի, ԶՈՒ-ի կառուցվածքը և անձնակազմի ծառայողական ուղղությունները և նրանց ֆունկցիոնալ նշանակությունը պետք է էականորեն փոխվեն»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին բավականին մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են ներգրավվել: Փաշինյանը նշեց, որ այդ պայմանագրային զինծառայությունը նաև աշխատատեղ է, և շատ գյուղերի բնակիչներ, օրինակ, իրենց սովորական քաղաքացիական կյանքին զուգահեռ պայմանագրային հարաբերությունների մեջ են մտնում բանակի հետ, որը նաև հավելյալ եկամտի աղբյուր է:

«Իրենք, ըստ էության, զինվորներ են: Իրենք սահմանի պահպանության, պաշտպանության գործում բավականին լավ դերակատարում ունենում են, բայց պատերազմական իրավիճակում, երբ խնդիր է առաջանում նրանց ներգրավել այլ տիպի գործողությունների մեջ, տեսնում ենք, որ բարդություններ են ծագում: Այդ պայմանագրային կոնտինգենտը չունի այն ներուժը, որ կոնկրետ դրված խնդիրները լուծելու հարցում արդյունավետ լինի»,-ասաց Փաշինյանն ու նշեց, որ 2019-ից սկսած այդ ուղղությամբ կառուցվածքային էական փոփոխություններ են տեղի ունեցել:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest