«Հայրենիքը էսօր ա, հենց հիմա ա հայրենիքը».Արթուր Այվազյան

0
329

Արթուր Այվազյանը՝ հայտնի Մանախը, ազատամարտիկ, 14 տարի անցկացրեց կալանավայրում, իսկ հեղափոխությունից հետո էլ նոր պատմության մեջ ընկավ Փաշինյանի ակտիվիստների հետ կռիվ — ծեծկրտուքի քրեական գործով: Ծեծկրտուքը 2017 թվականի մարտի 31-ին, ԱԺ ընտրություններից երկու օր առաջ էր, «Բանգլադեշ» թաղամասում,  Մանախի և «Ելքի» թռուցիկ բաժանողների միջև, որոնք հայկական եռագույնը նետել էին գետնին: Դրոշի պատիվը պաշտպանելով, քիչ էր մնում, Այվազյանը, որը նոր էր բանտից դուրս եկել, կրկին այնտեղ հայտնվեր: Սա միակ գործն է, որի շրջանակում դատարան կանչվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու ցուցմունքներ տվեց Մանախի դեմ:

«Ինձ ասացին, որ այդ ակտիվ անձի վերաբերյալ խոսելիս օգտագործվում էր «Մանախ» անունը, կամ մականունը», — ասել էր վարչապետը դատարանում: Քիչ էր մնում, որ Մանախը կրկին բանտում հայտնվի խուլիգանության հոդվածով, սակայն համաներումը նրան փրկեց: Այնպես որ այսօր նա ունի բոլոր անձնական դրդապատճառները Նիկոլի հրաժարականը պահանջելու, սակայն, հասկանալով պահի լրջությունը, աջակցում է վարչապետին ու կոչ է անում համախմբվել, «Նիկոլ խաղացնելու» փոխարեն, զենք վերցնել ու գնալ Արցախ:

Պատերազմի առաջին օրվանից Արթուր Այվազյանը այնտեղ էր: Երկար ժամանակ Մանախը կորած էր: Հարազատներ, ընկերները նրանից լուր չունեին: Երեկ մեզ հետ կապի դուրս եկավ, ասաց, որ այս պահին Մարտունու շրջանի Ճարտար գյուղում կանգնած է մի քանի 18 տարեկանների հետ, որոնք դեռ տուն չեն ուզում գնալ: Իմանալով, որ Ազատության Հրապարակում հարյուրավոր պարապ տղամարդիկ էին հավաքված այն ժամանակ,  երբ Արցախում տղամարդկանց կարիք կա, բարկացած զանգել էր:

«Հրապարակ լցվելու տեղը թող զենքը վերցնեն, գան, սահմանը պահեն: Գյուղերում հինգ  բիձա ա մնացել, թող գան, ցույց անելու փոխարեն կանգնեն կողքները, ոչ թե Նիկոլ խաղացնեն: Թող գան, հող պահեն, կռվեն, տեսնենք, աշխարհը մեզ հետ հաշվի չ՞ի նստի, — բղավում է Արթուրը /Երևանի հետ կապը վատն է/, — Էսքան երեխա սպանվեց, էսքան արյուն թափվեց, էսքան հող հանձնվեց, դուրս եք եկել, ցու՞յց եք անում: Եկեք կռվեք, այ ծակ մտածողներ: Տեսեք, ոնց են մեզ հետ հաշվի նստում»:

Արթուր Այվազյանը խոստովանում է, որ դժվար ու  ծանր է եղել այս պատերազմը, որ ինքը երբեք նման պատերազմ չի տեսել: «Բայց ի՞նչ արած: զենքս դնեմ, գամ Երևան, դուրս գամ փողոց, ես ինձ կհարգե՞մ բա:  Հիմա դրա վա՞խտն ա»: Զարմանքս չեմ կարող թաքցնել. «Էս դու Նիկոլի՞ն ես պաշտպանում», — հարցնում եմ: 

«Չէ, ես՝ գիտես, դրան չեմ սիրում, բայց օբյեկտիվ ճշմարտություն կա: Նենց չի, որ Նիկոլին մենակ պետք է մեղադրել: Լևոնից սկսած, Նիկոլից պրծած՝ սաղի մեղքը կա: Ես կոչ եմ անում՝ հիմա ցույցերի ժամանակը չի, դավաճաններ փնտրելու ժամանակը չի: Որ դավաճանությունը եղել է, դա փաստ է արդեն, բայց  դրա վրա չպետք է կենտրոնանալ: Հիմա պետք է զենքը ձեռքիդ կռվես, ուժ ցույց տաս, որ աշխարհը քեզ բանի տեղ դնի, թե չէ, էս ի՞նչ ա կատարվում: էդքան տղամարդ լցվել ա հրապարակ, մնացել ենք 18 տարեկան երեխեքի հետ: Երեխեքի դիակները չենք կարում հանենք, կեսի էլ տեղը չգիտենք, փտեցին տղերքը ձորերում: Եկեք, գոնե նրանց դիակները  հավաքեք», — պատասխանում է Արթուր Այվազյանը:

Նիկոլին նա մեղադրում է ոչ թե թուղթ ստորագրելու, այլ մեր պաշտպանութունը վատ կազմակերպելու համար:  «Նրա սխալն էր, որ համաներում չարեց, բոլորի քրեական գործերը կարճեր, բոլորին հավաքեր՝ գեներալներին, սպաներին, ասեր՝ Խաչատուրով, դու ֆրոնտը ղեկավարի, Սեյրան Օհանյան, դու փորձառու գեներալ ես, գնա էս ինչ բանի: Արտահերթ նիստ պետք է հրավիրեր, համաներման ակտ կիրառեր: Հայրենիք էր կորում, ոչինչ, հետո էդ մնացած հարցերը մեկ է, քննարկվելու են: Ամեն մեկը գար, միանար, իրա պահած միլիոններից էլ հաներ գործի համար: էն դրսի տղերքը, որ չեն կարում գալ, Ռուսաստանից, Արևմուտքից, էդ տղերքին էլ բերեինք, ուժեղացնեինք մեր բանակը կռվեինք: Բայց հիմա Նիկոլին մեղդրելու տեղն ու ժամը չի», — ասում է Այվազյանը:

Որպես կռված, պատերազմի առաջին օրից Արցախում  լուսացրած զինվորական, ինչ ես կարծում, ի՞նչ պետք է անել այս պահին, հիմա էլ հո չե՞ն կրսկում: Հարցին  Արթուրը պատասխանում է սթափ. «Չի կրակում էս երկու օրը, բայց թուրքին կարելի է հավատա՞լ ու վստահե՞լ: Խաղաղապահը գալու ա նստի մեր մեջտեղը, կողքի գյուղերը գալու են, տասնապատիկ, քսանապատիկ շատ թուրքեր նստեն, էդ գյուղերում մենք հիմա կարա՞նք թուրքերի հետ ապրենք: Խաղաղարարը ի՞նչ ա անելու: Թուրքը հեսա Մեղրիում կամրապնդվի, Սյունիքն ա ուզելու, էլի քածերի պես մտնելու եք կնանիքի փեշի տակ,  չկռվե՞ք: Բա ո՞վ ա պահելու էս հողը, թ՞ե ես եմ երազում մեռնելու մասին, սկի երեխա չունեմ: Ու էսօր, մարդիկ, թողել, գնացել եք փողոցները, Նիկոլ եք հանում, ո՞ւմ եք բերելու, էն հին անառակների՞ն եք բերելու, կապեք ջաններս: Հիմա այնպիսի վիճակ է, ես օբյեկտիվ եմ ասում: Էն գելերին նայի, ովքե՞ր են Հրապարակում: 

Հիմա դրա վախտը չի: Հիմա մտել են Շուշի, միզում են մեր խաչքարերի վրա, դո՞ւք եք հայ: Դուք ե՞ք տղեք:  Մտել են եկեղեցու խորանին են կեղտոտել, դո՞ւք եք հայրենասիրությունից խոսո՞ւմ: Բռնում են մեր զոհերի գլուխները կտրում, գնդակ են խաղում, դո՞ւք եք մարդ: Հայրենասեր եք խաղում, եկեք, կռվենք, ինչի՞ց եք խոսում, ի՞նչ իշխանափոխություն, ի՞նչ իշխանություն, թքեք ամեն ինչի վրա, զենքը առեք, եկեք, կռվենք, արա, հայրենիքը էսօր ա, հենց հիմա ա հայրենիքը»:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here